Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուտով կսկսվեն ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները Դիլիջանի այն ճանապարհահատվածներում, որտեղ կա ազնվացեղ եղջերուին հանդիպելու վտանգ. WWF-Հայաստան

Փետրվար 17,2023 22:45

Ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ WWF-Հայաստանը տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։

Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանն այսօր Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների հետ առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները։

Մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը WWF-Հայաստանը հորդորում է երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։ «Անվտանգ երթևեկություն ապահովելուց բացի, կարևոր է նաև քաղաքի բնակիչներին իրազեկելը եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։ Այս նպատակով կտեղադրվեն իրազեկող ցուցանակներ այն տարածքներում, որտեղ կա նման խնդիր»,- նշեց կազմակերպության հասարակության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։

Տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։

Հիշեցնենք, որ 2013 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։ Վերջերս՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին, «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցավ ծրագրի առաջին 3 ազնվացեղ եղջերուների բացթողումը բնություն:

 

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728