Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորն ասել է՝ երկու տարի մանկատանը գտնված երեխային որդեգրելու մասին դիմումի անտեսում չի եղել

Փետրվար 17,2023 14:00

Դատավորը խնդրել էր իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը հետաձգել

Հունվարի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները: Որոշման որոշ մանրամասներ լույս են սփռում կարգապահական այս գործի վրա:

Նախ՝ դատավորի անցած ճանապարհի մասին: Ա. Սուքոյանը 1996 թվականից մինչեւ 1999 թվականը եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի ավագ օգնականը։ 1999 թվականից մինչեւ 2002 թվականն աշխատել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր, 2002 թվականից մինչեւ 2009 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։ 2008 թվականից մինչեւ 2009 թվականն աշխատել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր։ 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ որոշման մեջ առկա էր դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ: Վարույթը հարուցվել էր արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա: Ըստ այդ միջնորդության՝ «Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական պայմանների բացակայությամբ, միաժամանակ չհիմնավորված եւ չպատճառաբանված վճռի կայացմամբ, վճռով ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանունը, ըստ որդեգրել ցանկացող անձի կամարտահայտության գրառմամբ, թույլ տված խախտումները հանգեցրել են ՀՀ քաղդատօրենսգրքի, դատավորի վարքագծի կանոնների խախտման»:

Դատավորը ԲԴԽ-ին ներկայացնելով իր դիրքորոշումը՝ հայտնել էր, որ ամեն օր իր վարույթ է ընդունվել 30-50 քաղաքացիական գործ, որ երկու տարի մանկատանը գտնված երեխային որդեգրելու մասին դիմումի անտեսում չի եղել, դիմումին ներկայացվել է իքս-հաշվառման վերաբերյալ տեղեկանքը: Դիմումին կից ներկայացվել են բազմաթիվ այլ տեղեկանքներ, որոնք մատնանշվել են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի մեջ: Դատավորը նաեւ հայտնել էր, որ օրենքը «հուշում» է, թե որ դեպքում ծնողի համաձայնությունը երեխայի որդեգրման համար պարտադիր չէ:

Նշված գործով դատավորը հայտնել էր, որ կենսաբանական մայրն առհասարակ չի այցելել իր երեխային, երեխային խնամատար ընտանիք տեղափոխելու որոշման եզրակացությամբ հաստատվել է, որ հայրն ի սկզբանե անհայտ էր, երեխան մինչեւ վճռի կայացման օրը գտնվել է խնամատար մոր մոտ: Դատավորը չի ընդունել, թե թույլ է տվել խախտումներ, իսկ հոր անունը գրել է խնամատարի ցուցումով, սակայն դատարանը չի հաստատել «հոր» կողմից երեխայի որդեգրումը, նրան չի ճանաչել երեխայի ծնող: Այսինքն, առերեւույթ հայրացուի համար իրավական հետեւանք չէր կարող առաջացնել դատարանի որոշումը:

Եթե անգամ ընդունենք, թե երեխայի հաշվառման մասին տեղեկանքը բացակայել է այս գործից, որի մասին ակնարկել է նախարարը իր միջնորդությամբ, միեւնույն է, դատարանում առկա է եղել վարչական շրջանի խնամատարության եւ հոգաբարձության մարմնի դրական եզրակացությունը, որով երեխայի լավագույն շահից է բխել որդեգրումը: Ըստ դատավորի՝ ինքը չի հեղինակազրկել դատական իշխանությունն իր որոշմամբ, այլ կենսաբանական ծնողները, ովքեր երեխայի ծնվելուց մեկ ամիս հետո նրան մանկատուն են հանձնել, անտարբեր մնացել երեխայի նկատմամբ, իսկ դատարան դիմողն էլ երեխային է խնամել, նա արդեն չորս տարեկան է: Ի դեպ, դատարանը հաշվի էր առել նաեւ խնամատարի մարդկային որակները, խնամատար մայրը զինված ուժերում է նաեւ ծառայում, ունի բավարար պայմաններ երեխային մեծացնելու: Դատարանը բացատրություն է վերցրել խնամատարից: Ո՞րն էր երեխայի լավագույն շահը. դիմումը մերժե՞լ, երեխային խնամող մորից կտրե՞լ, նորից մանկատուն տանե՞լը, հարցրել էր դատավորը:

Այսքանով չբավարարվելով, ԲԴԽ-ն դադարեցրել է դատավորի լիազորությունները, իսկ նրան կենսաթոշակի անցնելուն մնացել էր երկու ամիս:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728