Լրահոս
Օրվա լրահոսը

Պարֆյումերը․ Ծովակ Ոսկանյան

Փետրվար 17,2023 22:00

Կան մարդիկ, որոնք բույրերի մասին կարող են զրուցել ժամերով, և այդպիսի մարդկանց համար մեծ հաջողություն է գտնել նրան, ով ոչ միայն  կարող է բույրեր ստեղծել, այլև պատմել այդ ամենի մասին․․․ Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանի հետ մեր այս զրույցը ոչ միայն բույրերի զարմանալի աշխարհի, այլ նաև այն մեծ սիրո մասին է, որը մարդը կարող է տածել իր աշխատանքի նկատմամբ։ 

-Հաջողված աշխատանքի ընտրության հետ կապված ամեն մի պատմություն ինչ-որ մի հետաքրքիր իրադարձությունից կամ կերպարից է սկսվում․ իսկ ի՞նչ փնտրենք Ծովակ Ոսկանյան պարֆյումերի պատմության հիմքում։

-Այս պատմության հիմքում, չէի ասի, որ ինչ-որ մարդու կերպարն է, նրանից ոգեշնչումը, այլ իմ սերը և բույրերը․․․ Բույրը՝ ինձ համար որպես աշխարհընկալման առանցքային բաղադրիչ, որը  դրսևորվում է ոչ միայն օծանելիքի  ոլորտում, այլև՝ ընդհանրապես․ ես տարածքի բույրին եմ շատ մեծ կարևորություն տալիս, մարդու բույրին, ուտելիքի բույրին։ Հիշում եմ, մանկությանս տարիներին մայրս միշտ զայրանում էր, երբ ես ամեն ինչից, անգամ ուտելիքից հոտ էի քաշում․․․ Մանկուց ի վեր ԱՄԵՆԱառաջինը ես ծանոթանում եմ բույրին:

-Թերևս չկա մեկն, ով կարող է հստակ ասել, թե քանի բույրից է կազմված աշխարհը, բայց եթե ստիպված լինեիք ընտրելու ընդամենը 5 բույր, որո՞նք կառանձնացնեիք։

-Իրականում դժվար է ասելը, թերևս առաջինը՝ կնոջ բույրը, երկրորդը՝ հացի բույրը, երրորդը՝ ծիրանի, չորրորդը՝ պաչուլիի, իսկ հինգերորդը կաթի բույրը կընտրեի՝ որպես կյանքի սկզբնավորման խորհրդանիշ։

-Իսկ երեխայի՞ բույրը։

-Ինձ միշտ հարցնում են՝ կարո՞ղ եք երեխայի բույր ստեղծել, սովորաբար ես կատակով պատասխանում եմ. «Երեխայի բույր ստեղծելու լավագույն ճանապարհը երեխա ունենալն է, քանզի ոչ մի կոմպոզիցիա չի կարող փոխանցել փոքրիկի բույրի ողջ ջերմությունը»։

-Հայաստանում ամենուր եւ ամեն օր չէ, որ կարելի է օծանագործի հանդիպել, այն էլ՝ այնպիսի մասնագետի, որը կարողացել է գրավել պարֆյումի միջազգային քննադատների ու մասնագետների ուշադրությունը, համարվել տարվա հայտնություն հեղինակավոր ցուցահանդեսների շրջանակներում, ինչպիսին, օրինակ, Pitti Fragranze-ն է Իտալիայում։ Բարդ չէ արդյո՞ք ստեղծագործել մի երկրում, որտեղ չկան օծանագործության ավանդույթներ ու նաեւ մասնագիտական կրթության հնարավորություն։ 

-Հայաստանում, անշուշտ, այսպիսի գործունեություն ծավալելը շատ  բարդ է․ առաջին հերթին այն պատճառով, որ մենք այստեղ չունենք ակադեմիական կրթության հնարավորություն, թեև նշեմ, որ աշխարհում ընդհանրապես շատ քիչ վայրեր կան, որտեղ կա օծանելիքի արդյունաբերություն և որտեղ նաև հնարավոր է ինչ-որ բան սովորել։ Հայաստանում՝ առավել ևս, և քանի որ չկան մասնագետներ՝ չկա փորձի փոխանակման հնարավորություն, բայց չմոռանանք, որ այսօր մենք ապրում ենք գլոբալ ժամանակաշրջանում, ու ես բախտ ունեմ ճանաչել խոշոր ու հեղինակավոր ընկերություններում աշխատող մասնագետների, որոնց հետ տարբեր հարցերով կարող եմ խորհրդակցել։

