Փորձագետը՝ հիփոթեքային վարկերը միայն ՀՀ դրամով տրամադրելու օրինագծի մասին
Այս պահի դրությամբ դրամային եւ արտարժութային վարկերի տոկոսային տարբերությունը բավականին մեծ է, եւ սեփական ռիսկը գնահատող շատ մասնագետներ գտնում են, որ անգամ տատանումների պարագայում արտարժույթի կտրուկ բարձրացումը բերելու է նրան, որ արտարժույթով վարկ վերցնելն ավելի ձեռնտու է լինելու, քան ոչ արտարժույթովը: ԱԺ առաջին ընթերցմամբ անցած «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ այսպես խոսեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, երբ խնդրեցինք օրինագիծը դիտարկել սպառողի շահերի պաշտպանության տեսանկյունից:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հիփոթեքային վարկերը տրամադրել միայն ՀՀ դրամով:
Կարդացեք նաև
«Քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել եւ ըստ էության որեւէ հիմնավոր պատճառ, տրամաբանական պատասխան չի հնչել, որ եթե արտարժույթով վարկն այսօր դրամային վարկի հետ մրցակցություն է ապահովում եւ զսպում դրամային վարկավորման բարձր տոկոսային շեմը, մենք ինչո՞ւ ենք նույնիսկ այդ բարձր տոկոսային շեմը զսպող գործիքը վերացնում: Այսինքն՝ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ անգամ դրամային վարկերի տոկոսները բարձրանան եւ եթե այդ փոփոխությունը նպաստելու է միայն գների բարձրացմանը, ոչ մի կերպ չի նպաստելու գների իջեցմանը՝ այդ դեպքում սպառողի անուն տալը՝ չգիտեմ թույլատրելիի ի՞նչ սահմանում գտնեմ, որ վիրավորական չհնչի եւ կարողանամ այդ բառն արտասանել»,-նշեց Պիպոյանը:
Սպառողների իրավունքների պաշտպանն առհասարակ տարակուսում է, թե երբ իբր սպառողների շահերի պաշտպանության համար որեւէ փոփոխություն է արվում՝ ունենո՞ւմ են սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող որեւէ կառույցի դրական կարծիք կամ երաշխավորում: «Իրականում սպառողի իրավունքի պաշտպանության հարց չկա, կա բանկային համակարգի շահը սպասարկելու հարց եւ վերջ»,-շեշտեց նա:
Բաբկեն Պիպոյանի խոսքով, իրականում այս փոփոխությունը դարձյալ բխում է բանկերի շահերից, պարունակում է շատ մեծ ռիսկեր, օրինակ՝ վարկերի տոկոսադրույքների բարձրացման առումով: Նա խորհուրդ տվեց ուսումնասիրել առեւտրային բանկերի վերջին 1-2 տարվա հաշվետվությունները, հոսքերը, ծավալները, կապիտալի փոփոխությունը եւ հասկանալի կդառնա, թե հատկապես օրենքներից բխող փոփոխությունները որքան պրոբանկային են եւ որքան են միտված եղել բանկերի շահերի պաշտպանությանը եւ ոչ թե մարդկանց շահերի պաշտպանությանը:
«Եթե, օրինակ, ասեին, որ Հայաստանի Հանրապետությունում բանկերն այլեւս արտարժույթով երկարաժամկետ վարկեր չեն տրամադրում, բայց այս գործիքակազմով սահմանվելու է դրամային վարկի առավելագույն տոկոսադրույքը, այսինքն՝ դրամը կարեւորելով եւ արտարժույթին խնդիրներ ստեղծելով՝ իսկապես պրոսպառողական քայլեր արվեին, թերեւս արժեր քննարկել, բայց նման բան չեն քննարկում: Սպառողը մենակ է իր ռիսկերի հետ՝ կապ չունի այդ ռիսկը դոլարայի՞ն է, թե՞ դրամային»,-ասաց Պիպոյանը: Երբ նրան հիշեցրինք, որ ԱԺ քննարկումներին օրինագծի ՔՊ-ական հեղինակները պնդում էին, թե այս նախագծով փորձում են կանխել աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով առաջացած արտարժույթի տատանողականությունը, ինչն էլ մեծ ռիսկ է հիփոթեքային արտարժութային վարկեր վերցնող քաղաքացիների համար՝ սպառողների շահերի պաշտպանն ընդգծեց. «Ես կարծում եմ՝ մեր երկրում միջին բիզնես ունեցող յուրաքանչյուր ոք ինքն իր ռիսկերն ավելի լավ է հասկանում, քան օրենքի փոփոխությունը նախաձեռնող պատգամավորը՝ թե ինտելեկտուալ բագաժի առումով, թե՝ ռիկսերը կառավարելու առումով»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանը եւս չի կիսում այն կարծիքը, թե օրինագիծը միտված է քաղաքացիների շահերի պաշտպանությանը եւ արտարժույթի տատանումներից ռիսկերի ապահովագրմանը, ավելին՝ նա կարծում է, որ օրենքի այս փոփոխությունը չի նպաստում նույնիսկ տնտեսության դոլարիզացիայի նվազեցմանը: Պատգամավորը կիսում է սպառողների շահերի պաշտպանի այն տեսակետը, թե հիփոթեքային վարկը միայն դրամով տրամադրելու պայմաններում, շուկայում մրցակցությունը կվերանա, ինչի հետեւանքով ավելի կբարձրանան դրամային հիփոթեքային վարկերը:
«Իհարկե, տնտեսության մեջ դոլարիզացիայի նվազեցումը խիստ անհրաժեշտություն է, որովհետեւ եթե տնտեսությունը դոլարիզացված է, ապա պետությունը եւ կենտրոնական բանկը զրկվում են դրամավարկային քաղաքականության միջոցով տնտեսության կարգավորման հնարավորությունից: Այս օրենքը, սակայն, այդ խնդիրը չի լուծում, ավելին՝ ես որոշակի ռիսկեր եմ տեսնում: Նախեւառաջ, կա տոկոսային պարիտետ ասված հասկացողությունը, որը պետք է հաշվի դոլար-դրամ փոխարժեքի տատանումները: Եթե ավելի պարզ ասեմ, դա նշանակում է, որ եթե մենք ունենք, ենթադրենք, 10 կամ 8-9 տոկոսով դոլարային հիփոթեքային վարկեր եւ 12-13 տոկոսով դրամային հիփոթեքային վարկեր, այսինքն մարդը, երբ վերցնում է հիփոթեքային վարկը, ինքն է ընտրում վերցնել ավելի էժան դոլարայի՞ն վարկ, թե՞ ավելի թանկ դրամային: Հիմա, եթե դոլարային վարկը չլինի, արդեն դրամային վարկը կորցնելով այլընտրանքը, մրցակցությունը գործող դոլարային վարկերի տեսքով, պարզ է, որ տոկոսները կբարձրանան: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները, ում եկամուտները դրամով է՝ չարժե մտնել արտարժույթով գնանշված որեւէ վարկի ռիսկի տակ, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,-նշեց Արթուր Խաչատրյանը՝ շեշտելով, որ այս պարագայում մարդիկ ունեն ընտրության հնարավորություն՝ դրամո՞վ, թե՞ դոլարով վարկ վերցնելու:
ԱԺ պատգամավորը ուշադրություն հրավիրեց մեկ այլ կարեւոր խնդրի վրա, այն է՝ բանկերի դոլարային լիկվիդայնության հարցը: «Բանկերը դոլարով ավանդներ են գրավում եւ նրանք այդ դոլարը պետք է մտցնեն շրջանառության մեջ՝ վարկերի տեսքով: Սպառողական վարկավորումը միայն դրամով է, դրա համար բանկերը կարող էին այդ դոլարով վարկավորել միայն հիփոթեքային ծրագրերը կամ արտաքին առեւտրի ֆինանսավորումը: Վերջինիս ուղղությամբ էական փոփոխություն չկա եւ չի լինի, ուստի բանկերը ստիպված պետք է լինեն դոլարը կամ վաճառել Կենտրոնական բանկին՝ պետությանը, կամ դոլարով գնանշված պետական պարտատոմսեր գնեն: Ամենայն հավանականությամբ, հենց սա է պատճառը եւ իմ կարծիքով, մեկ այլ հիմնավոր պատճառն էլ այն է, որ 2025 թվականին պետությունը տոննաներով վերցրած պարտքի մարում է կատարելու: Գիտեք, որ այս իշխանությունների օրոք Հայաստանի արտաքին պարտքն անցավ 10 մլրդ դոլարի սահմանը, այդ պարտքի զգալի մասը դոլարով է գնանշված եւ հետեւաբար, երբ պետությունը բանկերի այլընտրանքային հնարավորությունները սահմանափակում է, բանկերը, ուզեն թե չուզեն, պետք է ինչ-որ ձեւով այդ գումարը փոխանցեն պետությանը, ամենայն հավանականությամբ, դա պարտատոմսերն են կամ Կենտրոնական բանկն է գնելու այդ գումարը, որպեսզի կարողանան արտաքին պարտքը սպասարկեն: 2025 թվականին այդ հսկայական պարտքը, որ ունենք՝ գոնե դրա մի մասը պետք է մարեն, թեպետ կարծում եմ, որ այդ գումարն այնքան մեծ է, որ իրենք պետք է նորից պարտք վերցնեն, որ հին պարտքերը մարեն»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.02.2023