Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարգարայի կամրջի հետ կապված մի քանի փաստեր հասարակությունը պետք է իմանա»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Փետրվար 17,2023 14:42

«Պատմական են որակում հայ-թուրքական սահմանի Մարգարայի կամրջով Հայաստանից հումանիտար բեռի մուտքը Թուրքիա։ Մինչդեռ հայկական կողմից չկա հիշատակում այն մասին, որ այն փակվել է 1993 թ.-ին Թուրքիայի կողմից՝ որպես ճնշման եւ բռնության գործիք ՀՀ-ի հանդեպ։ Մարգարայի կամրջի հետ կապված մի քանի փաստեր կան, որոնք հասարակությունը պետք է իմանա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Մարգարայի կամրջով հայկական հումանիտար բեռների փոխադրմանը երկրաշարժից տուժած Թուրքիա։

Գեղամ Մանուկյանը նախ նշեց, որ 2022 հուլիսի 9-ին Փաշինյանը այցելել է Մարգարայի կամրջի հատված եւ ծանոթացել պետական բյուջեի միջոցներով՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ երեսուն տարի նշյալ ճանապարհը փակ է եղել․ «Դեռեւս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է կառավարության նիստում զեկուցել, որ 2020թ․-ի համար նախատեսված ճանապարհների շինարարության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նորոգվելու է այդ թվում Թուրքիայի հետ սահման-Մարգարա-Տաշիր Վրաստան հատվածը։ Հատկացումը՝ գրեթե երկու միլիարդ դրամ։ Այդ ժամանակ դեռ չկար 44-օրյա պատերազմ, բայց կառավարությունն ավելի քան երկու միլիարդ է հատկացրել՝ Թուրքիայի հետ փակ սահման տանող ճանապարհը նորոգելու համար։ Ես փաստեր եմ ներկայացնում։ Ախուրյան գետի վրա Մարգարայի կամուրջն է։ Այդքան գումար ներդնել, երբ չկա ռազմավարական պլանավորում, հասկանալի չէ։ Չի եղել հիմնավորում։

Փաստերը խոսում են մի բանի մասին, որ այդ ճանապարհից օգտվելիս ամենաշահողն Իրանի վարորդներն են լինելու՝ Թուրքիայի հատվածով դեպի Գյումրի գնալիս՝ շրջանցելով Սյունիքի լեռնային հատվածները։ Այդ հատվածը տուրիզմի առումով քիչ է զարգացած՝ դատարկ է։ Օտար երկրի քաղաքացին, որն Անի է գալիս, գալիս է ինքնաբերաբար՝ Թուրքիայի այլ տարածքներ այցելելուց հետո։ ՀՀ-ի դեպքում այցելում են Վրաստանի տարածքով։  Թուրքիան այսպես իմիջի հարց է լուծում, միջազգային հարթակներում ներկայացվում է որպես ոչ կոնֆլիկտային հարեւան՝ ձեռքում ունենալով ՀՀ-ի հետ երկխոսության պատկերը, բայց շարունակում է ՀՀ-ի վրա ճնշում գործադրել՝ ընդունելու Ադրբեջանի պայմանները»։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ՀՀ-Թուրքիա հարաբերություններում թուրքական կողմը սահմանափակվում է փոքր ժեստերով, որոնք մեզ համար նշանակություն չունեն․ «Մինչդեռ իշխանությունը հրամցնում է դրանք՝ որպես պատմական դեպքեր։ Թուրքիան շարունակում է  ՀՀ-ի հետ բոլոր հարաբերությունները պայմանավորել Ադրբեջան-ՀՀ բանակցություններով եւ խոսել նախապայմանների լեզվով։ Թեեւ առաջին փուլում երկուսն էլ ասում էին, թե նախապայմաններ չկան։ Չկա իրական գործընթաց։ Հայկական կողմն ի սկզբանե սխալ է արել՝ պատերազմից ամիսներ անց խճճվելով եւ թաղվելով Թուրքիայի հետ իբր երկխոսության մեջ։ Այդ ժամանակ դեռ պարզ էր, որ Թուրքիայի հետ հիմա հնարավոր չէ հավասար երկխոսություն»։

Գեղամ Մանուկյանը հավելեց․ «Ի դեպ, մեր եռագույնի ծածանվելն Անկարայում համարեցին պատմական, մինչդեռ 1992թ.-ին արդեն իսկ Անկարայում ԱԳՆ-ի շենքի մոտ այն ծածանվել է։ Ավելին՝ 2005թ․-ից Ստամբուլի կենտրոնական պողոտայում մեր եռագույնը կար, որովհետեւ սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում մեր ներկայացուցչությունն էր այդտեղ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728