Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունք չուներ փողոցը հատելու»․ ի՞նչ պատմեց վկա-ոստիկանը՝ Սոնա Մնացականյանի վրաերթի մանրամասներից

Փետրվար 16,2023 21:01

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորտեժն ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, մայոր Արամ  Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստում որպես վկա հարցաքննվեց ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի ծառայող Հովհաննես Մկրտչյանը։  Նա դատարանին հայտնեց, որ մեղադրյալ Արամ Նավասարդյանի հետ «նույն տեղում են աշխատում»։

Հանրային մեղադրող Ալավերդյանը խնդրեց ներկայացնել իրեն հայտնի մանրամասները դեպքի մասին։

Հովհաննես Մկրտչյան-Երբ մոտենում էինք Պարոնյան-Լեո խաչմերուկին, ես ընթանում էի շարասյան հետեւից՝ վերջին «փակողն» էի։ Վաշտի հրամանատարը եւ կարգավորող տեսուչը կապի մեջ մտան ու ասացին, որ վրաերթ է եղել։ Խաչմերուկին հասնելու  պահին վրաերթի ենթարկված մարդ չեմ տեսել։ Աջ մասում շորերի կույտ էր։ Խաչմերուկն  անցնելուց հետո՝ 60-70 մետր վերեւ, կայանված էր այն մեքենան, որը վարում էր Արամ Նավասարդյանը։ Ընթացում կապով լսեցի, որ կարգավորող տեսուչը կենտրոնին կապ տալով պահանջում էր, որ շտապօգնությունը մոտենա, որովհետեւ վրաերթ է եղել։ Հետո հետադարձ արեցի։ Կարգավորող տեսուչն ասում էր, որ չի կարելի, որ քաղաքացիները մոտենում քաշքշում են, օգնություն էր խնդրում։ Մոտեցա խաչմերուկին, որտեղ տեսուչներից Վիգեն Սեդրակյանն էր։ Խաչմերուկում վատ դրության մեջ էր հայտնվել կարգավորող տեսուչ Արամ Բորսաբյանը։ Քաշքշում էին։ Բարձր վիրավորանքներ էին ասում նրան։ Ասում էր՝ ժողովուրդ ջան, մի արեք, ես էլ ձեր նման մեկն եմ․․․ Այդ ժամանակ շտապօգնությունն արդեն տեղափոխել էր տուժածին։

Մեղադրող-Որքան՞ է եղել շարասյան արագությունը։

Հովհաննես Մկրտչյան-60-70կմ/ժամ։

Մեղադրող-Որքա՞ն արագություն է թույլատրելի Երեւանում։

Հովհաննես Մկրտչյան-60-70: Առջեւի մեքենան գուցե մի քիչ արագ էր, բայց խաչմերուկը նեղ է, բարձր արագությամբ հնարավոր չէ անցնել։

Մեղադրող-Արամ Նավասարդյանը դեպքի վայրում կանգնե՞լ է։

Հովհաննես Մկրտչյան-Այդ մասում հնարավոր չէր կանգնել։ Շատ նեղ է։ Մի փոքր առաջ՝ 60-70 մետր վերեւ ինքը կայանած էր։

Մեղադրող-Ինչո՞ւ հնարավոր չէր։

Հովհաննես Մկրտչյան-Շարասյունը հնարավոր չէր լինի անցներ։ Եթե կանգներ, շարասյունն էլ կկանգներ։ Տեղ չկար, որ աջ քաշեր կանգներ։

Մեղադրող-Արամ Նավասարդյանը մեքենայից դուրս էր եկե՞լ, թե ոչ։

Հովհաննես Մկրտչյան-Չեմ նկատել, չեմ հիշում։ Մենակ հագուստն եմ նկատել՝ ոչ մայթի վրա։

