Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ր օրենքն է ասում, որ վրաերթից հետո ուղեկցող շարասյունը չի կանգնում»․ վկա-ոստիկանի ցուցմունքը

Փետրվար 16,2023 21:21

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորտեժն  ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար,  մայոր Արամ  Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստում որպես վկա հարցաքննվեց ՃՈ աշխատակից, տեսուչ Կիրակոս Ղազարյանը։

Հանրային մեղադրող Ալավերդյանը հարցրեց, թե որտե՞ղ են ավարտել շարասյան ուղեկցումը։ Կիրակոս Ղազարյանն արձագանքեց՝ չի ցանկանում պատասխանել, թե մինչեւ ուր են գնացել։ «Ո՞վ է կարգավորել ձեր արագությունը, ի՞նչ արագությամբ եք երթեւեկել» հարցին վկան պատասխանեց․ «Եթե հրահանգ չկա, սովորական՝ 60-70կմ/ժամ: Թույլատրելին մինչեւ հարյուրն է, եթե շտապելու խնդիր չկա»։

Տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հարցրեց՝ ո՞ր օրենքի հիման վրա չեք կանգնել վրաերթից հետո։

Կիրակոս Ղազարյան-Չեմ հասկանում հարցը։ Չի թույլատրվում կանգնել։ Օրենքն այդպես է ասում։

Րաֆֆի Ասլանյան-Ո՞ր օրենքն է ասում, որ վրաերթից հետո ուղեկցող շարասյունը չի կանգնում։

Կիրակոս Ղազարյան-Չեմ կարող պատասխանել։

Ապա` մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը հարցրեց՝ դուք ի՞նչ արագությամբ  էիք երթեւեկում։

Կիրակոս Ղազարյան-60-70կմ/ժամ:

Ռուբեն Բալոյան-Գործով կան տվյալներ, որ Արամ Նավասարդյանը խաչմերուկ է մտել 108 կմ/ժամ արագությամբ։

Կիրակոս Ղազարյան-Բան չեմ կարող ասել։ Չեմ կարծում, որ նման արագությամբ հնարավոր է մտնել այդ խաչմերուկ։

Ռուբեն Բալոյան-Կարգավորող ոստիկանը որեւէ բան ասե՞լ է հետիոտնին։

Կիրակոս Ղազարյան-Լսել եմ, որ ասել է՝ «մի անցեք»։

Ռուբեն Բալոյան-Հետիոտնը պարտավո՞ր է պահանջը կատարել։

Կիրակոս Ղազարյան-Իհարկե։ Տեսուչն է որոշում, թե ով մտնի խաչմերուկ։

Րաֆֆի  Ասլանյան-Իսկ ո՞ր նորմից ելնելով եք ասում, որ եթե կարգավորող կա, ու լուսացույցը չի աշխատում, ուրեմն հետիոտնը պետք է լսի կարգավորողին։

Կիրակոս Ղազարյան-Ըստ երթեւեկության կանոնների։ Կարգավորողն է որոշում։

Րաֆֆի Ասլանյան-Ո՞ր կանոնների։

Վկա-Չեմ կարող ասել։

Դեպքի ժամանակ խաչմերուկը կարգավորած ոստիկանի ցուցմունքը՝ այստեղ։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Նավասարդյանը շարասյան առջեւից ընթացող իր մեքենան վարել է լուսաձայնային ազդանշանները միացված, սահմանված 100 կմ/ժամը գերազանցող՝ նվազագույնը 108,7 կմ/ժամ արագությամբ։ Ըստ մեղադրանքի՝ երթեւեկության վտանգավոր պահից սկսած(որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել) Արամ Նավասարդյանը քայլեր չի ձեռնարկել՝ արագությունն իջեցնելու համար, ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցը կանգնեցնելը, եւ ժամանակին չի դիմել արգելակման, ստեղծել է վթարային իրադրություն եւ մեքենայի առջեւի աջ մասով վրաերթի է ենթարկվել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հանգիստ քայլելով հետիոտնային գծանշումների վրայով Պարոնյան փողոցը հատող, 31 շաբաթական հղիություն ունեցող Սոնա Մնացականյանին։ Արդյունքում Արամ Մնացականյանը հետիոտնին անզգուշությամբ պատճառել է մահ։ Բացի այդ, Արամ Նավասարդյանը թողել է ՃՏՊ-ի վայրը եւ հեռացել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728