Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետության գոյության հիմնասյունն է կարդացած հասարակությունը»․մեկնարկել է գրքի երկօրյա փառատոնը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Փետրվար 17,2023 18:02

#ԿարդաLove  հարթակի հիմնադիր, գրքի փառատոնի կազմակերպիչ Լեւոն Ստեփանյանը  փառատոնի բացմանը նշեց, գրքասերներին երկու գրքառատ  ու գեղեցիկ օրեր են սպասվում։ Ապա ներկայացրեց հետաքրքիր միջոցառումները, շնորհակալություն հայտնեց փառատոնի կողքին կանգնած մարդկանց ու կազմակերպություններին։

«Ես համոզված եմ, որ կարդալու սովորությունը պարտավոր ենք ներարկել մեր երեխաներին, սերունդներին, երբեւէ չմեղադրել, թե այս սերունդը չի կարդում։ Նրանք շատ էլ լավ կարդում են։ Ու եթե ինքներս մեր օրինակով ցույց տանք, թե ինչ դեր ունի գիրքը մեր կյանքում, անգամ չենք նկատի, թե ինչպես են նրանք գիրք կարդում, դառնում գրքասեր»,- Գրքի երկօրյա փառատոնի բացմանն ասաց «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ 

Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ գրադարանները վերածվեն երեխաների սիրելի վայրերի, արդիականան, երեխաներն այնտեղ անցկացնեն իրենց օրվա մեծ մասը։ «Եվ մենք կտեսնենք, թե ինչպես է վերափոխվում մեր հասարակությունը, ինչպես է գրագիտությունը եւ գիրք կարդալը դառնում մոդայիկ, շատ կարեւոր եմ համարում, որ մեր հասարակությունը վերականգնի իր գրագետ կերպարը։ Շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, թե ինչ նշանակություն ունի կարդացած հասարակությունը, որովհետեւ խորապես համոզված եմ, որ մեր պետության գոյության եւ պետականության պաշտպանության հիմնասյունն է կարդացած հասարակությունը»,-ընդգծեց Մանե Թանդիլյանը։

Փառատոնի աջակից «Էլիտ Գրուպի» փոխտնօրեն տնօրեն Դավիթ Մկոյանն ասաց, որ նման միջոցառումները տարեցտարի ավելի թրենդային են դարձնում եւ ավելի են տարածում գիրք կարդալու մշակույթը․ «Գիրք կարդալով մենք զարգացնում ենք մեր հմտությունները, մեր միտքը եւ մեր հոգին, ինձ համար գիրք կարդալու ունակությունը ցուցանիշ է՝ արդյոք մարդիկ զբաղվո՞ւմ են ինքնակատարելագործմամբ, քանի որ եթե ինքդ քեզ վրա չես աշխատում, ապա հետ ես գնում՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակի վրա ես»։

Դավիթ Մկոյանի խոսքով, վերջին տասնամյակներում տպավորություն էր ստեղծվել, թե թվային դարում մարդիկ ավելի քիչ են սկսում կարդալ. «Բայց ես դրա հետ համակարծիք չեմ, որովհետեւ տեսնում եմ, որ ակնհայտորեն մարդիկ, հատկապես՝ երիտասարդ սերունդը, գնալով ավելի շատ է կարդում»։

Հավելենք, որ գրքի փառատոնի առաջին օրը հետեւյալ միջոցառումներն են ընդգրկված՝ «Գրքախաղ», «Հեքիաթի ժամ»՝ Ներսես Ավետիսյանի հետ, «Քո գիրքը Amazon-ում» թեմայով հանդիպում Սամվել Գեւորգյանի հետ, որը կկիսվի իր փորձով, թե ինչպես կարելի է  գիրք գրել, հրատարակել և վաճառել Amazon-ում, ինչպես մտնել միջազգային շուկա: «Հրապարակման ենթակա չէ» խորագրով հանդիպումը գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ է, կա նաեւ «Իմ բիզնես գիրքը» խորագրով պանելային քննարկում եւ «Գինարbook» Իննա Խոջամիրյանի հետ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728