Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղպատ․ պատմություն միջնադարյան հոգևոր կենտրոնի մասին

Փետրվար 17,2023 18:55

Հայկական ճարտարապետության հաջորդ նշանավոր վանական համալիրներից մեկը Հաղպատի վանքն է․ գտնվում է  Լոռու մարզում, Սանահինի վանքից դեպի արևելք՝ 6 կմ հեռավորության վրա, Հաղպատ գյուղի բարձունքում:

Վանքի կառուցումը, իր ճարտարապետական հուշարձաններով, սկսվել և ավարտվել է X -XIII դարերում, գրեթե նույն ժամանակահատվածում, երբ Սանահինի վանական համալիրն է կառուցվել:

Հաղպատի վանական համալիրը ներառում է Սբ Նշան, Սբ Գրիգոր, Սբ Աստվածածին եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները և խաչքարեր:

Կան որոշ կառույցներ, այդ թվում մի շարք մեծ ու փոքր եկեղեցիներ, որոնք  դուրս են հիմնական հուշարձանախմբից։

Հաղպատի վանքը մեծ դեր է ունեցել միջնադարյան Հայաստանի հոգևոր կյանքում և հայտնի է նաև որպես գրչության կենտրոն: Թշնամական տարբեր հարձակումներից պաշտպանվելու համար վանքը պարսպապատվել է, ստեղծվել են պաշտպանական հենակետեր, թաքստոցներ և այլ կառույցներ: Ժամանակին վանքը ծառայել է նաև որպես պաշտպանական կառույց. բարձր աշտարակներից լավ երևում է ամբողջ տեղանքը:

Հաղպատի վանական համալիրը 1996 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, որը 2000 թ.-ին ընդլայնվել է՝ ներառելով նաև Սանահինի վանքը:

Վանքի հետ կապված հայկական հին զրույցը պատմում է

Մի իշխան վանք կառուցելու համար վարպետ է կանչում: Վարպետը գալիս է Սանահին և սկսում աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու և մի ենթավարպետի միջև վեճ է ծագում: Որդին գժտվում է հոր հետ և ենթավարպետի հետ, թողնելով շինարարությունը, հեռանում է: Մի ուրիշ իշխան հրավիրում է նրան իր համար վանք կառուցելու: Որդին ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ-որ կառույց է բարձրանում: Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին, վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին և երկար զննում: Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին: Վերջապես հայր վարպետը` ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. «Հա՛խ պատ» (այսինքն՝ իսկական ամուր պատ է): Այս ասելով վարպետը փաթաթվում է որդուն, համբուրում է նրան և հայր ու որդի հաշտվում են: Այդ օրվանից վանքի անունը մնում է ՀԱՂՊԱՏ:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728