Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական գործիչը ցանկացած լրագրողի ցանկացած սուր հարցի պետք է պատասխանի հանգիստ ու պարկեշտ»․ «Առերեսում»

Փետրվար 18,2023 22:00

«Մտահոգիչ են մնում լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեության խոչընդոտումների, արհամարհական ու վիրավորական պահվածքի դեպքերը որոշ պաշտոնյաների ու իրավապահների կողմից։ Դրանք որպես կանոն մնում են անհետևանք»․ սա մեկն է այն արձանագրումներից, որոնք արել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն»՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2022թ.-ի տարեկան զեկույցում։

Հայաստանյան մամուլի պատկերն արտացոլող այս զեկույցում նաեւ հետեւյալ արձանագրումը կա․ «Վերջին տարիներին ձեւավորվել է լրագրողների հետ շփվելու պաշտոնյաների՝ պատգամավորների, նախարարների գերակշիռ մասի արատավոր մշակույթ․ նրանք խուսափում են հարցերի պատասխանել, չեն հիմնավորում իրենց պահվածքը, եւ դա ուղեկցվում է անգամ վիրավորական, ժարգոնային բառապաշարով»։ 

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն արձագանքելով հարցին, թե նման գործելաոճն արդյոք նո՞ր է, թե հատուկ է նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքին, ասաց․ «Եթե իմ օրինակով փաստեմ, ապա նախկինում էլ են եղել նման դրսեւորումներ, բայց հիմա ատելության հրապարակային դրսեւորումներն ավելի շատ են։ Մեր մասնագիտական գործունեության սահմանափակումները սարսափելի են։ Նախկինում բերման էին ենթարկում, բայց հիմա ավելի վատ դրսեւորում կա՝ գաղտնալսում են։ Ես այն լրագրողն եմ, որը թիրախավորվել է «Մարտի 1»-ի գործով։ Ինձ թիրախավորել են այս իշխանությունները՝ գաղտնալսել են։ Դա ամենախայտառակ դրսեւորումն է։ Եթե նախկինները փորձել են բերման ենթարկել, ներկաները հասան այդ թվում ընտանիքիս։ Մեր լրատվամիջոցի հանդեպ նաեւ հարձակում եղավ։ Դրանք զգոնության կոչեր էին, բայց մենք ուղղակի հրապարակում էինք կատարել, որը հետաքրքրում էր հանրությանը»։

«Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն էլ նշեց, որ վիճելի է՝ նախկիննե՞րն էին ավելի լավ վերաբերվում լրագրողներին, թե ներկաները․ դա նույնն է, թե ասես՝ սո՞խն է քաղցր, թե սխտորը։ «Այս իշխանության օրոք ամեն ինչ թարմ է, դրա համար շատ ավելի ցավագին է ընդունվում, եւ դա նորմալ է։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա սահմանափակումները, ջարդուփշուրը չկա։ Սարի թաղի դեպքերը չկան։ Բայց զեկույցում մենք նշել ենք, որ ճնշումներն անհանդուրժելի են՝ անկախ տեսակից, որովհետեւ վնասակար են։ Խոսքի ազատության եւ լրատվամիջոցների գործունեության համար լավ իշխանություն չկա։ Ամեն իշխանության դեմ պետք է պայքարել, եթե բացահայտ եւ ոչ բացահայտ ճնշում է խոսքի ազատությունը»,-համոզմունք հայտնեց պարոն Մելիքյանը։

Մեկնաբանելով այն փաստը, որը պաշտոնյաների մի մասը միայն իր նախընտրելի ԶԼՄ-ների եթերներում է խոսում, Աշոտ Մելիքյանը նկատեց․ «Մարդու իրավունքն է որոշել ում հետ զրուցել, բայց քաղաքական գործիչն այլ է․ նրան որեւէ մեկը չի խնդրել մտնել հանրային դաշտ եւ ուշադրության արժանանալ։ Պաշտոնյան պետք է համակերպվի, որ ցանկացած լրագրող ցանկացած պահի կարող է սուր հարց տալ։ Ես համարում եմ, որ քաղաքական գործիչը ցանկացած լրագրողի ցանկացած սուր հարցի պետք է պատասխանի հանգիստ ու պարկեշտ։ Եթե դա չի անում, ուրեմն շուտ է մտել քաղաքական դաշտ, ուրեմն դա իր գործը չի, ուրեմն իրեն առաջնահերթ պետք է հետաքրքրեն սեփական նյարդերը կարգի բերելը եւ շփվելու ունակությունների ձեռքբերումը։ Հետո նոր կարելի է զբաղվել քաղաքականությամբ»։

