Վաղը Մյունխենում նախատեսված է «Անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկում: Քննարկմանը մասնակցելու են Վրաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ չի մասնակցելու, թեեւ նա գտնվում է Մյունխենում եւ արդեն իսկ ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել եվրոպացի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«ՀՀ վարչապետը՝ սեփական տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրներից ուղղակի թռնում է, չի մասնակցում եւ առաջանում է տրամաբանական հարց՝ ինչո՞ւ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ առաջ քաշելով սեփական վարկածները:
Դրանցից առաջինը հետեւյալն է. «Եթե Նիկոլ Փաշինյանը հայաստանյան լսարանին եւ իր սեկտային կարող է ուտեցնել ամեն ինչ՝ ինչ հնարավոր է, ապա, բնականաբար, պանելային քննարկման ժամանակ, Ալիեւը բաց տեքստով խոսելու էր պրահյան համաձայնության եւ առաջիկայում ստորագրվելիք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին եւ պարզ էր դառնալու, որ այդ պայմանագիրը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից: Դա էր պատճառը, որ երեկ՝ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ստորագրելու է այդ պայմանագիրը եւ պատրաստ է կրել այդ պայմանագրի բոլոր հետեւանքները: Իսկ դա նշանակում է, որ հետեւանքները Հայաստանի համար աղետալի են եւ ինքը պատրաստ է հերթական անգամ հայտարարել, որ ինքը միակ պատասխանատուն է, երեւի թե, բայց միակ մեղավորը չէ»:
Երկրորդ պատճառն, ըստ մեր զրուցակցի, կարող է լինել այն, որ տարածաշրջանի անվտանգային խնդիրներին վերաբերվող պանելային քննարկման ժամանակ, Իլհամ Ալիեւը բաց չի թողնելու հնարավորությունը եւ գերտերությունների ղեկավարների ներկայությամբ խոսելու է ձեռք բերված պայմանավորվածության մասին: Ալիեւն արդեն հրապարակային խոսել է այդ մասին՝ ասելով, որ Պրահայում, ՀՀ իշխանություններն առաջին անգամ ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը, ներառյալ Ադրբեջանի կազմում. «Հիմա՝ ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանը, եթե Ալիեւը… իսկ վստահաբար՝ Ալիեւը, իբրեւ բավականին լուրջ կրթություն ստացած անձնավորություն, անպայմանորեն ձեռք բերված պայմանավորվածության մասին բարձրաձայնելու է, ի՞նչ է անելու Նիկոլը՝ կտկտացնելո՞ւ է, ճտճտացնելո՞ւ է Ալիեւի գլխի եւ ասելու է՝ դու ստում ես: Բնականաբար, չի ասելու եւ իր լուռ համաձայնությունը նշանակելու է, որ այն, ինչի մասին խոսում են քաղաքական շրջանակները եւ, ըստ է էության այն, ինչ չի էլ այլեւս թաքցնում ՀՀ քաղաքական ղեկավարությունն, իրականություն է: Պարզապես, Նիկոլ Փաշինյանի համար, ռեզինի նման յուրաքանչյուր ձգած օրն իր իշխանությունը պահելու մանանա է»:
Կարդացեք նաև
Իբրեւ երրորդ՝ հնարավոր պատճառ էլ, մեր զրուցակիցը համարում է այն, որ այդ քննարկմանը խոսվելու է նաեւ հայ-թուրքական ջերմացած հարաբերությունների մասին: «Թուրքական բայրաքթարներով սպանված եւ «Սպայկայի» սառնարաններում ամիսներով պահված երեխաների՝ այդ «Սպայկայի» մեքենաներով Թուրքիային հումանիտար օգնություն տանելու մասին եւ այն ստորացուցիչ պայմանների մասին, որոնք դրված են լինելու հայ-թուրքական հարաբերությունների «ջերմացման» հիմքում: Բնականաբար, Փաշինյանը կրկին այստեղ ասելիք չունի եւ ինչպես ասում են, Լուիս Քերոլի՝ «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի՝ Չեշիրյան կատվի նման լուռ անհետանալն է»:
Հայաստանին առնչվող այդ կարեւորագույն քննարկումից Նիկոլ Փաշինյանի «թռնելու» եվս մի պատճառ է նշում Նաիրա Զոհրաբյանը. «Որովհետեւ իր դուխը չի հերիքելու այնտեղ բարձրացնել Բերձորի միջանցքի հետ կապված հարցեր, որովհետեւ, ըստ երեւույթին կան բանավոր պայմանավորվածություններ Ալիեւի հետ, իսկ Ալիեւի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանը չի կարող այն մակարոնները, լապշաները, կտերը, որ կախում է հայաստանյան լսարանի, իր սեկտայի ականջներին, այնտեղ կախել եւ մյունխենյան քննարկումը դառնալու է հերթական դավաճանության լակմուսի թուղթը: Ուստի, ես կարծում եմ, հենց եվրոպացիների՝ Շառլ Միշելի եւ Էմմանուել Մակրոնի հետ, նաեւ Ալիեւի հետ համաձայնեցված ու պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու վաղվա պանելային քննարկմանը: Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի փաթեթը քննարկվելու է փակ ֆորմատում եւ հերթական անգամ հայ հասարակությունը, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ին զարթնեց եւ «հաղթելու ենք» արծրունհովհաննիսյանական ստերից հետո պարզվեց, որ մենք կապիտուլացվել ենք, ԱԺ է բերվելու Հայաստանի եւ Արցախի «մահվան» սեւ թուղթը»:
Մինչդեռ, մեր զրուցակցի համոզմամբ, Մյունխենի կոնֆերանսը պետք է լիներ այն փայլուն հնարավորությունը՝ խոսելու այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ Արցախում. 120 հազար պատանդառված արցախցիների մասին, հումանիտար ճգնաժամի մասին, ռազմական հանցագործության մասին, որը կատարում է Ադրբեջանը՝ մեկ ամսից ավել շրջափակված պահելով Արցախը, կտրելով գազը եւ էլեկտրաէներգիան: «Բայց, քանի որ Նիկոլ Փաշինյանի ֆիշկան իր հայաստանյան սեկտան է, վաղվա հանդիպմանը, բնականաբար, ինքը ներկա չի լինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