Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներին Բերձորում չթույլատրեցին արգելափակոցից մի քայլ առաջ անցնել (ֆոտոշարք)

Փետրվար 18,2023 22:37

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, եւ Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, փետրվարի 18-ին փաստահավաք առաքելությամբ Սյունիքի մարզում էին։ Նրանց ուղեկցում էր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, հյուրերին դիմավորելով Նորավան բնակավայրում, նրանց ուղեկցեց Գորիս։ Համազեկուցողները նախ հանդիպեցին Բերձորի ճանապարհը փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։

«Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ, պարզելու՝ իրականում ի՞նչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում»,-ասաց Կիմմո Կիլյունենը՝ արցախցիներին հրավիրելով անկեղծ զրույցի։ Վերջինս նաեւ կես կատակ-կես լուրջ հորդորեց արցախցիներին հաշվի չառնեն, որ հանդիպմանը ներկա են Հայաստանի խորհրդարանի փոխնախագահն ու Սյունիքի մարզպետը։

«Ի՞նչ ասենք, ինչքան էլ այստեղ մենք մեզ այստեղ լավ ենք զգում, ամեն ինչ անում են՝ որ ոչ մի բանի պակաս չունենանք, բայց մենք մեր տունն ենք ուզում, մեր հարազատներն այնտեղ են»,-ասաց Սուրեն Պետրոսյանը։ «Եվրոպան, Ամերիկան, աշխարհը կոչ են անում բացել ճանապարհը։ Եթե կոչերը չեն օգնում, դիմեք այլ ճանապարհի։ Եթե դուք չեք կարող, ապա թույլ տվեք՝ մենք բացենք մեր ձեւերով»,-համազեկուցողներին դիմելով՝ ասաց Պետրոսյանը։

Տիկին Մարսելան նշեց, որ ինքը Մարտունիից է, հիմա ապրում է Ստեփանակերտում։ Երեք ամիս առաջ եկել է Հայաստան՝ բուժման նպատակով․իր խոսքով՝ «ստացել ճառագայթումը» եւ չի կարողացել մինչեւ օրս վերադառնալ հայրենի տուն։ «Մարտունեցի 2 հոգի մահացան այստեղ, ադրբեջանցիները չթողեցին դիակները տանեն իրենց գերեզմաններում թաղեն։ Բա դա շնո՞րհք է»,-նշեց տիկին Մարսելան։

Համազեկուցողները հետաքրքրվեցին, թե ինչպես են շփվում, կապը պահպանում Արցախում գտնվող հարազատների հետ։ «Միայն ինտերնետով, հեռախոսով, տեսնում ենք նրանց, կարոտներս առնում, բայց ինչքան էլ բլոկադա լինի, խանութներում ապրանքներ չլինեն, մենք մեր հայրենիքն ենք ուզում վերադառնալ։ Արցախը մեր համար հող չի միայն,մեր  հայրենիքն է»,-ասացին արցախցիները։

Կիմմո Կիլյունենն ու  Բորիանա Օբերգը արցախցիների հետ հանդիպումից հետո ցանկացան սեփական աչքով տեսնել, արդյո՞ք փակ է Արցախ տանող ճանապարհը։ Հասնելով  Բերձոր՝ նրանք ծառայություն իրականացնող ոստիկաններից փորձեցին թույլատրություն ստանալ ու շարժվել առաջ՝ դեպի Արցախ։ Սակայն արցախցի ոստիկանները նրանց արգելեցին։ «Ի՞նչ պիտի լինի, որ անցնեմ»,-հարցրեց պարոն Կիլյունենը։

«Ճանապարհը փակ է, արգելված է այստեղից առաջ շարժվել»,-պնդեցին ոստիկանները։ Համազեկուցողները  այդ պահին նկատեցին, որ ռուսական պետհամարանիշով մեկ ավտոմեքենայի թույլատրվեց անցնել։ «Ինչո՞ւ  բացեցիք  արգելափակոցը»,-հարցրին ԵԽԽՎ ներկայացուցիչները։ «Նրանք վերահսկում են ճանապարհը, ծառայում են, իրավունք ունեն»,-պատասխանեցին Արցախի ոստիկանները։

ԵԽԽՎ ներկայացուցիչներին ուղեկցում էին  նաեւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

ԵԽԽՎ համազեկուցողների այցի այլ մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728