Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան․ «Բազմաթիվ հաջողակ տղամարդկանց թիկունքում կանգնած են բանիմաց, խելացի կանայք, որոնք կարող էին իրենք լինել առաջնորդ»

Փետրվար 18,2023 23:24

«Ապրելու» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ԿարդաLove գրքի փառատոնի շրջանակներում կայացավ «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» մատենաշարի ինտերակտիվ ներկայացումը եւ քննարկումը, որի ընթացքում գրքի համահեղինակներ Հասմիկ Սիմոնյանն ու Արմինե Դանիելյանը պատմեցին մատենաշարի սպասվող հաջորդ՝ «50 հայ կանայք, որ փոխեցին աշխարհը» հատորի հերոսուհիներին։

Գրքի համահեղինակները Aravot.am-ի հետ զրույցում ասացին․ «Մատենաշարի ամեն մի հատոր ունի հերոսների ընտրության իր սկզբունքները։ Առաջին հատորի դեպքում մենք ընտրել էինք տարբեր մասնագիտություններ ունեցող կանանց։ Հատկապես այն մասնագիտությունների, որոնց մասին, սովորաբար, ասում են, որ դրանք  փակ են կանանց համար։ Մեր ընտրած կանանց կերպարներն ապացուցում են, որ դրանք սխալ կարծրատիպեր են։ Օրինակ, նրանք հրաբխագետներ են, ճարտարապետներ, մաթեմատիկոսներ, օվկիանոսագետներ։ Սրանք համարվել են տղամարդկանց տիրույթներ։ Սակայն կանայք իրենց օրինակով ցույց են տալիս, որ դա սխալ կարծիք է։

Երբ խոսում ենք կնոջ մասին, սովորաբար, ասում ենք հեզություն, հայ կնոջ մասին՝ օջախի պահապան, ճրագ, բայց չենք մտածում, որ կանայք կարող են, օրինակ, լինել գիտական ոլորտի կարկառուն ներկայացուցիչ, անել այնպիսի հայտնագործություններ, որոնք իսկապես կփոխեն աշխարհը եւ մեր բոլորի կյանքը։ Մենք ունենք այդպիսի կանայք ու ներկայացնելու ենք նրանց, որոնց մասին խոսում է Բրիտանիկայի հանրագիտարանը, բայց մեզանում ոչ մի խոսք չկա, նրանց անունները լայն դիսկուրսում ոչ մի կերպ չեն շրջանառվում»։

«Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մանե Թանդիլյանը, անդրադառնալով հնչած մտքին, թե մենք մոռանում ենք աշխարհը փոխած հայ կանանց, ասաց․«Մենք աշխարհը փոխած հայ կանանց չենք մոռանում։ Մենք պարզապես նրանց մասին չգիտենք։ Ուզում եմ ասել, որ հեղինակները այս գրքով տեղյակ են պահել այն մարդկանց մասին, որոնց չգիտենք։ Բայց այդ մարդիկ կան եւ նրանք կանայք են։

Եվ մի խնդիր էլ։ Այս գրքի գոյությունը մեզ ժամանակ է տալիս այլեւս ժամանակ չվատնել՝ ապացուցելու, որ կանայք ինչ-որ բան կարող են։ Աղջիկները այս գրքի միջոցով օգնել են մեզ այդ հարցին պատասխանել եւ անցնել առաջ, ինչպես այս գրքի կանայք, ապրել մեր կյանքը եւ փորձել չզիջել դժվարություններին։ Նրանք պայքարել են առանց դրոշակակիր դառնալու եւ գոչել-գոռալու։ Նրանք հաղթահարել են այնպիսի դժվարություններ, որոնք մեզ հնարավորություն են տալիս շարժվել առաջ։

