Աշխատանքի տոնավաճառում առավոտվանից մարդաշատ է: Ակնկալվում է, որ օրվա ընթացքում եռուզեռը էլ ավելի կմեծանա: Մարդիկ մոտենում են գործատու կազմակերպությունների սեղաններին հետաքրքրվում նրանց գործունեությամբ, ծանոթանում են, զրուցում, մտքեր փոխանակում:
«Մենք միջազգային կազմակերպություն ենք եւ արդեն 25 տարի է, ինչ շուկայում կանք: Հիմնականում տարբեր խոշոր կազմակերպությունների հետ զբաղվում ենք ծրագրավորման ծառայությունների մատուցումով: Մեր մատուցած ծառայությունները շատ տարբեր են: Մասնագիտությունից կախված 10+ թափուր հաստիքներ ունենք: Բայց հաստիքները մշտապես թարմացվում են: Դրանք հրապարակում ենք մեր կազմակերպության էջում: Ընդ որում, քանի որ մեր գործունեության ընդգրկման շրջանակները՝ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը, գնալով մեծանում են, աշխատատեղերն էլ ավելանում են:
Աշխատանքի այս տոնավաճառում մեզանով հետաքրքրվող արդեն բավականաչափ մարդիկ կան եւ հոսքը շարունակվում է: Ընտրություն անելու ժամանակ կա: Մենք նրանց տվյալները գրանցում ենք: այնպես որ, անհրաժեշտության դեպքում նրանց հետ կապ հաստատելը դժվար չի լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց DataArt ընկերության հավաքագրման մասնագետ Մերին:
Կարդացեք նաև
Զրուցեցինք նաեւ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Պոլինայի հետ․ «Ես Մոսկվայից եմ: Երեւան եկել եմ հունվարի վերջին: «Հետաքրքիր ու ողջունելի նախաձեռնություն է: Առաջարկները շատ են եւ միանգամից կողմնորոշվելը դժվար է: Կազմակերպություններից մեկին իմ մոտ նշել եմ որպես առաջնային: Ասացին, որ իմ մասնագիտացմամբ մարդկանց կարիք ունեն: Տվյալներս վերցրել են: Հուսով եմ, լավ կլինի»,- ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