Հարցազրույց Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ
– Հարգարժան Վրեժ, արդեն մեկ տարի է՝ քոլեջը կրում է Շառլ Ազնավուրի անունը։ Ենթադրվում է, որ նման հնչեղ անունով հաստատությունները սովորաբար ավելի ուշադրության են արժանանում, հետաքրքրություն առաջացնում նաեւ արտասահմանում։
– Նախ ասեմ, որ բազմաթիվ շնորհավորանքներ ստացանք այդ առիթով։ Ի նշան անվանակոչության, ԿԳՄՍ նախարարությունն ու «Ազնավուր» հիմնադրամը ստորագրեցին կրթական, մշակութային համագործակցության հուշագիր։ Հիմնադրամը մեկ տարվա ընթացքում ակտիվ աշխատանքներ է ծավալել քոլեջում, այդ թվում՝ ներդրումային ծրագրեր։ Հիմնվեց «Գործիքային-կատարողական արվեստ» մասնագիտության երկու արվեստանոց-լսարան, որոնք կահավորվեցին հարվածային, ստեղնաշարային գործիքներով, «Հագուստի մոդելավորում» մասնագիտության համար ստեղծվեց արվեստանոց-լսարան՝ կարի ժամանակակից, մասնագիտացված մեքենաներով հագեցած։ Վերջին անգամ քոլեջը աշակերտական սեղան ու աթոռ ստացել էր 1983թ.։ Հիմա արդեն կահավորված են լսարանները՝ 200 ուսանողի համար եւ 300 տեղանոց դահլիճը։ Գնվել են նոր երաժշտական գործիքներ, վերջին սերնդի համակարգիչներ։ Վերջիններս անհրաժեշտ են «Ռեժիսուրա» եւ «Լուսանկարչական արվեստ» մասնագիտություններ սովորողների համար, արդեն ունենք մոնտաժային աշխատանքների լաբորատորիա եւ այլն։
– Իսկ բացի «Ազնավուր» հիմնադրամի՞ց…
Կարդացեք նաև
– Հիմնադրամի հետ շարունակական է լինելու ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ մշակութային եւ կրթական ծրագրերին աջակցությունը։ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրեն, քոլեջի բարեկամ Կարեն Խուրշուդյանի նախաձեռնությամբ կապիտալ վերանորոգվեց մեր դահլիճը։
– Իսկ կրթական ծրագրերում եղե՞լ են փոփոխություններ։
– Քոլեջի կրթական բաղադրիչում ներառվել եւ դասավանդվում է «Ազնավուրի երաժշտության պատմություն» առարկան, նախատեսվում է երրորդ օտար լեզվի՝ ֆրանսերենի ուսուցում։ Մեկ տարվա կտրվածքով գրեթե ամեն ամիս քոլեջը հյուրընկալել է ճանաչված շատ դեմքերի, այդ թվում՝ ֆրանսիացի դերասաններ Արիան Ասկարի, Աննա Կոնսինի, դերասան, ռեժիսոր Սանդրին Ֆուրլոն, ամերիկացի ջազ դաշնակահար Ջոել Ամարտի եւ այլք, որոնք վարել են վարպետության դասեր։
Որքան էլ մեր ազգը, մեր գենը տաղանդավոր է, բարձրակարգ կրթությամբ կադրեր պատրաստելը պետք է լինի ժամանակակից մեթոդներով, տեխնիկական հնարավորություններով։ Իսկ արդյունքը, վստահ եմ, սպասեցնել չի տա։
– Վերջին շրջանում շատ է խոսվում ուսուցիչների ատեստավորման մասին…
– Տարվա ընթացքում մեր մանկավարժները մասնակցում են վերապատրաստումների։ Կապեր ենք հաստատել հայաստանյան եւ արտասահմանում գործող տարբեր մշակութային կառույցների հետ, ինչը հնարավորություն է ստեղծում ինչպես վերապատրաստման, այնպես էլ մասնագիտական փորձի փոխանակման համար։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր դասախոս՝ անկախ այդ ամենից, ամեն օր լսարան պետք է մտնի նոր գիտելիքով։
