Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրաքցի երիտասարդի պատռված բաճկոնը՝ ազատազրկման պատճառ

Փետրվար 16,2023 22:20

Իրաքի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Ալի Նաջաթ Աղա Աղան Հայաստանի սահման հասնելով՝ զարմացել է, որ 3 օր առաջ Իրաքում գնած բաճկոնն ունի պատռված մաս։ Առաջինը դա նկատել են մաքսատան ծառայողներն ու պատռելով բաճկոնի աջ թեւատակի հատվածը՝ ինչ-որ փաթեթ են հանել։ Նախաքննական մարմնին տված ցուցմունքում Աղա Աղան նշել է՝ որ տեղեկություն չունի թե ո՞ւմն է փաթեթը եւ ինչպե՞ս է հայտնվել իր բաճկոնի մեջ։

Աղա Աղայի խոսքով՝ ինքը երբեք թմրանյութ չի օգտագործել, թմրանյութերի առք ու վաճառքով չի զբաղվել։

Հետագայում, պարզվել է, որ 24-ամյա իրաքցին 2022թ. հոկտեմբերի 13-ին ոտքով հատելով ՀՀ պետական սահմանը, Իրանից մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ապօրինի Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 7.25 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և այն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել իր մոտ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ալի Նաջաթ Աղա Աղան հրաժարվել է ցուցմունք տալուց եւ ընդունել է մեղքը։

Նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի դատավճռով՝ իրաքցի երիտասարդը մեղավոր է ճանաչվել 396 հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) եւ 399 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հատկանիշներով։

ՀՀ քրեական օրենսգրքի 74 հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ՝ հանցագործությունների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ Ալի Նաջաթ Աղա Աղայի նկատմամբ դատարանը վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով:

Պատիժը կրելու սկիզբն հաշվարկվում է 2022 թվականի հոկտեմբերի 13-ից:

Դատավճիռը հրապարակվել է 2023թ․ փետրվարի 13-ին եւ այն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728