Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում Ձեզ՝ զերծ մնալ նման սրտաճմլիկ հայտարարություններ տարածելուց, ավելորդ լարվածություն ստեղծելուց, տուժող կողմի առաջ բարիկադներ կառուցելուց. Նորայր Նորիկյան

Փետրվար 16,2023 22:55

Արձագանքելով ՀՀ քննչական կոմիտեի կողմից այսօր տարածված հայտարարությանը, որը վերաբերում է Ազատ գյուղի տարածքում գտնվող զինվորական կացարանում 15 զինվորների մահվան գործին, հարկ եմ համարում ընդգծել հետևյալը․

Ինձ դասեր տալու, սենտիմենտալ զեղումներով ու սիրողական մակարդակով հայտարարություններ անելու փոխարեն Ձեր աշխատանքով փարատեք հանրության մոտ առկա կասկածանքները, քննության առարկա դարձրեք հնարավոր բոլոր վարկածները, այդ թվում՝ Ձեր բնորոշմամբ, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններն ու ասեկոսեները։

Եթե Ձեր պնդմամբ, տուժող կողմի հայտարարությունները որևէ աղերս չունեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, այլ ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, ապա պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր կողմից արված բոլոր հայտարարությունների հիմքում առկա են փաստական տվյալներ, միաժամանակ՝ բխում են գործի վերաբերյալ տուժողների դիրքորոշումից և համաձայնեցված են նրանց հետ, հետևաբար՝ չեն կարող հետապնդել զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու նպատակ։

Բացի այդ, իմ կողմից հրապարակայնորեն արված պնդումների հիմքում դրված են իրավասու պաշտոնատար անձանց կողմից դեպքի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, ինչպես նաև դեպքի վայրում գտնվելու ընթացքում իրականացված ուսումնասիրությունները, որոնք այս փուլում բավարար են նման պնդումներ կատարելու համար։

Ինչ վերաբերում է տուժողների կողմից առաջ քաշված վարկածին կամ հնարավոր այլ վարկածներին, ապա վարույթն իրականացնող մարմինը ոչ թե պետք է քամահրական վերաբերմունք դրսևորի նման վարքագծի նկատմամբ և փորձ անի հանրությանը «Պարտադրել» հավատալու ՀՀ կառավարության նիստում հրապարակված պաշտոնական վարկածին, այլ պարտավոր է քննության առարկա դարձնել հնարավոր բոլոր վարկածները։

Մեկ անգամ ևս պնդում ենք, որ տուժող կողմը չի հավատում պաշտոնական վարկածին և պահանջում է իրականացնել անկողմնակալ  ու օբյեկտիվ քննություն՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Տվյալ դեպքում ինքս եմ հորդորում Ձեզ՝ զերծ մնալ նման սրտաճմլիկ հայտարարություններ տարածելուց, ավելորդ լարվածություն ստեղծելուց, տուժող կողմի առաջ բարիկադներ կառուցելուց և Ձեր նկատմամբ ավելի մեծ անվստահություն ձևավորելուց։

Իրավասու բոլոր մարմինները պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում անել առավելագույնը՝ այս գործում ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

 

13 տուժողների լիազոր ներկայացուցիչ,

փաստաբան՝ Ն․ Նորիկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728