Թեև նշեմ, որ մեր ոլորտը շատ փակ է, որպես այդպիսին հասանելի մասնագիտական գրականություն, կարելի է ասել, գոյություն չունի, եղածն էլ կա՛մ խիստ մակերեսային է, կա՛մ՝ բարոյապես հնացած։ Հաճախ ստիպված ես լինում ստանալ կցկտուր տեղեկություններ արդեն կայացած մասնագետներից, և միակ ճանապարհը մնում է փորձը, որը ձեռք ես բերում քրտնաջան աշխատանքով։ Այսօր ինչ-որ չափով հասանելի են պրոֆեսիոնալ բաղադրիչները, որոնց հետ տարիներ շարունակ աշխատելը թույլ է տալիս կառուցել անհրաժեշտ փորձ ու գիտելիքներ։ Լավն այն է, որ փորձարկումները պատահական բնույթ չեն կրում, և արդեն կան ինչ-որ  նախադրյալներ, որոնց վրա հիմնվելով՝ արդյունք ես ստանում՝  հասկանալով, օրինակ, թե  կոնկրետ որ բաղադրիչն ինչ նպատակով է ստեղծված և ինչ խնդիր պիտի լուծի կոմպոզիցիայի մեջ։

-Գրողները, արվեստագետները, սովորաբար, ունենում են իրենց ձեռագիրը, եւ քանի որ օծանագործությունն ընկալում եմ որպես ստեղծագործություն՝ արվեստի մի տեսակ, ինձ հետաքրքիր է՝ դուք ունե՞ք ձեր առանձնահատուկ ոճը կամ ձեռագիրը։

-Վերջերս օծանելիքի ոլորտում հայտնի փորձագետ ու քննադատ ու նաև իմ ընկեր Մատվեյ Յուդովը, որի հոդվածները կարող եք կարդալ Fragrantica- ում, ասաց, որ ինձ մոտ տեսնում է ձեռագրի առկայություն, երևույթ, որը սովորաբար օծանագործների մոտ ավելի ուշ շրջանում է ձևավորվում։ Ես այդ դիտարկումից բավական տպավորվեցի, զարմացա, իսկ հետո ակամայից ըմբոստացա, որ արդեն հասցրել եմ ձեռագիր ձևավորել ու փորձեցի իմ նոր բույրով ժխտել դա, քանի որ իմ կյանքի այս փուլում ես չեմ ուզում սահմանափակվել, իսկ  ձեռագիրն ինքնին դա է ենթադրում։ Այդպես ծնվեց Soire vert-ը՝ «Կանաչ երեկոն»: Եթե իմ բույրերը հետագայում գնահատվեն որպես կոնկրետ «ես»-ի կողմից ստեղծված բույրեր, ես արդեն դրա դեմ ոչինչ անել չեմ կարողանա, բայց ներկայումս ցանկանում եմ ազատ լինել ստեղծագործական իմ շրջանակներում։

-Ինչպե՞ս են ծնվում բույրերը ձեր մտքում, որոնք հետո արդեն հեղուկի տեսքով հայտնվում են սրվակներում։

