Լրահոս
Օրվա լրահոսը

Որոնք են Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմանները

Փետրվար 17,2023 13:30

Պարզվում է, այս հարցը արդեն վաղուց պատասխան ունի: Դեռ 1920 թ. դեկտեմբերի 10-ին Ազգերի լիգան սահմանել է, թե որ տարածքների վրա է տարածվում Հայաստանի Հանրապետության իրավասությունը։ Ներկայացվող փաստաթղթերը լույս են սփռում նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանի միջազգային ճանաչված հատվածի վրա։ Ուղղակի զարմանալի է, թե ինչու սույն որոշումները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ չեն օգտագործվում, ընկած չեն մեր արտաքին քաղաքականության հիմքում։ Սա ոչ թե միջպետական Պայմանագիր է, ոչ թե երկու երկրների միջեւ կնքած Համաձայնագիր է, որը կարող է փոփոխվել հետագայում՝ ավելի ուշ կնքված նոր համաձայնագրով, սա պետության ճանաչման վկայականն է՝ Պետության տիտղոսի ճանաչումը։ Այն «ռանգով» ավելի բարձր սուվերեն փաստաթուղթ է՝ այն ժամանակվա Ազգերի լիգայի, այսինքն, ՄԱԿ-ի իրավախորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչման փաստաթուղթն է։

Պարզվում է՝ 1920թ. վերջին Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը պաշտոնապես դիմել են Ազգերի լիգա անդամակցության համար։ Հայաստանի եւ Վրաստանի դիմումները պրոֆիլային հանձնաժողովը քննարկումից հետո ընդունել է, իսկ Ադրբեջանինը՝ մերժել։


Ազգերի լիգան Հայաստանի Հանրապետության անբաժան տարածք է ճանաչել 70 551 քառ. կմ, որը ընդգրկում է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, Նախիջեւանը, Արցախն ամբողջությամբ, Ղարսի եւ Արդահանի շրջանները։ Միեւնույն ժամանակ միջազգային ճանաչում են ստացել Հայաստանի Հանրապետության հավակնությունները վիճահարույց՝ Վանի, Իքդիրի եւ Տրապիզոնի վիլայեթների նկատմամբ, որոնք գրավված են եղել Ցարական Ռուսաստանի բանակի կողմից յոթ տարուց ավելի եւ դե յուրե պատկանել են այդ ժամանակ արդեն գոյություն չունեցող Ռուսաստանին։ Վիճահարույց տարածքների հետ միասին Հայաստանի Հանրապետության ընդհանուր մակերեսը նշվում է արդեն 210 000 քառ.կմ: Հարցը թողնվել է ավելի ուշ քննարկման եւ միջազգային արբիտրի օրենքի հետադարձ ուժով որոշմանը։


ՄԱԿ-ը ինքն իրեն չհակասելու համար 1991թ.-ին Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ՄԱԿ-ի անդամ ընդունելու որոշման մեջ չի նշում, թե ո՞ր սահմաններով են նորընտիր երկրները դառնում ՄԱԿ-ի անդամ։

2022թ. դեկտեմբերի 10-ին Բեռլինի Հայ Համայնքում փաստաթղթերի 102-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, ՄԱԿ-ից փաստաթղթերի պատճենները պաշտոնապես ստացած Արամ Մկրտչյանը նշեց, որ պիտի հետամուտ լինենք մեր նախահայրերի կողմից թողած դիվանագիտական ժառանգության պաշտպանությանն ու ամրապնդմանը, այլ ոչ թե ապավինենք ամեն նոր իշխանության հետ բանակցությունները զրոյական կետից սկսելու սկզբունքին։

Պետք է վերջապես հիմք դրվի առողջ, թափանցիկ, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա խարսխված հայկական նոր դիվանագիտության համար։

Անդրադառնալով փաստաթղթերին, պարոն Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված «Ծննդյան վկայականը» երկլեզու է՝ անգլերեն եւ ֆրանսերեն բացարձակ իդենտիկ տեքստով, որում նշվում է, թե հատկապես որ տարածքների վրա է ճանաչվում Հայաստանի Հանրապետությունը:

Զարմանում եմ, մեր դիվանագետները ինչո՞ւ մինչեւ այսօր լայն քննարկման չեն դրել այս փաստաթուղթը, Հայ հասարակությանը անտեղյակ են պահել եւ 1993 թ. ռազմի դաշտում տարած հաղթանակները դիվանագիտական միջավայրում հաստատելու գործընթացում այն չեն օգտագործել։

Կարծում եմ՝ ՀՀ ծննդյան վկայականը պիտի լայն շրջանառության մեջ դրվի եւ ամեն հայ իր տանը պատից կախված պիտի ունենա այս փաստաթուղթը, եթե պատկան մարմիններն այս հարցով չեն զբաղվում, ապա «ժողովրդական դիվանագիտությունը» պիտի զբաղվի:

Պրոֆ. Ավետիս ՍԱԴՈՅԱՆ

Բեռլին

Հ.Գ. ՄԱԿ-ի արխիվից պաշտոնական հարցման արդյունքում ստացված 20/48/208 փաստաթուղթն է: Հարցումն արվել է Համահայկական սենատի անունից՝ Արամ Մկրտչյանի կողմից:

«Առավոտ» օրաթերթ
16.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728