Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հասարակությունը կարիք ունի կարդացող մարդկանց թվի ավելացման»․ Մանե Թանդիլյան

Փետրվար 17,2023 17:06

Մեկնարկել է  ԿարդաLove գրքի փառատոնը, որի շրջանակում կայանալու է շուրջ 20 միջոցառում։ Ծավալով եւ բովանդակությամբ աննախադեպ  այս փառատոնը իրականություն է դառնում «Ապրելու» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Փառատոնի գործընկերներն են  «Էլիտ Գրուպը» և «Ասողիկ» տպագրատունը։

Լրագրողների հետ զրույցում «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ այս փառատոնն իր համար գրքի տոն է եւ լրացուցիչ առիթ՝ հիշեցնելու գրքի դերի մասին մեր կյանքում։

«Մեր հասարակությունը կարիք ունի կարդացող, կարդացած մարդկանց թվի ավելացման։ Կարդացած մարդկանցով հասարակությունն ավելի ուժեղ է, ավելի խելացի է, առաջադեմ, հետեւաբար պատրաստ՝ այսօրվա մարտահրավերներին։ Կարծում եմ՝ գրքի կարեւորությունը մեր կյանքում պետք է պարբերաբար շեշտենք»,-ասաց տիկին Թանդիլյանը։

Aravot.am-ի հարցին՝ հաճախ ֆեյսբուքում ֆլեշմոբեր են անում, գրքերի ցանկեր նշում, որոնք փոխել են իրենց աշխարհայացքը, ունի՞ նման ցանկ, Մանե Թանդիլյանն այսպես պատասխանեց․ «Ինձ էլ են պարբերաբար հարցնում, ես դժվարանում եմ նշել նման ցանկ, որովհետեւ յուրաքանչյուր գիրք իր ուրույն տեղն է զբաղեցնում իմ կյանքում․․․  Հենց կարդալու ընթացքում ես մեծ սիրով վերապրում եմ այն ամենը,  ինչ տեղի է ունենում գրքում, եւ ինձ համար եզրակացություններ անում, վեցնում եմ կարեւորը, ինչն ինձ անհրաժեշտ է, որոշում՝ ինչ հետ եմ համաձայն, ինչի հետ՝ ոչ, ինչն օգնում է ինձ ձեւավորել իմ ինձ ներարաշխարհը․․․ Իրականում ես չունեմ ամենասիրած գիրք, ես չունեմ չսիրած գիրք»։

Նա ասաց, որ շատ է կարդում հատկապես Վիլյամ Սարոյան, Թումանյան, Սեւակ, Իսահակյան եւ համաշխարհային գրականություն։ Մանե Թանդիլյանի ձեւակերպմամբ՝ հայ գրողներն իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային գրականության մեծերի կողքին․ «Մեր հայ գրողները, թերեւս, մի քիչ  թերագնահատված են աշխարհի մակարդակով։ Հետեւաբար, ինչքան շատ խրախուսենք թարգմանել հայ գրականությունը,  կտեսնենք ու  կհամոզվենք, թե ինչքան տաղանդաշատ են մեր գրողները, որովհետեւ սովոր ենք, որ ուրիշ տեղ մեզ գնահատեն, ճանաչեն, նոր այստեղ գնահատենք»։

Հարցրինք՝ առաջիկայում Թումանյանի ծննդյան օրն է, որը Հայաստանում  նշվում է որպես գիրք նվիրելու օր, ինքը նախատեսե՞լ է գրքեր նվիրել ու գրքեր ստանալու ակնկալիքներ ունի՞։  «Այո,   գրքեր եմ նվիրելու եւ  հույս ունեմ՝ մի քիչ ավելի շատ ստանալու․․․ Բնականաբար Թումանյանն իմ աշխարհայացքի կերտման հիմնասյուներից է, ու ես մեծ սիրով եմ կարդում, նվիրում ու ստանում Թումանյանական գրքեր»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728