Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Արցախի անվտանգությանը նոր սպառնալիքներ պետք չեն

Փետրվար 17,2023 12:00

Չի կարելի թույլ տալ, որպեսզի Մոսկվան ու Բաքուն հակադրվեն Արեւմուտքի քայլերին` ընդդեմ Հայաստանի շահի

Ռուսաստանից վերջին շրջանում Հայաստանի ուղղությամբ հնչող հայտարարություններին ի վերջո պաշտոնական Երեւանը արձագանքեց:

Հայաստանին որեւէ մեկը որեւէ բան չի պարտադրում, փետրվարի 14-ին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Արեւմուտքը մեզ որեւէ բան չի պարտադրել. ԵՄ դիտորդական առաքելությունը հայկական կողմի որոշումն է եղել ու կարող եմ ասել, որ առաքելության ժամանումը փոխկապակցված է նաեւ մեր փորձի հետ. 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, նույնը՝ 2022 թվականի սեպտեմբերին եւ, այդ փորձը հաշվի առնելով, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը»,- նշել է նա։ Հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը «խանդով վերաբերվում» այդ որոշմանը, Արմեն Գրիգորյանը նկատել է, թե չի կարող պատասխանել Մոսկվայի փոխարեն. «Մենք, բնականաբար, Մոսկվայի գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, հարցերը քննարկում ենք, ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումներն ու բացատրում, թե ինչու ենք այս քայլերը կատարել»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական կողմն արդեն մի քանի օր է՝ բուռն կերպով հակազդում է արեւմտյան կառույցների «մուտքին» տարածաշրջան, կարելի է եզրակացնել, որ Մոսկվայի համար պաշտոնական Երեւանի բացատրությունները նշանակություն չունեն:

Առհասարակ, Երեւանն ինչո՞ւ է կարծում, որ Մոսկվային բացատրություններ են անհրաժեշտ: Ռուսաստան-Արեւմուտք առճակատումը գագաթնակետին է հասել, եթե նախկինում Մոսկվան ցույց էր տալիս, թե որոշակի հանդուրժողականություն է ցուցաբերում Արեւմուտքի եւ հետխորհրդային հանրապետությունների միջեւ համագործակցությանը, ապա այսօր նրանք այլեւս ձեւականությունների ետեւից չեն ընկնում, բաց ու հստակ ասում են` դեմ ենք, որ մեր ազդեցության գոտում Արեւմուտքը «խաղեր տա»: Հետեւաբար, որքան էլ արդարացված է պաշտոնական Երեւանի բացատրությունը, որ` «գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում», եւ այդ իսկ պատճառով «Հայաստանը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը», Մոսկվան դա չի ընդունելու, քանի դեռ չլինեն պայմանավորվածություններ, համաձայնություններ հենց Մոսկվայի ու Բրյուսելի, Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ: Բայց այս պահի դրությամբ նման հնարավորությունների հույսեր դեռեւս չեն նշմարվում:

Ավելին, Մոսկվային ոչ միայն հետաքրքիր չեն պաշտոնական Երեւանի բացատրությունները, այլեւ հասարակական տրամադրությունները: Այլապես ռուսական կողմը որոշակի զսպվածություն կցուցաբերեր:

Ստեղծվել է բավական բարդ իրադրություն. Հայաստանում եվրոպական կառույցների կողմից հնչում է արդարացված քննադատություն Ադրբեջանի հասցեին, սակայն Ռուսաստանից հակադարձում են, որ թույլ չեն տա Արեւմուտքին խառնվել իրենց շահերի գոտում առկա խնդիրներին:

Վերջերս, օրինակ, Եվրախորհրդարանը զեկույց հրապարակեց, որում արձանագրեց, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքը: Եվրախորհրդարանի պատգամավորները պնդել էին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ «վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի ԼՂ-ի շուրջ երկարաժամկետ հակամարտության հետ», այն ռազմական հարձակում է, որը «խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը եւ հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը»:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր զեկույցը կոչ արեց Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, արձանագրվեց, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների եւ ներքին տեղահանվածների արագ եւ անվտանգ վերադարձը իրենց տներ: ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հետ միասին Եվրախորհրդարանն այս կոչն ուղղել է Ադրբեջանի իշխանություններին՝ խստորեն դատապարտելով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը։ Զեկույցն ընդունվել էր 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: «Մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը եւ Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում երաշխավորել գրեթե 2 ամիս արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»,- քվեարկությունից հետո հայտարարել էր զեկուցող Անդրեյ Կովաչեւը։

Պարզ է, որ ԵՄ-ի կողմից նման զեկույցների ընդունումը որոշակի զսպող ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա, իսկ Բաքվի համար սա անընդունելի զարգացում է: Ռուսաստանում Ադրբեջանի շահերի սպասարկման որոշակի խմբերի ու շրջանակների համար եւս սա վտանգավոր քայլ է, քանի որ այնտեղ էլ գիտակցում են, որ այդ առաքելությունը հնարավոր է որոշակիորեն զսպի Ադրբեջանին` Հայաստանի դեմ իր գործողություններում:

Մոսկվայի այսչափ կոշտ հայտարարությունների առկայության պայմաններում ԵՄ-ից անհրաժեշտ են լրացուցիչ հայտարարություններ, հավաստիացումներ, որ այդ առաքելությունն իրապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն է ուղղված լինելու:

Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանի գործողություններին, ապա Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ նրա անվտանգության պահպանումը առաջնահերթություն է: Սակայն ՀՀ ներկայիս իշխանությունները պետք է շարունակեն աշխատել ռուսական կողմի հետ` լիցքաթափելու լարված մթնոլորտը եւ վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկելու ուղղությամբ աշխատանքներ տանեն: Չի կարելի թույլ տալ, որպեսզի Մոսկվան ու Բաքուն հակադրվեն Արեւմուտքի քայլերին, իսկ արդյունքում նոր սպառնալիքներ ի հայտ գան Հայաստանի ու Արցախի անվտանգության համար:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728