«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայտնի տիեզերագնաց, ինժեներ, Գարեթ Ռեյզմանը, որն աշխատել է NASA-ում, հրապարակային կերպով դեմ է արտահայտվել Աստղագիտության միջազգային ֆեդերացիայի որոշմանը, ըստ որի, Միջազգային տիեզերագնացության կոնգրեսն այս տարի պետք է անցկացվի Բաքվում։
Դեռ ավելին, կոչ է արել մասնակցողներին վերանայել իրենց որոշումը՝ արդարացի նկատելով, թե ինչու Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը պետք է անցկացվի Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան երկրի՝ Հայաստանի դեմ վերջերս ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Գարեթ Ռեյզմանի այս քայլը շատ ողջունելի է, հրաշալի օրինակ։ Մեծ հույս ունեմ, որ նրա հրապարակային այս ընդվզումը շատերի համար օրինակ կդառնա և նաև ուշադրություն կհրավիրի Ադրբեջանի ոճրագործ քաղաքականության վրա՝ մղելով նրանց դատապարտել Բաքվի հանցագործ պահվածքը, ստեղծելով նաև խոչընդոտներ Ադրբեջանի համար՝ աշխարհի հետ հարաբերվելու հարցում, ընդհուպ հասնելով մինչև Բաքվում միջազգային միջոցառումների չեղարկմանը։
Կարդացեք նաև
Քաղաքակիրթ աշխարհը, հակամարդկային քայլեր չհանդուրժող մարդիկ, գործիչները, պետք է հետևեն Ռեյզմանի օրինակին, շատ պարզ, բայց միևնույն ժամանակ, շատ ազդեցիկ քայլերով մերժեն ոճրագործ Ալիևին, մինչև նրա խելքի գալը։
«Խրախճանք», երբ Արցախում Բաքվի ձեռամբ 120 000 մարդ հայտնվել է հումանիտար ճգնաժամի առջև․ այս վերտառությունը այսօր պետք է ունենա ցանկացած միջոցառում Ադրբեջանում և պարզապես անհարմարություն, ամոթ առաջացնի դրան մասնակցել ցանկացողների մոտ։