Լրահոս
Օրվա լրահոսը

Մյունխենի անվտանգության համաժողովն՝ առանց Ռուսաստանի և Իրանի իշխանավորների

Փետրվար 17,2023 23:59

Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովն այս տարի ընթանում է առանց Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պետական հյուրերի մասնակցության։ Համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը  (Christoph Heusgen) պաշտպանելով իր կազմակերպության որոշումը, լրագրողներին հայտնել է, որ այս համաժողովն ունի հատուկ սկզբունքներ․ Ռուսաստանի ու Իրանի պետական պատվիրակությունները չեն հրավիրվել Ուկրաինայի պատերազմի ու նաև Իրանի ներքին զարգացումների պատճառով։ Մյունխենի անվտանգության համաժողովը հիմնվել է 1963 թվականին և սա 59-րդ հանդիպումն է․ գործող նախագահը իր երկրի դեսպանն է եղել ՄԱԿ-ում, նաև տաս տարի եղել է կանցլեր Անգելա Մերկելի խորհրդական։

Համաժողովը ոչ պետական նախաձեռնություն է, ֆինանսավորվում է Գերմանիայի Պաշտպանության նախարարության կողմից և նրա բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն։ Այստեղ հանդիպում են աշխարհի երկրների ղեկավարներ, նախարարներ, անվտանգության բնագավառի անվանի փորձագետներ, լրագրողներ։ Այս տարի Մյունխեն են հավաքվել մոտ 140 պատվիրակներ աշխարհի 96 երկրից․ դրանց շարքում են Եվրոպայի եռյակի առաջին դեմքերը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը և վաթսուն կոնգրեսմեն, Չինաստանի արտաքին գործերի նախկին նախարարը, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, Ուկրաինայի նախագահը (հեռակա), մեծ թվով նախարարներ։ Նրանք քննարկելու են անվտանգային կարևոր հարցեր և հատկապես Եվրոպայի խաղաղությանը սպառնացող Ռուսաստանի նկրտումները։

Մի շարք փորձագետներ քննադատել են կազմակերպիչների որոշումը՝ ՌԴ և ԻԻՀ պատվիրակներին չհրավիրելու համար․ Թեհրանն այդ առթիվ բողոք է ներկայացրել։ Մյունխենի համաժողովին հրավիրվել են ռուսաստանցի և իրանցի ճանաչված ընդդիմադիրներ․ հրավիրված իրանցիներն են 1979 թվականին Իրանի գահից հեռացած արքայի որդի՝ Ռեզա Փահլավին, կին ակտիվիստներ լրագրող Մասիհ Ալինեժադը և դերասան Նազանին Բոնյադին։ Վերջին երեքին, շաբաթ՝ 18 փետրվարի առավոտյան, հատկացվել է մեկ ժամ ժամանակ, Իրանի վերջին ցույցերի հիմնական խթան հանդիսացող «Կին, կյանք, ազատություն» կարգախոսի մասին խոսելու համար։ Ենթադրում եմ իրանցի կանայք հանդիպելու են նաև «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության գերմանացի նախագահ Սիլվանա Քոհ Մեհրինին․ կին առաջնորդների հանդիպման մասնակցելու համար Մյունխեն է մեկնել նաև ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը։

Իրանցի ընդդիմադիրները ոգևորված են իրենց վերջին մասնակի հաջողություններով և այս շաբաթավերջին Մյունխենում հավաքներ են կազմակերպում։ Եվրոմիության խորհրդի նախորդ ամսվա նիստը նախարարների խորհրդին հանձնարարեց «Իսլամական հեղափոխության պաշտպան զորք»ին ներառել ահաբեկչական խմբերի ցուցակում, իսկ նախարարների առաջիկա նիստը գումարվելու  է 20 փետրվարին՝ Բրյուսելում։ Իրանը 14 դեկտեմբերի 2022 թվականին հեռացվեց ՄԱԿ-ի Կանանց հանձնախմբից, իսկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախումբը 24 նոյեմբերի 2022 թվականին քվեարկեց Իրանի վերջին ցույցերի դեպքերի փաստահավաք հանձնախումբ կյանքի կոչելու օգտին։ Հայաստանն այս երկու քվեարկությունների ժամանակ պաշտպանեց հարևան ու բարեկամ ԻԻՀ-ին և այդ բանաձևերին դեմ քվեարկեց։ Մյունխենի համաժողովին մասնակցող այս իրանցիները թվիթերյան իրենց էջերում քննադատեցին ԻԻՀ-ի կողքին կանգնած երկրներին․ Ռեզա Փահլավին 24 նոյեմբերի իր թվիթում, ակնարկելով ԻԻՀ-ի օգտին քվեարկող երկրներին գրել էր․ «Պարտվող ձիու վրա խաղադրույք մի կատարեք․․․»։

Դատելով երևույթներից, ենթադրում եմ Մյունխենում Հայաստանի պաշտոնական պատվիրակների և իրանցի ընդդիմադիրների հանդիպում չի լինի։

 

Տիգրան Դավուդյան      

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728