Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրաշահումներն» ավելի վտանգավոր են, քան սպառնալիքները. «Փաստ»

Փետրվար 18,2023 11:22

Իրականում Հայաստանի օժանդակությունն ավելի շատ մարդասիրական ժեստ էր, ու դժվար է կարծել, թե այն կարող է լուրջ արտաքին քաղաքական հետևանքներ ունենալ։ Այդ իրողության մասին է վկայում նաև ցավակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիա կատարած այցը։ Ի դեպ, ուշագրավ է,որ Անկարայի օդանավակայանում Արարատ Միրզոյանին և նրան ուղեկցող հայ պաշտոնյաներին դիմավորեց ոչ թե Թուրքիայի արտգործնախարարը, այլ Թուրքիայի կրթության նախարարը և հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Եվ իսկույն լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց այն փաստը, որ, ի տարբերություն Հայաստանի արտգործնախարարի, Թուրքիայի իշխանությունների կողմից Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ավելի բարձր ընդունելության արժանացավ։ Դենդիասին դիմավորեց անձամբ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն, որը նրան ուղեկցեց աղետի գոտում բոլոր կանգառների ժամանակ։ Հետաքրքրական է, որ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ ձեռք բերված, կարելի է ասել, միակ պայմանավորվածությունը վերաբերում է համատեղ ջանքերով Անիի կամուրջի վերականգնմանը, բայց այս թեման Թուրքիայի համար նորություն չէ։

Անիի կամուրջի վերակառուցման հարցը Թուրքիայում շրջանառվում է դեռևս 2010 թվականից։ Իսկ 2020 թվականին Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախկին նախարար, Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը հայտարարել էր, թե Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայթուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, ապա պետք է նշել, որ Չավուշօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կրկին կապեց Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հետ։ Պատահական չեն նրա խոսքերը, որ եթե 3 երկրներն անկեղծ քայլեր անեն, Հարավային Կովկասում հաստատուն խաղաղություն կհաստատվի։ Իսկ սա նշանակում է, որ թուրքական նախապայմանները ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել, և մինչև Հայաստանը խաղաղության պայմանագիր չկնքի ու զիջումներ չանի Ադրբեջանին, ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի։

Իսկ մի՞թե որոշ մարդիկ կարծում էին, թե «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող Չավուշօղլուն և թուրքերի հակահայկական քաղաքականությունը Հայաստանի ուղարկած օգնությունից ու Արարատ Միրզոյանի այցից հետո փոխվելու են։ Արդյոք Անկարան հրաժարվե՞լ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, իհարկե՝ ոչ, քանի որ հենց իր դրդմամբ է, որ Ադրբեջանը, զանց առնելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, միջանցք է պահանջում Հայաստանից։ Մյուս կողմից էլ՝ հարմար առիթ էր, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած հումանիտար աղետի ֆոնին այդ երկրի կառավարող շրջանակների առաջ բարձրացվեր Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացման հարցը։ Եվ Թուրքիայի կողմից մեկ զանգը կարող էր բավարար լինել, որ Ադրբեջանը որոշակիորեն վերանայման ենթարկի իր դիրքորոշումը։ Բայց դրա մասին խոսք անգամ չգնաց։ Գուցե ասեք, թե այդ դեպքում ինչի՞ համար էին Թուրքիայի կողմից Հայաստանին հայտնած շնորհակալությունները ու, այսպես ասած, «փայփայող» խոսքերը։

Դրանով Հայաստանի համար թուրքական վտանգը որևէ կերպ չի նվազում, դեռ ավելին՝ մենք պատմական փորձով համոզվել ենք, որ Թուրքիայի կողմից «սիրաշահումներն» ավելի վտանգավոր են, քան սպառնալիքները։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728