Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի հրաշք է, որ դեռ կանք»

Փետրվար 17,2023 12:30

Հարցազրույց արձակագիր Մհեր Իսրայելյանի հետ

– Մհեր, Ձեր հայրիկի՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի թողած ժառանգությունը մեր գրականության համատեքստում կարեւոր նշանակություն ունի։ Ասում են` գրական մթնոլորտը, միջավայրը շատ կարեւոր է ստեղծագործող մարդու համար։ Ձեր հայրիկն ինչքանո՞վ է նպաստել, որ սկսեք գրել։ Եվ վերջապես` ինչո՞ւ եք գրում…

– Ես մեծացել եմ մի միջավայրում, որ մի քիչ գրական, մի քիչ այլախոհական, մի քիչ ֆիդայական շունչ է ունեցել, եւ ինձ պարուրած հարուստ, խելահեղ միջավայրի ոգին բնականաբար հայրս էր, Վրեժ Իսրայելյան երեւույթը՝ ինչպես իրեն ճանաչողներից շատերն են պատկերավոր բնորոշում։ Երբ տասը տարի առաջ ինքը հեռացավ այս աշխարհից, գուցե հիշատակը լուսավորելու, գուցե իմ հոգում առաջացած ահռելի վիհը լցնելու ներքին մղումը նետեց ինձ գրականության հրաշալի աշխարհը։  Երբ առաջին գիրքը գրեցի, ափսոսում էի, որ չեմ կարողանա իրեն ցույց տալ, բայց դա բարեբախտաբար պատահեց երազում՝ ժպտաց ու խոստացավ անպայման կարդալ։ Ինչո՞ւ եմ գրում. գրում եմ, որովհետեւ չեմ կարող չգրել, որովհետեւ ուզում եմ գրել ու զսպել այդ ցանկությունը առնվազն հիմարություն կլիներ։ Ցանկացած հեղինակ առաջին հերթին իր համար է գրում, բայց մտքում տենչում է, որ ասելիքը գտնի իր ճիշտ ընթերցողին։ Եթե անկեղծ լինենք, շատ անվանի գրողներ չեն կարողացել խելքը գլխին պատասխան տալ այդ պարզ հարցին, ու չէին էլ կարող։

– Բոլորովին վերջերս Եգիպտոսում արաբերեն լեզվով հրատարակվել է Ձեր «Ես եմ աշխարհի թագավորը» վեպը եւ  ներկայացվել Կահիրեի ամենամյա գրքի փառատոնին։ Ինչքանո՞վ եք կարեւորում ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունը եւ տարածումը հայրենիքից դուրս։

– Ես շատ կուզեի, որ հայ ժամանակակից գրականությունն առաջին հերթին Հայաստանում ընթերցվեր, քանի որ ունենք տաղանդավոր, ինքատիպ ու հետաքրքիր գրողներ, որոնց ժողովուրդը չի ճանաչում։ Իմ գրքերը գրեթե բոլորը Հայաստանում բարձր մրցանակների են արժանացել, բայց ասել, թե փողոցում մոտենում ու ինքնագիր են խնդրում՝ ծիծաղելի կլինի։ Դժբախտաբար այսօր ավելի շատ ընթերցվում է ավելի դյուրամարս, եթե չասենք՝ ցածրակարգ գրականությունը, ինչը հավանաբար արդի աշխարհի հիվանդությունն է, միայն մերը չէ։ Իհարկե, ուրախալի է, որ հայ հեղինակների գործերը երբեմն թարգմանվում են ու հրատարակվում տարբեր օտար լեզուներով, հատկապես՝ եթե այդ լեզվով կան հարյուր միլիոնավոր ընթերցողներ։ Համոզված եմ, որ այս միտումն առաջընթաց կապրի, բայց հուսալ, թե մեկ օրում կամ մեկ տասնամյակում հայ գրականությունը ճանաչելի կդառնա, իրատեսական չէ, քանի որ աշխարհը չունի հայ գրականության ընկալման ավանդույթ, իսկ ավանդույթի պատնեշը հաղթահարելն անասելի դժվար բան է։ Օրինակ, երեք հարյուր հիսուն հազար բնակիչ ունեցող Իսլանդիայի գրողները հաստատ ավելի ճանաչված են աշխարհին, ինչը չի նշանակում, թե իսլանդացիները մեզնից լավ են գրում։

– «Բնությունը քո վրա չի հանգստացել, ինչպես շատ հաճախ վարվում է», սա արձակագիր Ռուբեն Հովսեփյանի խոսքերն են` ուղղված Ձեզ։ Մարդ-բնություն կապն ինչպե՞ս է տող դառնում։ Եվ պե՞տք է հավատալ բառին…

