«Սովորաբար հրատապ միջոցները շուտ են քննվում՝ սովորաբար մինչև մեկ ամիս պետք է որոշում կայացնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ի կողմից ներկայացված հայցին և դրա վերաբերյալ որոշման կայացման ժամկետներին։
Նշենք, որ հունվարի 31-ին Արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցան լսումներ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերի վերաբերյալ:
Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ լուր ունի՞ այս հայցի հետ կապված։ Փաստաբանն ասաց՝ ՄԱԿ-ի դատարանի կայքին հետևում է․ դեռ ոչինչ չկա։ Նա նաև հավելեց․ «Իրենք սովորաբար նախ մամուլի հաղորդագրություն են տալիս, բայց դեռ ոչինչ չկա, պետք է սպասել»։
Արա Ղազարյանին փոխանցեցինք այս հայցի հետ կապված որոշ փորձագետների մտահոգություններ։ Օրինակ՝ կա մտահոգություն, որ «Բաքվի պահանջներին որպես հակափաստարկ՝ պաշտոնական Երևանը հակադրում է 29 800 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի կամ Սովետական Հայաստանի իրավահաջորդ թշնամական կոնցեպտը։ Մինչդեռ, թե «ադրբեջանական տարածքների ականապատումը դադարեցնելու», թե Լաչինի միջանցքը ապառազմականացնելու ադրբեջանական պահանջներին պետք է հակադրվեին ՀՀ տարածքների, ներառյալ Արցախի ու Նախիջևանի դեօկուպացիայի պահանջներով հայցերը»։ Այս առիթով Արա Ղազարյանին հարցրինք՝ արդյոք ճի՞շտ մոտեցում է 29800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին հիշատակումները, նա պատասխանեց․ «Այս դատական գործի համար դա որևէ առարկայական նշանակություն չունի: Դա ընդամենը փաստերի շարադրանքում է»։
Կարդացեք նաև
Այն դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ «Արցախյան հարցը դուրս է բերվում ՀՀ տարածքային ամբողջականության շրջանակներում Արցախի հարցի քաղաքական լուծման շրջանակներից և իջեցվում է հումանիտար մակարդակի» և հարցին՝ մի՞թե սա վտանգավոր չէ, Արա Ղազարյանը պատասխանեց․ «Հումանիտար ճգնաժամ է․ ի սկզբանե այդ մասին հայտարարվել է։ Այն, որ հումանիտար իրավունքի խախտման գործիք է կիրառվում, այսինքն՝ շրջափակումը, որը պատերազմի մեթոդ է, դա նույնպես մենք ասում ենք, հետևաբար ի՞նչն է վտանգում, եթե հայցում թեկուզ փաստերի շարադրանքում նշվում է, որ Արցախում, որը հայաբնակ տարածք է, հումանիտար ճգնաժամ կա: Ի՞նչն է դրանով վտանգվում, մի՞թե դա ճշմարտությունը չէ»։
Մեր դիտարկմանը՝ փորձագետներն ասում են, որ «Սովետական Հայաստանի իրավահաջորդ թշնամական կոնցեպտն» է առաջ մղվում, Արա Ղազարյանը պատասխանեց․ «Իրավազորության հարց այնտեղ ընդհանրապես չի քննվում է: Այս գործն ունի իր հատկանիշները, դատական վարույթի իր շրջանակները: Այստեղ խոսվում է այն մասին, որ ՀՀ տարածքից դուրս գտնվում է մի տարածք, որտեղ ապրում են հայերը և նրանց կյանքը վտանգված է զուտ նրա համար, որ նրանք հայ են: Սրանից դուրս որևէ փաստարկ, որ ներկայացվի, դա միայն կլինի ներքին լսարանի համար, բայց ոչ դատարանը դա կընկալի, ոչ էլ միջազգային հանրությունը, քանի որ դատարանն ունի իր դատական քննության առարկան, որին հետևում է: Առարկան էլ բխում է ՄԱԿ-ի կոնվենցիայից, որի հիման վրա այդ գործը ներկայացվել է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