Լրահոս
Օրվա լրահոսը

Էթնիկ զտումների քաղաքականության ապացույցն է իրական հումանիտար ճգնաժամը, որն այսօր ստեղծում է Ադրբեջանը Արցախում՝ Լաչինի միջանցքի շրջափակմամբ. Ծովինար Համբարձումյան

Փետրվար 17,2023 15:35

Փետրվարի 16-ին Ռավեննայում տեղի ունեցավ «Հայաստան՝ բազմահազարամյա ժողովուրդ» միջազգային համաժողովի բացումը։
Համաժողովը կազմակերպվել է Բոլոնյայի համալսարանի Մշակութային ժառանգության և Քաղաքակրթությունների մշակույթի պատմության ֆակուլտետների, ինչպես նաև Միջերկրական ծովի և Արևելքի ուսումնասիրությունների իտալական ասոցիացիայի /ISMEO/ կողմից:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Բոլոնյայի համալսարանի պրոռեկտոր Ռաֆաելա Կամապները, Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, ISMEO ասոցիացիայի նախագահ Ադրիանո Ռոսսին, Գերապայքառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը։

ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը իր խոսքում նշեց, որ այսօր Իտալիան հանդիսանում է հայագիտության կարևոր կենտրոն Եվրոպայում և տեղեկացրեց, որ այս ուսումնական տարվանից Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետի անտիկ գիտությունների բաժանմունքում մշտական հիմունքներով դասավանդվելու է հայոց լեզուն և մշակույթը։

Իր խոսքում դեսպանն անդրադարձավ մեր տարածաշրջանում ներկայիս իրավիճակին, նշելով․ «Մեր տարածաշրջանում սահմանները հաճախակի են փոխվել, և հայերը մի քանի անգամ ստիպված են եղել լքել իրենց պատմական հողերը և, ցավոք, մենք ունենք հարևաններ, որոնք կառուցել և կերտում են իրենց ազգային ինքնությունը պատմական փաստերի յուրացման և կեղծման հիման վրա։ Սա հատկապես արդիական է հիմա, երբ Արցախի և հարակից տարածքների քրիստոնեական պատմամշակութային ժառանգության զգալի մասը պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ և գտնվում է ոչնչացման, յուրացման մշտական վտանգի տակ։

Նման քաղաքականությունը շատ վտանգավոր է, քանի որ նպատակ ունի արմատախիլ անել հայկական ինքնությունը և դրանով իսկ սահմանափակել արցախահայերի՝ այդ տարածքներում ապրելու իրավունքը։ Էթնիկ զտումների այս քաղաքականության ապացույցն է այն իրական հումանիտար ճգնաժամը, որն այսօր ստեղծում է Ադրբեջանը Արցախում՝ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ բնակչությանը զրկելով սննդից, դեղորայքից, էլեկտրականությունից, գազից։

Հայ-իտալական մշակութային սերտ հարաբերությունները այսօր ակտիվորեն զարգանում են: Սակայն ես ստիպված եմ այսօր խոսել նաև առկա իրողությունների մասին, ընդգծելու համար, թե որքան կարևոր և արժեքավոր է այն աշխատանքը, որ դուք՝ հայագետներդ այժմ անում եք՝ կանխելու համար պատմությունը, ինքնությունը և մշակույթը կեղծելու փորձերը՝ ի շահ մեր ընդհանուր մարդկային և քաղաքակրթական արժեքների»:

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728