Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է վերջ դնել «պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» արատավոր սկզբունքին

Փետրվար 18,2023 13:30

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած աննախադեպ ողբերգության դեպքով ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրի 532 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը):

Դեպքի համառոտ նկարագիրը

Հունվարի 19-ին, առավոտյան, ՀՀ կառավարության նիստում վարչապետը հայտնել է. «5 լիտրանոց տարայով- կրկին եմ ասում, նախնական, քննությունը մնացածը կպարզի- փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ հետո արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել ա զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք, բնականաբար, կամ մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ, այդ իրավիճակում, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել… Պիտի արձանագրեմ, որ մենք պարզեցինք հետեւյալը, չնայած պարզելու շատ բան էլ չկար»:

Զոհված զինծառայողների հարազատները հակադարձելով հիշյալ հաղորդմանը, պատճառաբանել են, որ զինվորներին կյանքից զրկել են կանխամտածված կամ դիտավորությամբ:

Քննարկենք Քրեական օրենսգրքի 532 հոդվածի քրեաիրավական էությունը եւ փորձենք պարզաբանել, թե որ դեպքում է առաջանում տվյալ հանցագործության կազմը

Հանցագործության անմիջական օբյեկտը համարվում է զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի, ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները: Այդ կանոնների պահանջները ամրագրված են եւ կարգավորվում են համապատասխան նորմատիվ ակտերով, օրենքներով, հրահանգներով, հրամաններով եւ այլն: Ըստ այդմ, զենք համարվում են.

ՀՀ զինված ուժերում եւ այլ ռազմական զորամիավորումներում հաշվեցուցակային, տաբելային, հրաձգային, հրանոթային, հրթիռային եւ այլ զենքերը: Իսկ սառը զենքերը ազդանշանային, շինարարական, ելընթացային, ատրճանակները եւ այլ կրակող սարքերը, որոնք նախատեսված չեն կենդանի ուժի ոչնչացման համար, այդպիսիք չեն համարվում 532 հոդվածի առարկա եւ այլ հանցակազմ են առաջացնում:

Զինամթերք համարվում են մարտական պարկուճները, արկերը, ռումբերը եւ այլ սարքերը, որոնք նախատեսված են պայթյուն եւ կրակ առաջացնելու համար:

Իսկ նմանատիպ այն սարքերը, որոնք մարտական չեն, եւ օժանդակող նշանակություն ունեն, օրինակ, ուսումնական եւ դատարկ պարկուճները եւ այլն, նույնպես 532 հոդվածի առարկա չեն համարվում: Ռադիոակտիվ համարվում են ուրանը, ռադին եւ այլն: Պայթուցիկ նյութեր են համարվում վառոդը, պրոտիլը, դինամիտը եւ այլն: Այլ գույք, որոնք շրջապատի համար առավել վտանգ են ներկայացնում, համարվում են թունավոր, այրիչ նյութեր եւ այլն:

Հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներն են մարդու առողջությանը վնաս պատճառումը, զինվորական տեխնիկայի ոչնչացումը, եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելը: Հանցագործությունը համարվում է ավարտված՝ հոդվածում նշված որեւէ հետեւանքների առաջանալու պահից:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է անզգուշությամբ, թեթեւամտության եւ անփութության ձեւերով: Հանցագործության սուբյեկտ կարող են լինել զինծառայողները, որոնց զենքը, ռազմամթերքը, այլ առարկաները, գույքը եւ այլն, հանձնվել է ծառայողական օգտագործման համար:

Դիտարկենք զինվորական կացարանի վիճակը

Ըստ լրատվամիջոցների, Ազատ գյուղում զինվորական կացարանը տեղակայվել է 2021թ. մայիսի 16-ից: Այն բաղկացած է եղել նախասենյակից եւ երկու սենյակներից, որոնք ծառայել են որպես զինանոց եւ ննջասենյակ: Կացարանը կառուցված է քարից, նրա պատուհաններին տեղադրված էին մետաղյա ճաղեր: Կացարանը պահեստային ելքեր չի ունեցել: Կացարանը ջեռուցելու համար առանձին եւ համապատասխան հանգույցներով հնոցատուն չի եղել, այլ ջեռուցվել է փայտե վառարանի միջոցով, որը դրված է եղել նախասրահում: Կացարանի հատակը եւ տանիքը եղել են փայտից, որոնք հագեցված չեն եղել հատուկ հրդեհապահպան նյութերով: Կացարանում չեն եղել հրդեհամարիչ որեւէ միջոցներ:

