Հայաստանը, ինչպես հայտարարեցին իշխանությունները, ավարտել է խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները: Զուգահեռ հայտարարել են նաև, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացն արագացնելու որոշում կա: Կառավարության նիստի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պատրաստ է կրել խաղաղության պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը:
«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ թեմաներին՝ դիտարկելով առկա իրողությունները: Փորձագետը խոսեց նախ խաղաղության պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը կրելու խոստման մասին: «Խոսելը հեշտ է, բայց Նիկոլ Փաշինյանն իրականում երբեք ոչնչի համար պատասխանատվություն չի կրել: Նա երբեմն նման հայտարարություններ է անում, բայց երբ պատասխանատվություն կրելու ժամանակն է գալիս, մարդկանց խաբելու համար լայնածավալ քարոզչություն է սկսում իրականացնել: Երբ ինչ-որ գյուղ կամ տարածք է հանձնում, մարդկանց ուշադրությունը կարող է շեղել՝ հիշելով, օրինակ՝ «Կուկուռուզնիկի» նախկին շենքը: Այնպես որ, պատասխանատվության մասին հերթական ելույթը պարզապես դատարկախոսություն է, մարդկանց խաբելու հերթական միջոցը, որ մեղմացնի մարդկանց ընկալումը, ցույց տա, թե իբր գործ ունենք ոչ թե անդառնալի, այլ շրջելի գործընթացի հետ: Իսկ իրականում իր քաղաքականության նպատակը հայկական Արցախը վերացնելն է, ինչը բազմիցս է ապացուցել: Փաշինյանն իրականում միայն մի հարցում է արհեստավարժ՝ խոսելու: Նա արհեստավարժ խոսում է, մարդկանց մոլորեցնում է, բայց խոսքերի հետևում որևէ բովանդակություն չկա: Այս խոսքերը միայն ժողովրդին խաբելու գործիք են, որպեսզի կարողանա իր ծրագիրն իրականացնել: Ես բացարձակապես չեմ կիսում այն կարծիքը, թե Փաշինյանի նպատակն իր իշխանությունը պահելն է: Իհարկե, այդ նպատակն էլ ունի, բայց գլխավորը իր քաղաքականությունն ավարտին հասցնելն է, այդ թվում՝ Հայաստանին ինքնիշխանությունից զրկելը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայելյանը:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, նա շեշտեց. «Ավելի վաղ Ալիևն առաջ բերեց 5 կետանոց պլան, որի վրա պետք է կառուցված լիներ խաղաղության պայմանագիրը: Այնտեղ հիմնականում երեք դրույթ կար, որոնք բերում էին մեկ ընդհանուր կետի, ըստ որի՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից: Հետո Փաշինյանը 6 կետանոց տեքստ առաջ բերեց՝ ներկայացնելով այնպես, թե Հայաստանն ուրիշ կարծիք ունի: Հետո «վաշինգտոնյան» փաստաթղթի արտահոսք եղավ, այնուհետև հրապարակվեց Սոչիի հայտարարությունը, որոնք ևս վկայեցին այն մասին, որ գործընթացն Ադրբեջանի օրակարգով է ընթանալու: Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը կա՛մ չի ցանկանում ոչ միայն Արցախի, այլ, առհասարակ, բոլոր վիճելի թեմաների շուրջ վիճել, կա՛մ էլ նման քաղաքականություն իրականացնելու ունակություն չունի: Ես կարծում եմ՝ ցանկություն չունի, որովհետև հակառակ դեպքում պարզ է, թե ինչպիսի արտաքին ու անվտանգային քաղաքականություն պետք է իրականացվի, մինչդեռ այդ ուղղություններով ոչինչ չի արվում, իսկ հայտարարություններով թոզ փչել միշտ էլ հնարավոր է: Ընդհանուր առմամբ, հնարավոր «խաղաղության պայմանագիրն» արդեն Հայաստանի ամփոփ, ամբողջական կապիտուլյացիան է լինելու:
Ավելին, այն միգուցե ավելի ծանր լինի, քան առաջինն էր. այս դեպքում արցախահայությունը ստիպված է լինելու զրկվել տներից: Եթե առաջինը եղել է ազգային նսեմացում, երկրորդով արդեն քաղաքական և ինստիտուցիոնալ առումով ամրագրվելու է, որ Հայաստանն այլևս ունակ չէ և չի կարող սուվերեն քաղաքականություն ունենալ: Այսպիսով, Փաշինյանն ուզում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից՝ անընդհատ խոսելով ինքնիշխանության մասին: Հայաստանին զրկում են ինքնիշխանությունից՝ կախյալ դարձնելով Թուրքիայից: Հայաստանն այդպիսով կդառնա Արևմուտք-Արևելք տնտեսական գոտու մաս, Հայաստանն օղակ է լինելու: Այս ամբողջ քաղաքականության իմաստը սա է, որտեղ ՀՀ-ն ու Արցախն ընդամենը խոչընդոտ են դիտարկվում: Իսկ Փաշինյանն ընդունում է մեր ոչ բարեկամ երկրների ծրագրի համատեքստը ու գնում է նրանց թելադրած պայմանների ճանապարհով՝ Հայաստանին զրկելով ինքնիշխանությունից: Փաշինյանը գիտի, որ մարսել է առաջին կապիտուլյացիան, և հիմա մտածում է, որ կմարսի նաև խաղաղության պայմանագիր կոչվածը»:
Կարդացեք նաև
Հրանտ Միքայելյանը նկատեց՝ երբ Փաշինյանը գիտակցելով հայտարարում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ցեղասպանություն իրականացնելն է, բայց նշվածի դեմ որևէ քաղաքականություն չի վարում, երկու խնդիր կարող է լինել: «Ուրեմն, կա՛մ նրա համար այդ գինն ընդունելի է, կա՛մ իր նպատակն էլ է դա: Եթե որևէ մեկը մտածում է, թե «խաղաղության պայմանագրով» ուղղակի ամրագրվելու է խաղաղությունը, սխալվում է: Եվ ես չեմ կարծում, որ Փաշինյանը կարող է մտածել, թե այդպիսով խաղաղություն է ամրագրվելու: Ոչ: Նա տիրապետում է իրականությանը, բանակցային գործընթացին ու արտաքին քաղաքական իրողություններին: Բացառվում է, որ չպատկերացնի, սխալվի, ինչի մասին հաճախ են ասում՝ այդպիսով արդարացնելով նրան: Նա հստակ քաղաքականություն է իրականացնում: Եթե Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը ցեղասպանությունն է, ապա պետք է ընդդիմանալ նշվածին: Երբ չես ընդդիմանում ու Արցախի փոխարեն հումանիտար օգնություն ես ուղարկում Թուրքիայի կողմից վերահսկվող Կիլիկիայի տարածքներ, ապա, իհարկե, քաղաքականության վեկտորը սրանով ակնհայտ է երևում: Այստեղ խնդիրն օգնություն տրամադրել – չտրամադրելը չէ: Սա ո՛չ վատ է, ո՛չ լավ: Այստեղ հարցն այն է, թե ինչ նպատակով է դա իրականացվում. հիմքում Հայաստանին ցանկացած գնով «Արևմուտք-Արևելք» գծի մեջ մտցնելու քաղաքականությունն է: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ հայկական շահը հաշվի առնելով են այս քայլերին գնում, որ որոշակիորեն մեղմացնեն Թուրքիայի ագրեսիվ մոտեցումները, ապա անգամ այդ տեսանկյունից է կոպիտ սխալ. խաղաղություն մուրալը երբեք որևէ օգուտ չի տվել»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։