Լրահոս
Օրվա լրահոսը

Բյորն Բերգե. Հայաստանի հետ համագործակցությունը Եվրոպայի խորհուրդը դրական է գնահատում

Փետրվար 18,2023 11:56

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, ԵԽ այլ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկը և ընդգծել՝ նախարարությունն ակտիվորեն ներգրավված է ԵԽ մի շարք հարթակներում, ինչը բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն է տալիս կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ տարբեր փաստաթղթերի վավերացմամբ ստանձնել է նաև ոլորտային պատասխանատվություն՝ իրականացնելու որոշակի աշխատանքներ և վերահաստատել է դրանց շարունակականության ապահովման մտադրությունը, ինչպես նաև հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին:

«Գտնվում ենք հանրակրթության բարեփոխումների ակտիվ փուլում: Մարդու իրավունքների շուրջ իրազեկվածության բարձրացումը, իրավական կրթությունը մեր առաջնահերթություններից են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախորդ տարեվերջին ընդունվել է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որտեղ շեշտադրված են ոլորտի կարևոր խնդիրները: Նախարարը շեշտել է, որ նոր ծրագրի շրջանակում կրթության առաջընթաց է նախանշվում մի շարք ուղղություններով:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրոպայի խորհրդի 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը բազմաշերտ է և համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում: Բյորն Բերգեն ընդգծել է՝ Հայաստանն իր պատմությամբ և մշակույթով, հայ հասարակությունն իր արժեհամակարգով եվրոպական ընտանիքի մասն են, իսկ Հայաստանի հետ համագործակցությունը և այն առաջընթացը, որն արդեն իսկ ձեռք է բերվել մի շարք ոլորտներում, Եվրոպայի խորհուրդը դրական է գնահատում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԵԽ գործընկերներին է ներկայացրել նախարարության համակարգմամբ առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները` նշելով, որ այժմ քննարկվում են մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները։

Մասնավորապես սպորտի ոլորտում գլխավոր նպատակներ են սահմանվել ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ, Հայաստանը դարձնել բարձր նվաճումների երկիր, բարձրացնել համակարգի կառավարումը և ինստիտուցիոնալ արդյունավետությունը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև սպորտի զարգացմանն ուղղված փաստաթղթերում եվրոպական արժեքների և առաջադեմ փորձի արտացոլումը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ Հայաստանը համաշխարհային սպորտային քարտեզում ավելի նկատելի դարձնելու ուղղությամբ:

Ընդգծվել է մասնավորապես սպորտում ազնիվ խաղի դրսևորումների, տարբեր մարզաձևերում կանանց ներգրավվածության բարձրացման, ինչպես նաև դոպինգի դեմ պայքարի շրջանակում իրականացվելիք գործողությունների կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարված փոփոխություններով՝ արդեն իսկ հստակեցվել են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը՝ մեր երկրում գործող օրենսդրությունը միջազգային և ներպետական իրավունքի նորմերին համապատասխանեցնելու նպատակով:

ԿԳՄՍ նախարարը, անդրադառնալով մշակութային համագործակցության ընդլայնմանը, կարևորել է ԵԽ մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի հարցերով ղեկավար կոմիտեի հետ համատեղ աշխատանքը:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը եվրոպացի գործընկերներին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի առնչությամբ:

ԿԳՄՍ նախարարը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին ու հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման ուղղությամբ:

Նախարարն ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ։

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ վերահաստատելով, որ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրով ընդլայնվում են համագործակցության ոլորտները:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728