-Այստեղ կան բույրեր, որոնք ոգեշնչման արդյունք են, կան բույրեր, որոնք էքսպերիմենտի արդյունք են, կան բույրեր էլ, որոնք նպատակադրված աշխատանքի արգասիք են։ Օրինակ՝ ցախակեռասի բույրը ստեղծվեց, երբ  մի օր երեկոյան զբոսնելիս մի գեղեցիկ, ծանոթ բույր ինձ պարզապես կանգնեցրեց, և քանի որ մութ էր, ու բույրի աղբյուրը տեսանելի չէր, մոտեցա, հոտ քաշեցի ցախակեռասից ու որոշեցի վերարտադրել այդ բույրը։ Այս դեպքում  ոգեշնչման աղբյուրը հենց բնությունն էր։ Patchouli et memoires` «Պաչուլին և հուշերը» օծանելիքի հիմքում իմ անձնական հուշերն են։ Փոքր ժամանակ ես սիրում էի ներկա գտնվել պապիկիս, հորեղբայրներիս, հորս սափրվելու գործընթացին, ինձ դա միշտ գրավում էր, ու առանձնապես սիրում էի այդ փրփուրի բույրը, որը շատ տարածված էր այդ ժամանակներում: Արդյունքում ես թեև աբստրակտ կերպով, բայց վերարտադրեցի այդ բույրը՝ պաչուլիի ազնվական փայտային ակորդի հետ վերստեղծելով այդ հուշապատումը։

Այ հիրիկի բույրի հիմքում ինչ-որ չափով որոշակի կերպար է, իմ կարծիքով միջինից բարձր տարիքի տղամարդ կամ կին, սեռը էական չէ, քանի որ այդ բույրը երկուսն էլ կարող են օգտագործել, տղամարդն՝  առնական, իսկ կինը՝  շատ կանացի։ Սոցիալական բարձր դիրքով, կայացած, ինքնաբավ և մի փոքր էլ ինքնամփոփ մարդու կերպար եմ տեսնում այդ բույրի հիմքում։

Դեղձի բույրն էքսպերիմենտի արդյունք է, պատկերավոր ասած՝ անհաջող էքսպերիմենտի հաջող արդյունք։ Այս բույրը պարունակում է մի բաղադրիչ՝  ալդեհիդ  C14-ը (որն իրականում լակտոն է, բայց քանի որ նախորդ դարի սկզբներին ալդեհիդները մեծ համբավ էին վայելում օծանագործների շրջանում, հատկապես C10, C11, C12 ալդեհիդները, որոնք ծնունդ տվեցին լեգենդար Chanel N5-ին, ուստի գամմա ունդեկալակտոնն էլ C14 ալդեհիդ են անվանել ավելի լավ վաճառելու համար)․ այն շատ ուժեղ բաղադրիչ է և քիչ դոզավորմամբ հնարավորություն է տալիս հարթեցնելու կոմպոզիցիայի սուր անկյունները։ Ես սխալմամբ մեծ չափաբաժին ավելացրեցի, որը ոչ թե հարթեցրեց, այլ դեղձի բույր հաղորդեց իմ շիպրային ակորդին։ Համարելով փորձը չստացված՝  մի կողմ դրեցի օծանելիքը, բայց որոշ ժամանակ անց այն  նորից ձեռքս վերցրեցի ու ինձ այնքան  հետաքրքրեց, որ որոշեցի թեման զարգացնել՝ ստեղծելով դեղձի մի ամբողջական ռեալիստիկ ակորդ, որը պետք է իշխեր շիպրային կառուցվածքով այդ բույրի մեջ․ այդպես ստեղծվեց իմ ամենահաջող բույրերից մեկը՝ «Շիպրային դեղձը»։

Soire vert-ի՝  «Կանաչ երեկոյի» հիմքում, կարելի է ասել, տեխնիկական գաղափար է՝ բույր, որը ստեղծված է կոնտրաստի վրա․ այստեղ կան երկու հակադիր ակորդներ, մեկը՝ մրգային, հյութեղ ու քաղցր, մյուսը՝ կանաչ ու չոր, սա, կարելի է ասել, օծանագործի հմուտ աշխատանքի արտացոլումն է, թե ինչպես կարելի է հակադիր բույրերից ներդաշնակ սիմբիոզ ստանալ։

-Համաշխարհային պատմության յուրաքանչյուր դարաշրջան, կարծես թե, իր բույրն ունի, իսկ ի՞նչ փոփոխություններով է առանձնանում օծանելիքի պատմությունը եւ ինչպիսի՞ն են մեր օրերի բույրերը։