Հիշյալ վիճակը եւ զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի նախնական ապացույցները, եթե համադրենք 532 հոդվածի հանցագործության կազմի հատկանիշներին, ապա նկատվում է, որ զինվորական կացարանում կոպիտ խախտվել են հրդեհային անվտանգության կանոններ- պահանջները կամ անտերություն է եղել, որի պատճառով առաջացած հրդեհն անհնարին է եղել մարել կամ պահեստային ելքով զինվորներին դուրս հանել: Հետեւաբար, այն զինվորական պաշտոնյաները, որոնց վրա համապատասխանորեն եւ գրանցված կարգով դրված են եղել կացարանի հրդեհային անվտանգության կանոնների, պահանջների կատարումը, իրենց կատարած գործողության (անգործության), եւ վրա հասած հետեւանքների համապատասխան, ենթակա են քրեական պատասխանատվության: Իսկ բանակում տիրող բարձիթողի վիճակի կամ անտերության համար, որի հետեւանքով հրկիզվել է 15 զինծառայող, իսկ մի քանիսի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, պատասխանատուներին պետք է ի հայտ բերել եւ պատժել: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ: Օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ հակաօդային պաշտպանության անտեր վիճակի եւ անկազմակերպ մոբիլիզացիայի պատճառներով բանակը պարտություն կրեց եւ կյանքից զրկվեց ավելի քան հինգ հազար զինծառայող:

Պատերազմից հետո թշնամին անարգել, առանց որեւէ դիմադրության հանդիպելու, ներխուժել է ՀՀ պետական տարածք եւ այլն:

Կարծում եմ, ժամանակն է վերջ դնել «պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» արատավոր սկզբունքին:

Անդրադառնանք «պարզելու շատ բան էլ չկա» թեմային

Ըստ իս, քրեական վարույթն իրականացնող մարմինը համակողմանի պետք է հետաքննի մահացած զինվորների հարազատների եւ այլ աղբյուրների հաղորդումները, կամ վարկածը, թե զինվորներին կյանքից զրկել են դիտավորյալ: Բացի այդ, երբ փրկարար ծառայության պաշտոնյան ասում է, որ դեպքից հետո հրկիզված տասնչորս զինծառայողների դիերը եղել են մահճակալի վրա, եւ տեղեկություններ կան, որ վաշտի հրամանատարը երեք շաբաթ առաջ դիմում է ներկայացրել զինվորական ծառայությունից ազատվելու մասին, ապա հիշյալ հանգամանքները պետք է բազմակողմանի հետաքննել:

Վաշտի հրամանատարի կատարած արարքը գնահատելու համար պարզաբանման ենթակա են.

ա/ Ինժեներային աշխատանքներ իրականացնող տեխնիկան գործարկման սաքավորում (մեկնարկիչը) կամ հինգ լիտրանոց ավտոբենզինի տարան Քրեական օրենսգրքի 532 հոդվածի հանցագործության կազմի առարկա է համարվում, թե ոչ (օբյեկտիվ կողմի հատկանիշ):

բ/ Վաշտի հրամանատարը հիշյալ սարքավորում կամ հինգ լիտրանոց ավտոբենզինի տարան զինվորական ծառայության համար համապատասխանորեն ստացել կամ նրան վստահված է եղել, թե ոչ (հանցագործության սուբյեկտ հատկանիշ):

Քննիչների համար գլխացավանք է դառնալու նաեւ «ինքնապաշտպանական բնազդ» գործողության պարզաբանումը:

Եթե հիշյալ հատկանիշները բացակայում են, ապա անձի կատարած գործողությունը (հանցագործություն) 532 հոդվածի հանցագործության կազմ չի առաջացնում, այլ մեկ ուրիշ հանցագործություն է:

Հիշեցնենք, որ զորամասի ինժեներային ծառայության կապիտանը վաշտի պատասխանատու է նշանակվել 2023թ. հունվարի 18-ին:

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մոսկվա, իրավաբան

«Առավոտ» օրաթերթ
17.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728