Ընդհանրապես, ոչ միայն կանայք, այլեւ հայ կանայք են շատ վաղուց բացել դռները մեծ հնարավորությունների համար։ Մասնավորապես, ընտրել-ընտրվելու իրավունքը։ Ես վստահ եմ, որ 50 հայ կանանց մասին գրքում կա պատմություն, երբ եվրոպական առաջադեմ երկրները պայքարում էին ընդհանրապես կանանց տարրական իրավունքների համար, մեր մոտ կանայք ընտրվում էին եւ ընտրում։ Մենք առաջիններից ենք։ Ես մեծ հպարտությամբ եմ տարբեր դահլիճներում ասում, որ կին պատգամավոր, դեսպան ենք ունեցել։ Ես առիթ եմ ունեցել Տոկիոյում պատմել, որ Ճապոնիայի առաջին կին դեսպանը հայուհի եղել։ Եվ դա ինձ համար մեծ հպարտություն էր։ Ուզում եմ նաեւ, որ Հասմիկի եւ Արմինեի աշխատանքը օգտագործենք՝ ինքներս մեզ ճանաչելու, եւ հնարավորություն տանք մեր ընկերներին, շրջապատին, հարգարժան տղամարդկանց՝ այս մասին իմանալ։ Որովհետեւ գրքեր գրում են տղամարդիկ եւ գրում են տղամարդկանց մասին։ Աղջիկները գրել են կանանց մասին։ Իսկ եթե տղամարդիկ էլ գիտեն կանանց մասին, սա մեզ բոլորիս օգնում է ավելի հեշտ ու արագ հաղթահարել տարբեր դժվարություններ։ Սա նաեւ օգնում է տղամարդկանց՝ հաղթահարելու կարծրատիպերը, որ կանայք կարող են եւ պայքարել են»։

Մանե Թանդիլյանը համաձայնեց դիտարկմանը, որ նմանատիպ քննարկումները նաեւ մարզերում կազմակերպելու անհրաժեշտություն կա, որտեղ կարծրատիպերն ավելի խորն ու տեսանելի են։ «Ես դրա ջատագովն եմ ու մեծ պաշտպանը, սակայն դրա մասին սովորաբար բարձրաձայն չեմ խոսում։ Պատրաստ եմ ինքս էլ կազմակերպել տարբեր առիթներով։ Այստեղ տեսնում եմ լավ բանախոսներ, որոնք կգան մեծ սիրով։ Ինքս վերջերս գնացել էի մի գյուղ, ուր կանայք ինձ հրավիրել էին եւ իրենք շատ էին, որովհետեւ տղամարդիկ այնտեղ չէին։ Շատ ճիշտ դիտարկում է եւ ես պատրաստ եմ սիրով միանալ»։

Հարց հնչեց, թե յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հետեւում կանգնած է բանիմաց կին։ Բայց արդյո՞ք կնոջ տեղը տղամարդու ետեւում է, որտե՞ղ է այդ խելացի, ուժեղ կնոջ դերը թե տղամարդու կյանքում, թե առհասարակ։ «Այո, բազմաթիվ հաջողակ եւ առաջնորդ տղամարդկանց թիկունքում կանգնած են բանիմաց, խելացի կանայք, որոնք կարող էին համապատասխան պարագայում իրենք լինել առաջնորդ։ Այդ պարագան հասարակության, շրջապատի աջակցությունն է, շրջապատի լուռ համաձայնությունը, եթե չասեմ՝ խրախուսանքը։ Տղամարդիկ ստանում են խրախուսանք ամեն օր։ Կանայք, եթե կխոսեն, խելացի միտք կասեն, հազվագյուտ կլսեն գովեստի խոսքեր։ Եվ շրջապատում էլ հազվագյուտ աջակցություն կստանան։ Ես գրեթե համոզված եմ, որ եթե կանայք նույնչափ խրախուսանք ստանան շրջապատից, ավելի շատ բանի են հասնելու, շատ ավելի տեսանելի են դառնալու եւ շատ ավելի են ցույց տալու, թե ինչի կարող է հասնել կինը, ինչի է ընդունակ կինը։ Եվ ես հիմա տեսնում եմ լուռ համաձայնություն, որովհետեւ բոլորդ էլ գիտեք, որ ձեր արածը չեն գնահատել։ Եվ այս առիթը օգտագործելով ուզում եմ ասել․ իրար խրախուսեք, լավ բաները մի մոռացեք իրար ասել, օգնեք ձեր ընկերուհիներին, քույրերին, մայրերին, որոնք ուզում են մի քիչ առաջ գնալ։ Դա շատ կարեւոր է եւ դա փոխադարձ է ու հետ է գալու»,-պատասխանեց տիկին Թանդիլյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728