Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս տեղի է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան, ինչը երկկողմ հարաբերություններում ունի պատմական նշանակություն: Վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Խորվաթիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը ևս շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:
Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Կարդացեք նաև
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանն արգելափակել է նաև էլեկտրամատակարարումը, լուրջ խնդիրներ են առկա գազի մատակարարման հետ կապված: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս ամենն առաջացնում է ոչ միայն հումանիտար, այլ նաև բնապահպանական ճգնաժամ: Խնդրի լուծման հարցում վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական ու հետևողական արձագանքը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը Խորվաթիայի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