-Օծանելիքի էվոլյուցիան հիմնականում պայմանավորված է օծանելիք և բաղադրամասեր արտադրող խոշոր ընկերությունների կողմից իրականացվող հայտնագործություններով․ կոնկրետ բաղադրիչները շատ մեծ ազդեցություն ունեն տվյալ դարաշրջանի օծանելիքների ոճի վրա։ Եթե  փորձենք բյուրեղացնել այդ շրջաններն ու օծանելիքի էվոլյուցիան մի քանի բառով ներկայացնել, ապա կարող ենք նշել, որ օծանելիքն իր սկզբնավորման  շրջանում ավելի բնական էր՝ ծաղկային ուղղվածությամբ և կազմված էր այն եթերայուղերից, որոնք կարողանում էին թորել հիմնականում Իտալիայում և  Ֆրանսիայի Գրաս քաղաքում։ Դրանք էին՝ բերգամոտ, վարդ, հասմիկ և այլն։ Հետագայում՝ 1880-ականների վերջերից սինթետիկ մոլեկուլները մուտք գործեցին այդ արդյունաբերություն․ առաջին սինթետիկ մոլեկուլը կումարինն էր, հաջորդը՝ վանիլինը (թեև տարբեր աղբյուրներ վկայում են, որ վանիլինն է եղել առաջինը)։ Կումարինով  հիմք դրվեց ֆուժերային դասի օծանելիքներին` հայտնի Fougère Royale-ով, վանիլինի հիմքով Էմե Գեռլենը սենսացիոն բույր ստեղծեց՝ Jicky-ն, և այդ բույրերը  փոխեցին օծանելիքի աշխարհը։

Օծանելիքի պատմության մեջ  շատ մեծ դեր խաղացին ալդեհիդները․ «Շանել N°5»-ը, որն, ըստ էության, ալդեհիդների գերդոզավորման արդյունք է:  Մինչև 20-րդ դարի 70-ական թթ օծանելիքներն ավելի շատ ալդեհիդային էին՝ պարուրված նիտրոմուշկերով (մուշկ կետոն, մուշկ ամբրետ, մուշկ քսիլոլ՝ առաջին սինթետիկ մուշկերը)։ Շատ բարդ կոմպոզիցիաներ ունեցող երևակայական բույրեր, որոնք ինչ-որ բանի նման չէին․ օծանելիք, որն օծանելիքի է նման։ 70-ական թթ-ներից այդ միտումը պահպանվեց, բայց հիպիների շարժումը հիմք դրեց պաչուլիի կիրառմանը մինչև 90-ական թթ։ Եվս մեկ  հեղաշրջում տեղի ունեցավ  Թիերի Մյուգլերի Angel բույրով, որով հիմք դրվեց «գուրման»` մրգային, քաղցր նոտաներ ունեցող օծանելիքներին։

Օծանելիքի այժմյան իրականությունում ես առանձնացնում եմ մեկ գլխավոր միտում՝ օծանելիք, որի հիմքում ինչ-որ մի թեմա է, գաղափար, որը թույլ է տալիս ունկնդրին բացահայտելու, նույնականացնելու բույրը։ Ասենք՝ օծանելիքի վրա գրված է «կանաչ խնձոր», դու լսում ես այդ բույրն ու զգում, որ իրոք այդպես է, և այդ բացահայտումը որոշակի էֆեկտ է տալիս, այսինքն մենք գնում ենք եթե չասեմ մոնո-բույրերին, ապա ռեալիստիկ բույրերին՝ նույնականացվող։

Նաև մի շատ հետաքրքիր միտում է նկատվում վերջերս, օծանելիքների արտադրությունում մեծ դեր են սկսել խաղալ ամբրո-փայտային բաղադրիչները, որոնք շատ ուժեղ են, կայուն ու նկատելի հետք ունեն և այդպիսով շատ արդիական են ետքովիդյան այս ժամանակաշրջանում, երբ մարդկանց հոտառությունը մի փոքր կորցրել է իր զգայունակությունը։

