Օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանն ու Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը (լուսանկարում) կնքել են համագործակցության հուշագիր։
Ընթացիկ տարին հոբելյանական է հիշյալ կառույցների համար. «Արամ Խաչատրյան» համերգասրահը 70-ամյա է, Ազգային արխիվը՝ 100։
«Առավոտի» հետ զրույցում Նորայր Նազարյանը նախ հիշեցրեց, որ ֆիլհարմոնիկ նվագախմբի 2023-24թթ. համերգաշրջանը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին, հետո հայտնեց հետեւյալը. «Հոբելյանների շրջանակում մեր կառույցները սերտ կհամագործակցեն՝ ներդնելով մասնագիտական, մարդկային եւ տեխնիկական ներուժը ի նպաստ մեր երկրի երկու կարեւորագույն՝ մշակութային ու գիտական հաստատությունների գործունեության հանրահռչակման իրադարձությունների լուսաբանմանը։ Կկազմակերպվեն համատեղ գիտական ու մշակութային միջոցառումներ, ցուցադրություններ եւ այլն։ Ֆիլհարմոնիկ նվագախումբն իր Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մեկ համերգ կնվիրի Ազգային արխիվի հոբելյանին»։
Համերգասրահը, որի շենքը նաեւ պատմամշակութային հուշարձան է, գոյության 70 տարիների ընթացքում վերանորոգվել է ընդամենը երկու անգամ՝ 1980-83թթ. եւ 2003թ.։ Առաջին անգամ շենքը լիովին վերակառուցվել ու նորոգվել է, բեմը վերազինվել է ժամանակակից հարմարանքներով, տեղադրվել են 1400 նոր բազկաթոռներ։ Իսկ երկրորդ անգամ «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ շենքի ճեմասրահն ու բեմը կրկին վերանորոգվել են, սակայն բազկաթոռները չեն փոխվել։ Մեր դիտարկմամբ՝ շուրջ մեկ ամիս է՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի վարչական մասում, չխաթարելով դահլիճի գործունեությունը, ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Տնօրենից հետաքրքրվեցինք՝ վերանորոգումը հիմնովի՞ն է, թե՞ կոսմետիկ բնույթ է կրում։ «Համերգասրահում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հավանաբար նկատել եք, որ դա չի խանգարում մեզ մոտ անցկացվող համերգներին եւ տարբեր միջոցառումներին։ Հիմնանորոգում բառը հենց այնպես չհնչեցրի, այն ներառում է շինարարական աշխատանքներից մինչեւ բազկաթոռների վերանորոգում։ Վերջինս կկատարվի աստիճանաբար։ Աշխատանքների վերջնական ավարտը նախատեսված է տարեվերջին։ Մեր նպատակն է ապահովել հանդիսատեսի հարմարավետությունն ու, իհարկե՝ համերգասրահի գեղագիտական տեսքը։ Մեծանուն Արամ Խաչատրյանի ծննդյան հոբելյանի առիթով հյուրերի էլ ավելի մեծ հոսք է սպասվում արտասահմանից։ Բնականաբար, միջոցառումների մեծ մասը տեղի կունենա այստեղ՝ կոմպոզիտորի անունը կրող մեր երկրի գլխավոր համերգասրահում»,- ասաց պարոն Նազարյանը։
Կարդացեք նաև
Մեր զրուցակցին փոխանցեցինք վերջին տարիներին հանդիսատեսից հաճախ լսած հետեւյալ միտքը՝ տարիներ շարունակ չի գործում բուֆետը, որտեղ կարելի էր մեկ գավաթ սուրճի շուրջ մշակութային կարծիքներ փոխանակել։ Այս առիթով պարոն Նազարյանը մեզ ուղեկցեց ներքնահարկ, որտեղ նախկինում գործել է բուֆետը, այդտեղ են հանդերձարանը եւ այլն։ Ցույց տալով բուֆետի նախագիծը եւ կիսելով հանդիսատեսի մտահոգությունը, տնօրենն ասաց, որ նախկին բուֆետը, որը ունենալու է կաֆետերիա կամ այլ անուն, կսկսի գործել մինչեւ տարեվերջ։ Հավելեց նաեւ, որ Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ պայմանավորվածություն ունեն այն մասին, որ հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո համերգասրահում կհանգրվանեն խաչատրյանական որոշ էքսպոնատներ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2023