Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շալյապինի անվան փառատոնի «Գրան պրին»՝ կոնսերվատորիայի ուսանողին

Փետրվար 18,2023 12:30

Բացի մրցանակից՝ Աննա Խաչատրյանը ստացել է նաեւ Կոմպոզիտորների միության ամառային ծրագրերից մեկին մասնակցելու համերգային առաջարկ

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող, ակադեմիական երգեցողության ամբիոնի դոցենտ Լիաննա Վարդանյանի սան Աննա Խաչատրյանն արժանացել է Ֆ. Շալյապինի անվան երիտասարդ վոկալիստների 12-րդ միջազգային փառատոնի «մեներգեցողություն» անվանակարգի «Գրան պրի» մրցանակին։

Փառատոնը տեղի է ունեցել Մոսկվայում, փետրվարի 6-12-ը։ Երբ կազմակերպիչն իմացել էր, որ մեր արցախցի ուսանողը պատրաստվում է հայտ ներկայացնել, ստեղծեցին բոլոր հնարավորությունները, որպեսզի Աննա Խաչատրյանը հասնի ու նրա ձայնը լսի մրցույթի հանձնաժողովի նախագահը՝ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի եւ Գ. Վիշնեւսկայայի օպերային երգեցողության կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Լոշակը: Մրցույթին ամեն կատարումից հետո հանձնաժողովի անդամները ծափերով էին արձագանքում ու արտահայտում իրենց հիացմունքը: Աննա Խաչատրյանը երգեց Մյուզետայի արիան Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերայից, Սերգեյ Ռախմանինովի «Весенние воды» ռոմանսը եւ Կոմիտասի «Կռունկ»-ը։ Այս «Գրան պրի»-ն մեր կոնսերվատորիայի, մասնագիտական դասարանի ղեկավարի ու Մարտակերտում ապրող ընտանիքի ուրախությունն ու ջանքերի մի հանրագումար է:

Աննան փոքրուց է բեմ սիրել՝ երգել, պարել, «դերասանություն արել»: Մեծանում էր մայրիկի ու մորաքույրների՝ եկեղեցում երգեցողությունը լսելու ուրախությամբ, մի քանի տարի անց նրա մրցութային առաջին հաջողությունը կլինի հենց հոգեւոր երաժշտությամբ։ Իսկ մինչ այդ ծնողները դստեր ապագան տեսնում էին բժշկի մասնագիտությամբ, ինչը շատ լուրջ պատճառ էր, որ մինչեւ 9 տարեկան հետաձգում էին իրականացնել զավակի երաժշտական դպրոց տանելու մեծ փափագը: Երբ Աննան համոզեց ու հաղթեց, իր աշակերտական օրերը սիրում էր անցկացնել շատ ցանկալի պատերի ներսում. փախնում էր հանրակրթական դպրոցից ու առանց որեւէ հոգնության երգում էր մեծերի հետ: Մարտակերտի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում առաջին ուսուցչի՝ Նանարա Բաբայանի ղեկավարությամբ 2012 թվականին Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթում արժանացավ հոգեւոր երգի լավագույն կատարողի մրցանակին: Գյումրին հարազատ ու կարեւոր քաղաք է դառնալու Աննայի համար. իր կյանքի առաջին մրցույթը, առաջին մրցանակն ու օպերային ներկայացման արտիստի առաջին կատարումը այս քաղաքի հետ էր առնչվելու։ Աննա Խաչատրյանը կոնսերվատորիա ընդունվել էր միանգամից դպրոցից հետո, ինչը  տարիքի ու վոկալ հմտությունների առումով համարվում է բավականին վաղ, բայց արցախցու աննկուն կամքով եւ ուսումնական գերունակ արդյունքներով լուրջ առաջադիմություն ցույց տվեց առաջին իսկ կիսամյակից։ Իհարկե, որոշիչ է նրա մասնագիտության դասախոսի՝ Լիաննա Վարդանյանի մակավարժական ու կատարողական ամուր դպրոցի փորձված ու արդյունավետ մեթոդիկան։

Կոնսերվատորիական տարիներին Աննա Խաչատրյանը մասնակցել է «Վերածնունդ» եւ «Art Generation» միջազգային մրցույթներին՝ արժանանալով առաջին մրցանակի։ 2018 թվականին հաղթել է Իսպանիայում «Chorus Inside» միջազգային մրցույթում եւ, որպես ամենատաղանդավոր մասնակից, հանձնաժողովի անդամներից ստացել է հատուկ մրցանակ։  2021 թվականին Գյումրիում բեմադրված Հենրի Փյորսելի «Դիդոնա եւ Էնեաս» օպերայում հանդես է եկել «հոգի»-ի դերերգով, դիրիժոր՝ Ստեֆանո Ինտրիերի (Ֆրանսիա)։ 2022 թվականին մասնակցել է Մարիա Կալասի անվան վոկալիստների միջազգային մրցույթին, որը համավարակի պատճառով այդ տարի օնլայն ձեւաչափով էր անցկացվում։ Մեր ուսանողը 120 մասնակիցներից եզրափակիչ հասած 12 թեկնածուներից մեկն էր։

Ֆյոդոր Շալյապինի անվան երիտասարդ վոկալիստների 12-րդ միջազգային փառատոնը նվիրված էր ականավոր արվեստագետի ծննդյան 150-ամյակին եւ ուներ «Նրա երազանքի ժառագները» խորագիրը։ Կարող ենք ասել, որ Աննա Խաչատրյանն իր հաղթանակով մեծագույն արտիստի պատգամի շարունակողը դարձավ, իսկ փառատոնի հանձնաժողովի անդամները նրան խորհուրդ տվեցին մասնակցել տարբեր մրցույթների, դիմել երիտասարդական ծրագրերին։ Բացի այդ, Աննա Խաչատրյանը ստացել է նաեւ Կոմպոզիտորների միության ամառային ծրագրերից մեկին մասնակցելու համերգային առաջարկ։

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հանրային կապերի բաժին

«Առավոտ» օրաթերթ
17.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728