«Արարատ Միրզոյանի ներկայությամբ Չավուշօղլուն խոսեց Մետաքսի ճանապարհի կամրջի մասին, մինչդեռ հնագիտության եւ պատմագրության մեջ դա Անիի կամուրջն է։ Ներկայացնում են, թե ինչ մեծ հաջողություն կա կարգավորման գործընթացում, բայց մի քանի թուրքական աղբյուրների հաղորդագրությամբ՝ դեռեւս 2017թ․-ին Թուրքիայի մշակութի եւ տուրիզմի նախարարն ու ծովագնացության, կապի եւ տրանսպորտի նախարարը եղել են Կարսում, այցելել Անիի պատմական հուշարձաններ ու խոսել կամրջի ապագայի մասին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ հայտարարությանն այն մասին, որ պատրաստակամ են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։
Գեղամ Մանուկյանը փաստերով եւ հղումներով ցույց տվեց, որ այս պայմանավորվածությունը ոչ թե ներկայիս իրավիճակի ձեռքբերում է, այլ դեռեւս տարիներ առաջ Թուրքիայում տեղի ունեցած գործընթացների արդյունք։ «Կամրջի մասին 2019թ․-ին խոսել է Թուրքիայի բնապահպանության նախարարը, ասել , որ Մետաքսի ճանապարհը կարեւոր է, եւ այդ թվում կամուրջը պետք է նորոգվի։ 2019թ․-ի հունիսին Թուրքիայի նախկին տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ Թուրքիայի երկաթուղիները՝ «Կարսի 18-րդ երկաթուղին», մրցույթ է հայտարարել Անիի կամրջի նորոգման համար։ Այլ աղբյուրներով եւս Թուրքիան պաշտոնապես հայտարարել է այս մասին եւ գործողություններ սկսել նորոգման համար։Հայ-թուրքական կարգավորման որեւէ գործընթաց չկար այն ժամանակ։ ՀՀ-Թուրքիա երկխոսության հետ Անիի կամրջի նորոգման աշխատանքներն իրականում կապ չունեն։ Դեռ 2019թ-ին է Թուրքիայում հայտարարվել այդ մասին։ Համացանցում հիմա էսքիզներ են տարածվում, մինչդեռ 2019թ․-ին դրանք արդեն իսկ հրապարակվել են թուրքական մամուլում»,-նշեց Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ մամուլը դեռեւս 2020թ․-ի հունիսին է գրել, որ Անիի պատմական կամուրջը նորոգվում է․ «Ուստի այս ամենը վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ծխածածկույթ է՝ դետալների հավաքածու, որ հասարակ քաղաքացիներին հրամցնում են այնպես, կարծես թե լուրջ գործընթացներ են լինում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