– Երբ առաջին վիպակս ուղարկեցի լուսահոգի Ռուբեն Հովսեփյանին, երկու շաբաթ հետո այդ պատասխանը ստացա, աշխարհը տվել էին ինձ, հասկացա, որ պիտի շարունակեմ, հասկացա, որ արյունը ջուր չի դառել իմ դեպքում։ Բնությունն ու մարդը միասնական են, մարդը բնության մի մասնիկն է, ինչ անում է, գալիս է բնությունից ու գնում է դեպի բնություն։ Եվ արեւն է բնություն, եւ ծովը, եւ հողը, եւ տիեզերքը, եւ մարդը, ամեն ինչ, ինչ Աստված ստեղծել է։ Ու այդ ամեն ինչը ինչ-որ ներշնչանքով գրողի գրչի հմայանքով տող  է դառնում, բառ է դառնում ու խոսք։ Պարզ ասած, եթե բառին չհավատայի, չէի էլ գրի։ Եվ ընդհանրապես, բառը, լեզուն աստվածատուր շնորհներ են, եթե չհավատանք բառին, եթե չսիրենք մեր լեզուն, ապրելը շատ դժվար կլինի, կվերածվենք արհեստական մեքենայի պես մի բանի։

– Մհեր, Ձեր վիպակի վերնագիրը մեջբերեմ. «Մինչեւ մեռնելն ապրել է պետք»։ Ինչպե՞ս ապրել այսօր, երբ երկրիդ քարտեզն ամեն օր փոքրանում է, իսկ ամեն օրը հեղհեղուկ խաղաղության պայմաններում է լուսանում եւ մթնում։

– Ինչպես առաջին գրքիս վերնագիրն է հուշում՝ պիտի ապրենք ու արարենք, այլ ձեւ աշխարհում չկա։ Եթե ավելի փիլիսոփայորեն նայենք այսօրվա իրականությանը՝ հայ ազգը, որ մարդկության թերեւս հազարերորդական մասն է, զարմանալիորեն դեռ ապրում է ու շնչում։ Եթե նայենք պատմության ընթացքին՝ ուղղակի հրաշք է, որ դեռ կանք։ Մի օր քարտեզը կփոքրանա, մի օր գուցե մեծանա, բայց ոչ ոք իրավունք չի տվել մեզ ընկճվելու եւ մտածելու ապրել-չապրելու երկընտրանքի մասին։ Կյանքը պետք է հաղթի, եթե հայը մնա, որեւէ կասկած չունեմ՝ զարգանալու է ու իր արժանի տեղը գրավելու աշխարհի խառնիճաղանջ քարտեզի վրա։ Իսկ բուն՝ երկրի խաղաղության հարցը պիտի քաղաքական առաջնորդները լուծեն՝ բոլորիս համատեղ ջանքերով։

– Մեր զրույցի վերջում խոսենք նաեւ Արցախի մասին։ Այսօր Արցախը շրջափակման մեջ է, ծանր եւ դժվարություններով լի ժամանակաշրջան ենք ապրում…

– Բոլորն էլ գիտեն, որ Արցախը Հայաստանի մի մասն է, Արցախի ժողովուրդը հայ ժողովրդի մի մասն է, հետեւաբար Հայաստանն է այսօր շրջափակված։ Այլ բան է, որ կան աշխարհաքաղաքական իրողություններ, կան շահեր ու հետաքրքրություններ, որ չեն համընկնում մեր ցանկությունների ու բանաստեղծորեն ասած՝ մեր սիրուն աչքերի հետ։ Մեկս մյուսին թուրք ու դավաճան ասելով, երկիրը չենք փրկի, շրջափակումից դուրս գալը մեր ժողովրդի ամեն վայրկյանի մտահոգությունը պիտի լինի, ես ոչ  միայն այսօրվա Արցախի շրջափակումը նկատի ունեմ, այլ ընդհանրապես՝ այս փակուղուց Հայաստանի դուրս գալու ու պատնեշը ճեղքելու ճանապարհի իմաստով։ Ուրախալին այն է, որ մասնագիտությամբ լինելով միջազգայնագետ-պատմաբան, գիտեմ, որ պատմության ընթացքում շատ, շատ ավելի աղետալի վիճակներ ենք հաղթահարել, արհավիրքներ ու ցեղասպանություն վերապրել ու արժանացել մեր անկախությունը վերականգնելու բարեբախտությանը։ Որ հայրիկովս սկսեցինք զրույցը, արի նրանով էլ ավարտենք` «Արեւն  այնպիսի բան է, որ վաղ թե ուշ կլինի»։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728