– 2024թ. Ազնավուրի ծննդյան 100-ամյակն է եւ պետական մակարդակով սկսվել են հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։
– Մենք էլ ենք նախատեսում բազմաժանր միջոցառումներ եւ քոլեջում, եւ քոլեջից դուրս։ Կարծում ենք, որ այդ առիթով վերջապես կհաջողվի քոլեջի կապիտալ վերանորոգման ստարտը տալ։
– Բայց նկատեցինք, որ քոլեջի միջանցքները կոսմետիկ նորոգման են ենթարկվել, դարձել լուսավոր…
– Ճիշտ եք նկատել։ Վերանորոգվել է նաեւ հինգ լսարան, եւ այդ ամենը մեր միջոցներով է իրականացվել։ Քոլեջի շենքը կառուցվել է 1957թ., վերջին անգամ կապիտալ վերանորոգվել է 1983թ.։ Շենքն ունի ամրացման խնդիր։ 2022թ. դիմել ենք նախարարություն՝ հաշվելու շենքի կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ գումարը։ Դրանից շատ բան կպարզվի եւ գուցե ավելի արագ կարողանանք հարցին լուծում տալ։
– Իսկ գուցե կգտնվի՞ Ազնավուրի արվեստի մեծահարուստ երկրպագու, որը պատրաստ կլինի աջակցել այդ աշխատանքներին։ Ի դեպ, մտածե՞լ եք դրա մասին։
– Դեռեւս որեւէ մեծահարուստի չենք դիմել, բայց գաղափարը լավն է ու գուցե նման նախաձեռնությամբ հանդես գանք։
– Թեեւ շենքը «փայլուն» չէ, բայց փոխարենը փայլում են քոլեջի սաները, միջազգային փառատոներում, մրցույթներում արժանանում գլխավոր մրցանակների…
– Մեր ուսանողական թատրոնը (ղեկավար՝ Համլետ Թադեւոսյան) պատրաստվում է ներկայացումներով շրջել Սփյուռքում, ինչի առիթով արդեն ունենք պայմանավորվածություններ։ Մարտի վերջերին մեր ուսանողները համերգներով կմեկնեն Ֆրանսիա, ծրագրում ժողովրդական ու ազգային երաժշտություն է, իսկ ուսանողական թատրոնը հանդես կգա երկու ներկայացումով։ Կարեւորում ենք հայաստանյան փառատոներն ու մրցույթները նույնպես։ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից Թատրոնի միջազգային օրն ավանդաբար անցկացվող «Արտավազդ» մրցանակաբաշխությանը հայտ ենք ներկայացրել։
– Դուք էլ կարծես ավանդաբար շարունակում եք քոլեջի նախկին տնօրեն Նադեժդա Սարգսյանի գործը՝ միջազգային մրցույթներում ներկայացնելով ձեր սաներին։ Ի տարբերություն տիկին Սարգսյանի, որը ներկայանում էր որպես պրոդյուսեր, դուք այդպես չեք վարվում, չնայած մեզ մոտ պրոդյուսերի ինստիտուտը այդպես էլ չի կայանում։ Մի բան էլ. չե՞ք մտածել քոլեջում ուսուցանել պրոդյուսերի մասնագիտություն եւս։
– Մի գաղտնիք բացեմ. այդ բացը տեսնելով եւ ունենալով կապեր արտասահմանում, այս տարի միջազգային հարթակներում կներկայացնեմ ոչ միայն քոլեջի սաներից, այլեւ մեր երաժշտարվեստի մեկ-երկու կատարողի նույնպես։ Այո, ըստ էության դա պրոդյուսերի աշխատանք է… Ինչ վերաբերում է նոր բաժին բացելուն, տեղեկացնեմ, որ այդ ուղղությամբ մտածել ենք եւ 2023-24թթ. ուստարվա սկզբից քոլեջի ուսումնական գործընթացները կհամալրվեն նոր մասնագիտություններով։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
16.02.2023