Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ Արցախի հարցը ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք պայմանագրում: Այդ մասին նա ասել է Մյունեխենում ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ապա այստեղ էլ մեր դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է: Մենք ցանկանում ենք, որ կարգավորումը հնարավորինս արագ տեղի ունենա: Եթե Հայաստանն իր մեջ ուժ և կամք գտնի, ապա ես համոզված եմ, որ կարճ ժամանակում հնարավոր է դրան հասնել»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է և բաց, իրենք «արդարության կողմնակիցներ են»: «Մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա, որպեսզի արտաքին ուժերը միջամտեն մեր ներքին գործերին: Ղարաբաղն Ադրբեջան է: Դա տեսնում և դրա մասին խոսում է ողջ աշխարհը»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ միջազգային գործընկերները գիտեն այն նպատակները, որոնց ձգտում է Ադրբեջանը: «Առաջին, որ Ղարաբաղի հարցը չներառվի միջազգային օրակարգում: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի ղարաբաղյան հարցը որևէ ձևով ներառվի այն խաղաղության պայմանագրում, որը կստորագրեն Ադրբեջանն ու Հայաստանը: Այդ մասին այսօր ես ասել եմ պարոն Բլինքենի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանը սահամանազատվի պատմական քարտեզների հիման վրա, և դրա մեջ կա պատմական տրամաբանություն: Մենք նաև ցանկանում ենք, որ Հայաստանը դադարեցնի տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ, և որ [հարաբերությունները] կարգավորվեն»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, դրան հակառակ, շատ դժվար է հասկանալ՝ ինչ է ուզում Հայաստանը: «Նրանք մեկ հայտարարում են, որ ոչ մի բան չեն մեկնաբանի Լաչին-Խանքենդի (Բերձոր-Ստեփանակերտ- խմբ.) ճանապարհի իրավիճակի վերաբերյալ, քանի որ դրա հետ որևէ կապ չունեն: Մեկ ասում են, որ ցանկանում են զբաղվել «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով»: Նրանք իրենց համար պետք է սահմանեն իրենց դիրքորոշումը և դա հասցնեն միջազգային գործընկերներին, եթե նրանք ունեն այդպիսի դիրքորոշում»,- ասել է նա:
Ըստ Ալիևի՝ Մյունխենում տեղի ունեցած պանելային քննարկումը ցույց տվեց, որ ոմանք չեն ցանկանում հաշտվել Հարավային Կովկասում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ: «Բայց նրանք ստիպած են հաշտվել նոր իրականության հետ, քանի որ մենք ապրում ենք իրական աշխարհում, գործընթացները մեր տարածաշրջանում պահանջում են նոր մոտեցումներ»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