Նշեմ, որ օծանելիքները փոփոխություններ են կրում նաև միջազգային կարգավորող մարմինների կողմից սահմանվող արգելքների հետ կապված, օրինակ՝ անցյալ տարվա մարտ ամսից արգելվեցին «լիլիալ» ու «լիրալ» կոմպոնենտները, որոնց անունը գուցե հասարակ մարդկանց ոչինչ չասի, բայց դրանք լայնորեն կիրառվում են գրեթե 90 տոկոս օծանելիքների ու խնամքի պարագաների կազմում, և քանի որ դրանց կիրառումն  արգելվել է, ապա այդ նյութերը պարունակող բոլոր բույրերը մի փոքր կփոխվեն։ Նույնը տեղի ունեցավ նիտրոմուշկերի ժամանակ, որոնք մեծ չափով պարունակվում էին վինտաժ բույրերի կազմում՝ ապահովելով հենց այդ «վինտաժի» էֆեկտը, դրանք  նույնպես արգելվեցին՝ բացառությամբ մուշկ կետոնի, որից էլ այժմ խուսափում են օծանագործները,  քանի որ  այն նույնպես ցանկացած ժամանակ կարող է արգելվել։ Ահա այս  միջազգային կարգավորող սահմանափակումները նույնպես շատ մեծ ազդեցություն են գործում տվյալ ժամանակաշրջանի օծանելիքների ոճի վրա։

-Հայկական էնդեմիկ բուսատեսակներից օծանելիք ստանալու գաղափարը շատ գրավիչ է թվում, արդյո՞ք դա հնարավոր է իրականացնել։ Գիտեմ, որ դուք որոշակի փորձ ունեք այդ հարցում։ 

-Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, գործնականում՝ Հայաստանում աճող բույսերի հիմքով ես ստեղծել եմ իմ առաջին հավաքածուն, որը սահմանափակ թողարկմամբ էր (”beyond good and evil”, ”the wanderer and his shadow”, ”ecce homo” բույրերը): Հայկական բույսերն օծանելիքների մեջ արտադրական մակարդակով ընդգրկելը մի շարք խնդիրների հետ է կապված, որովհետև նախ պետք է դրա կայուն արտադրությունն ապահովել, իսկ օծանելիք արտադրողի համար շատ դժվար է միաժամանակ նաև զբաղվել բույսերի հավաքմամբ, աճեցմամբ, եթերայուղերի թորմամբ: Դա  մեկ, երկրորդը կա միջազգային սերտիֆիկացման խնդիր։ Այս ընթացքում ես գիտական աշխատանք եմ գրում օծանելիքի համաշխարհային շուկայում գլոբալ արժեշղթաների մասին և այնտեղ փորձում եմ եթերայուղերի և մյուս բաղադրիչների համաշխարհային շուկայում Հայաստանի ներգրավվածության հիմքեր գտնել։

-Մեր զրույցի սկզբում ես խնդրեցի առանձնացնել աշխարհում ձեզ համար կարեւոր 5 բույրերը, որոնցից առաջինը կնոջ բույրն անվանեցիք․ զրույցի ավարտին կխնդրեմ որպես պարֆյումեր վերարտադրել կնոջ բույրը՝ մի քանի նոտայի օգնությամբ, որոնք կընտրեք ձեր այս հարուստ լաբորատորիայից։

-Մեր իրականությունում կինը թերևս ամենաառեղծվածային ու բազմաշերտ էակն է, և նրան, այդ թվում նրա բույրը լիարժեք բացահայտելը գրեթե անհնար է: Եթե չլինենք պաթետիկ ու կնոջը դիտարկենք իր մարմնական բնույթով, ապա առաջինը ես կվերցնեի գամմա օկտա լակտոն, որը խիտ վիճակում ավելի շատ կոկոս է հիշեցնում, իսկ նոսրացրած վիճակում կաթի բույր ունի, մուշկերից ինչ-որ բան կընտրեի, կընտրեի նաև որոշակի վանիլ և մի քիչ էթիլ մալտոլ (բույրը նման է շաքարե բամբակի)․․․ և կստանայի մի փոքր կենդանական, գուրման-կաթնային բույր՝ կնոջ բույրը․․․

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728