2020 թվականի այս օրը՝ փետրվարի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերին ու խոստացավ, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվելու, որը քննելու է այն գործերը, որոնք ավելի քան տասը տարվա վաղեմության են ու չբացահայտված:
Այսօր «Հոդված 3» ակումբում վարչապետի խոստումը հիշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը եւ նկատեց, որ այդ գործերը վարչապետի խոստումից երեք տարի անց էլ մնում են չբացահայտված:
Իրավապաշտպանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքների շրջանակում մայրերին ընդունում էր ներկայիս գլխավոր դատախազ Վարդապետյանը. «Տիկին Վարդապետյան, դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք, թե՞ չէ, որովհետեւ որեւէ մեկը էս գործերի մասին ավելի լավ չգիտի, քան՝ դուք… ո՞նց էր ասում՝ բոլոր գործերը տապալվել են համակարգային կոռուպցիայի արդյունքում. եթե նախկինում այս գործերը չքննելը համարվել է համակարգային կոռուպցիա, ապա ի՞նչ է նշանակում այս գործերը չլսելը հիմա, ի՞նչ է, գուցե էլի համակարգային կոռուպցիայի մասի՞ն է խոսք գնում»:
Ովքե՞ր են խոչընդոտում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների գործերի բացահայտմանը, փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ հրապարակեց պաշտոնյաների կոնկրետ անուններ. «2007 թվականից առ այսօր Տիգրան Օհանջանյանի գործին առնչված պաշտոնյաներից գրեթե վեց տասնյակ անձինք իրենց գործողությւոնների կատարման կամ չկատարման հետեւանքով գործը մտցրել են փակուղի: Այդ պաշտոնյաներից շատերի վերաբերյալ տվյալները ներկայացրել ենք վարչապետին, գլխավոր դատախազին: Այդ ցուցակները ասուլիսից հետո հանձնելու ենք ՀՀ գլխավոր դատապազին՝ խնդրելով ցուցակում նշված անձանց նկատմամբ համապատասխան իրավական ընթացակարգ սկսեն : 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, օրակարգում էր նաեւ վեթինգը, լյուստրացիան, անցումային արադարադատությունը, որը չկատարվեց, ինչի հետեւանքով շատ պաշտոնյաներ այսօր ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում: Օրինակ՝ Հայկ Գրիգորյան, որը գրեթե բոլոր գործերում մասնակցություն է ունեցել: Անունները բավականին շատ են՝ Սեյրան Օհանյան, քննչական մարմնի պատասխանատու Յուրա Բադալյան, որն իր ձեռքով կորպուսի հրամանատար Բաղմանյանի մոտ ձեւակերպված սպաներին գրել է՝ Բաղմանյանի թիկնազորի անդամներ, այս անձանցից որեւէ մեկը առ այսօր չի ենթարկվել պատասխանատվության: Ցուցակներում շատ են նաեւ փորձագետներ, որոնք աչքի են ընկել կեղծ եզրակացություններ տալով, անկրկնելի դեր են խաղացել Շոթա Վարդանյանը, Շավարշ Գեւորգյանը: Դատախազներից՝ Աղվան Հովսեփյան, Գեւորգ Կոստանյան եւ Արթուր Դավթյան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