Անդրադառնալով լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակման ամենացայտուն դեպքերին՝ Քնար Մանուկյանը նշեց․ «Վերջին տասը տարվա աշխատանքիս ընթացքում չեմ նկատել դեպք, երբ ազգային ժողովում սահմանափակեն այս կամ այն միջանցքով շարժվելու հնարավորությունը։ Կանգնում ենք մի միջանցքում, գալիս է, օրինակ, գլխավոր դատախազը, եւ փնտրում ես այն ճանապարհը, որով հնարավոր է նրան հանդիպել եւ հարցեր տալ։ Բոլոր ճանապարհները փակ են։ Ստիպված պաշտոնյանի հետեւից բաղվում ես՝ «կներեք, թույլ կտա՞ք առաջ գալ եւ հարց տալ»։ ԱԺ-ում երբեւէ նման սահմանափակում չի եղել։ Միշտ շրջել ենք պատգամավորների աշխատասենյակներով եւ հրապարակումներ պատրաստել։ Եթե պատգամավորը չի ցանկանում խոսել, դա իր ընտրությունն է»։

Աշոտ Մելիքյանն էլ հավելեց՝ երբ ազգային ժողովում նման սահմանափակումներ մտցվեցին, ապշել էր․ «Ընդ որում, այդ սահմանափակումները մտցվեցին այն ժամանակ, երբ որոշում չկար։ Այսինքն, մեկ անձի որոշման արդյունք էր դա։ Հետո միայն խորհրդի նիստ արեցին եւ որոշումն ընդունեցին։ Սա կոնկրետ սահմանափակում էր այս իշխանության կողմից, որը նախկինում չէր արվել»։

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ առաջարկվում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, ՀՀ տարածքում արգելափակել ինտերնետային հավելվածների եւ կայքերի, սոցցանցերի գործողությունը եւ այլն։ Ժողովրդավարությունը որպես բրենդ հռչակած իշխանության պատգամավորներից Զարուհի Բաթոյանն օրինակ, ասում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ականատես եղանք, որ լրագրողները տարածում են բովանդակություն, որը պետական անվտանգության խնդիրներ կարող է առաջացնել։

Արդյոք այս մտահոգությունը տեղի՞ն է՝ հարցին Քնար Մանուկյանը պատասխանում է․ «Անհիմն են մտահոգությունները։ Լրագրողներին մշտապես մեղադրում են եւ նրանց մեջ դավաճաններ փնտրում։ Լրագրողները դիմում են պետական մարմնին, եւ չեն պատասխանում՝ պետական գաղտնիքի անվան տան։ Թող տիկին Բաթոյանը չմեղադրի լրագրողներին։ Մենք ունենք էթիկայի կանոններ՝ պատերազմի ժամանակ աշխատելու ընթացքում։ Ստացվում է, որ եթե խնդիր ես բարձրաձայնում, էլի լրագրողներն են մեղավոր»։

Աշոտ Մելիքյանը փոքր-ինչ չհամաձայնեց․ «Եղել են նման հրապարակումներ, որոնք նաեւ մարդկային կյանքերի գին են ունեցել։ Որոշ հրապարակումներ ունեցել են նաեւ միտումնավոր բնույթ՝ իրավիճակն ընդդեմ իշխանության օգտագործելու համար։ Երկրորդ խնդիրն այն է, որ իշխանությունը կամայականություններ է արել՝ թաքնվելով պետական գաղտնիքի անվան տակ։ Այո, ռազմական դրության ժամանակ եղել են վտանգավոր հրապարակումներ, բայց ոստիկանը որքան էլ խելացի լինի՝ չի կարող որոշել, թե հրապարակումը խուճապ առաջացնո՞ւմ է, թե ոչ։ Այ այս խնդրի դեմ է մեր պայքարը»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728