Դեմագոգիայի ամենատարածված հնարքն է կեղծ այլընտրանքներ առաջ քաշելը եւ դրա հիման վրա քարոզչություն անելն ու շանտաժով զբաղվելը: Դու նիկոլական չե՞ս, ուրեմն քոչարյանական ես: Կամ հակառակը՝ եթե չես կարծում, որ Քոչարյանը կփրկի Հայաստանը, ուրեմն ներկայիս իշխանության կողմնակից ես: «Իսկ ո՞վ կփրկի, – նույն տրամաբանության մեջ հարց է առաջանում, – ո՞ւմ եք դուք տեսնում որպես փրկիչ»: Ոչ մեկին չեմ տեսնում: Այս փուլում քաղաքական գործիչները լուրջ ասելիք եւ անելիք չունեն: Կփրկի ծրագիրը, ռազմավարությունը, որոնք պետք է մշակեն մտավորական շրջանակները՝ այն շրջանակները, որոնց նկատմամբ տարբեր քաղաքական խրամատներում նստած ֆանատները, մեղմ ասած, ջերմ զգացմունքներ չունեն:
Նույնը՝ միջազգային հարաբերություններում: Այսօր հակադիր ճամբարներում տեղակայված ագրեսիվ ֆանատները կենտրոնացել են հենց այդ թեմաների վրա: Եթե հիշեցնում ես, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր հարցում միասնական քաղաքականություն են վարում, իսկ Ալիեւը բացահայտորեն հայտարարում է «Արեւմտյան Ադրբեջան» «վերադառնալու» մտադրության մասին, ուրեմն դու «ռուսաստրուկ» ես եւ «ԳՌՈւ-ի գործակալ»: Եվ հակառակը՝ եթե դու կանխատեսում ես, որ Ռուսաստանը վաղ թե ուշ դուրս է գալու այս տարածաշրջանից, ուրեմն դու ցանկանում ես, որ Հայաստանը դառնա Թուրքիայի վիլայեթ: Այս դեպքում նույնպես մերժվում է չեզոք վերլուծության հնարավորությունը եւ, կարծես թե, պարտադրանք է ձեւավորվում մասնակցել ակտուալ քաղաքականության խարդավանքներին: Կա՛մ սեւ, կա՛մ սպիտակ՝ այսպիսին է դեմագոգիայի առաջադրած այլընտրանքը, որը քարոզում են տարբեր ճամբարների ֆանատները:
Մինչդեռ այս (Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա) կեղծ այլընտրանքի հարցում մենք կարող ենք ղեկավարվել ոչ միայն տրամաբանությամբ, այլեւ՝ հաջողված փորձով: 1990-ականների առաջին կեսին Հայաստանը կարողացել էր ապահովել Թուրքիայի հարաբերական չեզոքությունն, ու ջերմ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ:
Անհնարին ոչինչ չկա: Պարզապես նրանք, ովքեր վերլուծում են, մեկնաբանում են իրավիճակը՝ չպիտի ղեկավարվեն դեմագոգիայով եւ քարոզչությամբ՝ թողնելով դա քաղաքական շրջանակներին: Դա կարող է դուր չգալ «լայն զանգվածներին» եւ ֆանատների խմբերին: Բայց մտածող մարդը պետք է պատաստ լինի, որ նրա ասածները շատերին դուր չեն գա:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան
“Ոչ մեկին չեմ տեսնում: Այս փուլում քաղաքական գործիչները լուրջ ասելիք եւ անելիք չունեն:”
Սա էլ է դեմագոգիայի հնարքներից մեկը: Պարզից էլ պարզ է, որ «ոչ մեկին չտեսնելը» ընդամենը մեծարգո թրքահպատակին անուղղակի աջակցել է նշանակում…
“…եթե դու կանխատեսում ես, որ Ռուսաստանը վաղ թե ուշ դուրս է գալու այս տարածաշրջանից, ուրեմն…”
Իսկ ինչի՞ վրա է հիմնված այդ հանճարեղ «կանխատեսումը»: Իհարկե՝ բեւեռական ցնդաբանությունների ու Խզմալչուկի զառանցանքների: Վիլսոնն ու Բայդենը վկա՝ շատ հավաստի աղբյուրներ են, շատ… Անկասկած՝ ռուսները լքելու են եւ այս տարածաշրջանը, եւ այն տարածաշրջանը, եւ ռուսները շուտով պարտվելու են (հազար ներողություն՝ արդեն պարտվել են) եւ ընդհանրապես Ռուսաստան չի լինելու… 🙂
“մերժվում է չեզոք վերլուծության հնարավորությունը”
Շատ ստոր ու անխելք արարածներ են այդ մերժողները: Փոխանակ կարդան այլմոլորակային չեզոքների հանճարեղ վերլուծությունները, փոխանակ զմայլվեն երրորդ ուժական «չեզոք» մտքի հսկաներով՝ հիմարաբար մերժում են ու մերժում: Թե բա՝ դու կամ Հայաստանի շահերն ես սպասարկում, կամ Հայաստանի թշնամիների: Ա՜յ քեզ բան: Միգուցե ես Բուրկինա-Ֆասոյի շահերն եմ սպասարկում՝ չեզոքաբար, համեստորեն…
1990 ականներին դա բոլորովին ուրիշ Ռուսաստան էր,որը ինքն էր ուզում արևմուտքի հետ ջերմացնել հարաբերությունները։ Այսօրվա Ռուսաստանը նման է պայթուցիկը ձեռքին մի մոլագարի,որը սպառնում է պայթեցնել իրեն և բոլորին եթե ծնկի չգան իր առջև։ Անկեղծ և ջերմ հարաբերություններ անհնար է ունենալ նրա հետ։
Իհարկե, կարելի ձևացնել, որ մենք հասկանում ենք իրեն,կիսում նրա մտահոգությունները, մինչև որ հոգեբուժների հատուկ ջոկատը զսպաշապիկ հագցնի նրան։
Էս բարձր քաղաքակրթություններից ինչքան կարելի է հիասթափվել, ժողովրդավար են կոչվում, բայց աղետի ժամանակ մի ժողովրդին օգնում են, իսկ մյուսին’ ոչ մի կերպ: Ժողովուրդն է, մարդն է արժեքը եւ ոչ թե իրենց հակաժողովրդական հակամարդկային պետական խաղերը, մի մեծ Յախք դրանց հասցեին: Դրանց մեջ քաղաքական գործիչներ չկան, տառգաշների խունտան է գրավել ողջ աշխարհը: Մերոնք էլ առավոտից իրիկուն քննարկում են էդ տառգաշներին, հույս ունենալով, թե դրանք ժողովրդի համար մի բան կանեն: Ժամանակի ավելորդ վատնում: Դրանց հարցը ռազմական խունտան արագ կլուծեր, բայց մրից դուրս գանք մրջուրն ընկնենք’ լուծում չի: Մեզ մտավորականներից կազմված քաղաքական միաբան ուժ է պետք, որը ծնողի նման ծառայի իր սիրելի ժողովրդին: