Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետ կապված բացահայտումները նորանոր հարցեր են առաջացնում: Քննչական կոմիտեն այսօր հորդորել է աբսուրդային ենթադրություններին տեղ չտալ, հրդեհը դիտավորությամբ այլ հանցագործության պարտակման հետ կապելու փորձեր չանել:
Մինչդեռ այսօր Aravot.am-ի հետ զրույցում հրդեհից զոհված զինծառայող Համլետ Դավթյանի ազգականը՝ Դավիթ Դավթյանը մի շարք փաստեր ներկայացրեց՝ հայտարարելով, որ վստահ է՝ պաշտոնական վարկածը, թե հրդեհը տեղի է ունեցել կապիտան Եղիշե Հակոբյանի՝ ավտոբենզինը վառարանում վառելու պատճառով, չի համապատասխանում իրականությանը, քննությունը այլ ուղղությամբ են տանում:
Թե ինչն է հիմնական կասկածն առաջացրել, հետեւյալն է. «Նախ, առաջին հերթին, մեր տղերքը գնացել են այդ տունը, այդ կազարմա կոչված տեղը ոչ մեկը կոշիկներով չէր մտնի, առավել եւս՝ գնային կոշիկներով ու շորերով քնեին»:
Կարդացեք նաև
Երբ փոխանցեցինք, որ ըստ հրդեհից փրկված զինծառայող Գարուշ Սարգսյանի, մյուս զինվորները արթնացած են եղել ու վազվզել սենյակում՝ Դավթյանն արձագանքեց. «Ես իրեն նախ չեմ հավատում, ինձ էլ հասկացեք, ես չգիտեմ ինքն ով է, ինչացու է: Ես այդ մարդուն չեմ ճանաչում, չգիտեմ ինքը խի է այդպես ասել, ճիշտ է ասել, թե չէ: Բայց գիտեմ, որ դեպքն այնպես չի եղել, ոնց որ լրատվությամբ տալիս են: Առանց հետաքննություն անելու, առանց դատաբժշկական քննություն անելու դեպքից մի ժամ հետո հելնում ասում են՝ կապիտանը բենզինը լցրել է, հետո շպրտել… Ոնց ուզում եք պատկերացնել, այդպես չի կարող լինել, եթե տեղանքն ուսումնասիրեք, իրենց պատմածն անհնար է: Այդ դեպքի հետ կապված ով ինչ ասի, ես չեմ հավատում, ես իմ սեփական կարծիքն ունեմ ու ինչ էլ ասեն՝ իմ կարծիքը չի փոխվելու: Ոնց որ ասել էր կիրովականցի Արամ Մանուկյանի հայրը, ես այդ մտքին եմ, որովհետեւ այնտեղ հաստատ կռիվ եղել էր կապիտանի հետ: Հաստատ խնդիր են ունեցել կապիտանի հետ բոլոր զինվորները»:
Դավիթ Դավթյանը Համլետ Դավթյանի հետ վերջին անգամ խոսել է դեպքից մոտ 10 օր առաջ: Նրա խոսքով՝ Համլետը իր ընկերներին, բարեկամներին ասել է կապիտան Եղիշե Հակոբյանի հետ ունեցած վեճի մասին. «Միշտ ասում էր՝ ինչքան շուտ ստեղից դուրս գամ, էդքան լավ, ասում էր՝ էս մնալու տեղ չի: Ու դա ոչ թե կապված էր տեղի հետ կամ ընկերների հետ, այլ կոնկրետ հրամանատարության: Ես կարծում եմ, որ տղերքը մինչեւ վառվելը ինչ-որ քնաբերի կամ դեղի կամ ինչ-որ մի բանի ազդեցության տակ են եղել, որովհետեւ շորերով չէին գնալու մտնեին ներս: Բոլորը եղել են շորերով: Իրենց կազարմայի մեջ ոչ մեկը չէր մտնում կոշիկներով:
Կոշիկները հանում, նոր գնում էին առաջ: Այդտեղ իմ հորեղբոր տղան իր կամքով ուզել է մտնի ներսն ու ուղղակի տեսնի, թե տղերքը որտեղ են քնում, մի զինվոր ասել է՝ ախպեր, էդ կոշիկներդ հանի, մենք կոշիկներով չենք մտնում կազարմա: Էս մարդն էլ ասել էր՝ ավելի լավ, ավելի ուրախ, որ այդպես մաքուր եք պահում ձեր սենյակը: Կարող էր դեպքի օրը մեկը մտներ կոշիկով, բայց որ 15-ն էլ էդպես պառկած լինեին…Մարդիկ տեսել են վառվում են, սպասել են վառվեն պրծնեն, առանց ինչ-որ բան անելու դիակները հավաքել, տարել բաժանել են տներին ու ասել են՝ վսյո, ձեր տղերքը մեռել են, գնացեք ինչ ուզում եք արեք…»:
Որպես իր խոսքերի ապացույց, Դավիթ Դավթյանը մեզ փոխանցեց զինծառայողներից մեկի ծննդյան տեսանյութը, որն արվել էր կացարանում դեպքից առաջ:
Այդ տեսանյութն ուսումնասիրելիս նախ պարզ երեւում է, թե որ հատվածում է դրված եղել վառարանը, այն դռնից ինչ հեռավորության վրա է. «Այնտեղ այն միջանցքն է, որտեղ վառարանը դրված էր ու երեւում է կազարմայի դռներն են փակ, դաժե երեւում է, որ կազարմա մտնող հատվածում կոշիկները հանած, դուրսն են դրած»:
Բացի այդ, Դավթյանն ասաց. «Վառարանից մինչեւ դուռը 5-6 մետր հեռավորություն է, ոնց էլ շպրտեր բենզինը, չէր կարա գնար, անկողիններին հասներ, 5 լիտր բենզինի վառելը մի քանի վայրկյան կարող տեւի…Կոնկրետ էդ օրվա մասին ասեմ՝ հորեղբորս տղեն խոսացել էր հետը իրիկունը ժամը 10-ի կողմերը, ինքը նորմալ, ոչ ինչ-որ բանի ազդեցության տակ է եղել, ոչ խմած, ինքը նեղված է եղել էդ օրը ու հաստատ մի բան կատարվել է: Մինչեւ էդ էլ ինքը ամեն օր նեղված էր ու կոնկրետ էդ օրն էլ»:
Երբ փոխանցեցինք, որ դեպքի մասնակից, ճաղավանդակից դուրս եկած զինծառայող Գարուշ Սարգսյանը, նրա մայրը մեզ հետ զրույցում հակված էին պաշտոնական վարկածին՝ Դավիթ Դավթյանն արձագանքեց. «Դե սաղիս համար պարզ է, որ կարային այնպես խոսեին, որ իրենց տղու վրայով ոչ մի բան չլիներ»: Ճշտեցինք, այսինքն, կարող է նաեւ նա՞ ներքաշված լինել, կասկածելի՞ է, որ ողջ է մնացել՝ նա պատասխանեց. «Կարա ոչ թե ներքաշված լինի, այլ տեղյակ լինի, իմացած լինի»:
Գարուշ Սարգսյանը պատմել էր, որ ննջասենյակի դուռը ներս է բացվել, բայց խուճապի մեջ իրենք այն հրել են դուրս՝ փորձելով կոտրել: «Էդ արդեն հեքիաթ է»,- արձագանքեց Համլետ Դավթյանի հարազատը` կասկածելով, թե 15 հոգին էլ չգիտեի՞ն, որ այդ դուռը ներս է բացվում, անհնար է. «Ըստ ինձ, տղերքը մինչեւ պառկելը քնած են եղել, ուղղակի դժվար է եղել շորերը հանել, այդ պատճառով շորերով տարել, պառկացրել են: 15 հոգու շորերը, կոշիկները հանել, տանել ահագին բարդ գործ է: Ու մի բան էլ՝ սկզբում հայտարարություն տվեցին, ասեցին՝ բոլորով միասին եղել են 18 հոգի: Հետո 3 հոգի էլ ի հայտ եկան: Էդ երեքը ինչ էին անում, ուր էին, չգիտեմ, ջուրը 50 մետր այն կողմ է, չէր կարող էնպես լիներ, որ ջրի գնային ու այդպես լիներ: Ու այդտեղի ճաղավանդակից անհնար էր այդ զինվորին դուրս հանեին: Եթե այդտեղից դուրս հանեին, պետք է թեւերը լոպկված լինեին, ճղված, վառված տեղեր ունենար իր վրա, բայց էդ մարդուն ոնց տեսնում եմ, մատներն են վառվել: Մարդու մարմնի ամենալայն հատվածը ուսերն են, պատուհանները, ոնց տեսնում ենք, լրիվ վառված են ու պետք է որ երկաթները շիկացած լինեին, իրեն էլ չկարողանային օգնեին ուժեղ կրակի ժամանակ: Որ դուրս էր եկել, էդ ճաղավանդակը ջարդելն էդքան էլ բարդ չէր, բոլորը կարող էին էդպես դուրս գային: Եթե կրակը դեռ ննջասենյակի ներս չէր մտել, մարդիկ հնարավորություն ունեին պատուհանը հանգիստ բացեին, էդ երկաթները ոնց էլ չլիներ մեկը ուժ կունենար ոտքով խփել ու բացել, այդտեղ բարդ բան չկար: Սվառկա արած չէր: Իսկ այն, որ այն երկու զինվորը ջրի էին գնացել, էդ փաստին էլ չեմ հավատում: Կարող է իրենք այդտեղ չեն եղել էդ պահին կամ ով որ այս գործն արել է, ինքն է թույլ տվել, որ իրենք գնան այդտեղից: Ես այդտեղ դիտավորություն եմ տեսնում միայն, պատահականություն չկա ընդհանրապես»:
Դավիթ Դավթյանը պատմեց, որ Համլետ Դավթյանը հնարավորություն է ունեցել բանակ չգնալու. «Վիզ դրած ուզում էր գնար բանակ: Համլետի բանակի քեֆն եղել էր հունվարի 9-ին, զինկոմիսարիատից հետ են ուղարկել տուն, ատամների հետ խնդիր ուներ ու նաեւ դոշի հատվածում: Իրան ուղեգիր պետք է տային, որ գնար բժշկական զննության, բայց ինքը հրաժարվեց, ասեց չէ, գնալու եմ բանակ: Ուղիղ 30-ին տարան իրան ու պիտի զորացրվեր 2024-ի հունվարի 30-ին, մի տարի էր մնացել»:
Թե այս օրերին ովքեր են այցելել զոհվածի ծնողներին, հարազատներին, Դավիթ Դավթյանն ասաց. «Պանիխիդային պաշտոնավորներ էին եկել, բայց յանի որ եկան, ոչ մի բան չփոխվեց: Ավելի վատ: ՊՆ-ից կորպուսի նոր հրամանատարն է եկել, ազգանունը չեմ հիշում, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, մեր մարզպետն էր եկել, համայնքապետարանից աշխատողներ: Եղան ցավակցություններ ձեւական, ո՞ւմ է պետք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