Մեղադրող-Արամ Նավասարդյանի հետ խոսե՞լ եք։

Հովհաննես Մկրտչյան-Ես եմ զանգել, ասաց, որ վրաերթ է եղել։

Մեղադրող-Ասե՞ց, թե որտեղ է եւ ինչ է պատրաստվում անել։

Հովհաննես Մկրտչյան-Փորձեցի նորից զանգել, բայց հեռախոսը զբաղված էր։ Ասաց, որ իր մեքենայով է եղել, հիվանդանոց են տեղափոխում։

ՄեղադրողԴեպքի վայրում կարգավորող ոստիկան Արամ Բորսաբյանին ինչո՞ւ էին քաղաքացիները վիրավորում։ Այդտեղ նաեւ Վիգեն Սեդրակյանն էր չէ՞։

Հովհաննես Մկրտչյան-Նա եկել էր ու ուզում էր հանդարտեցնել։ Բորսաբյանը խաչմերուկը կարգավորողն էր, դրա համար էր ժողովուրդը․․․իսկ Վիգենը փորձում էր հանդարտեցնել եւ խաչմերուկը կարգավորել, որովհետեւ ծանրաբեռնվածություն էր առաջանում։

Տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյան-Ասում եք, որ դուք 60-70 արագություն էք ունեցել։ Ո՞վ է դա ձեզ ասել։

Հովհաննես Մկրտչյան-Ես շարասյան հետնամասն եմ փակում, պարտավոր եմ իներցիան պահել։

Րաֆֆի ԱսլանյանԲայց արագության ընտրությունը ձե՞րն է, թե նախապես ասվում է։

Հովհաննես Մկրտչյան-Չեմ պատասխանում հարցին։

Րաֆֆի Ասլանյան-Իրավունք չունեք չպատասխանել։

Հովհաննես Մկրտչյան-Ունեմ։ Դա գաղտնիք է։

Րաֆֆի Ասլանյան-Քրեական գործի համար մեծ նշանակություն ունի, թե ձեր արագությունն ով է հրահանգավորում։ Դուք ձեր ասածով ցույց եք տալիս, որ հրահանգավորող եղել է։

Դատավոր Կարեն Ֆարխոյան-Վկա, եթե տեղյակ եք եւ չեք ասում, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Եթե չգիտեք, հայտնեք, որ տեղյակ չեք։

Րաֆֆի Ասլանյան-Ո՞վ է ձեզ հրահանգավորել։

Հովհաննես Մկրտչյան-Տեղյակ չեմ։

Րաֆֆի Ասլանյան-Դատարանի մեկնաբանությունից հետո՞ որոշեցիք այդպես ասել։

Հովհաննես Մկրտչյան-Ոչ։ Ես գիտեմ իմ պարտավորությունը։

Րաֆֆի Ասլանյան-Իսկ ո՞ր փողոցից դեպի ո՞ր փողոց եք ուղեւորվել։

Հովհաննես Մկրտչյան-Չեմ կարող ասել։

Րաֆֆի ԱսլանյանԴա էլ է գաղտնի՞ք։ Ո՞ր նորմից ելնելով եք համարում, որ փողոցից փողոց նշելը գաղտնիք է։

Հովհաննես Մկրտչյան-Անձի անվտանգությունից։

Րաֆֆի Ասլանյան-Ո՞ր անձի։

Հովհաննես Մկրտչյան-Ով որ ուղեկցում է։ Ծառայողական գաղտնիք է։

Րաֆֆի Ասլանյան-Վաշտի հրամանատարն ասել է փողոցները, հիմա դուք դա գաղտնիք եք համարո՞ւմ։ Ո՞ր օրենքով։

Հովհաննես Մկրտչյան-Մենք անձի անվտանգությունն ենք ապահովում, ինչո՞ւ պետք է ասենք փողոցները։

Րաֆֆի Ասլանյան-Ըստ քրեական գործի տվյալների՝ Արամ Նավասարդյանը 108 կմ/ժամ արագությամբ է երթեւեկել։ Այդ արագությամբ նա կարո՞ղ էր խաչմերուկ մտնել։

Հովհաննես Մկրտչյան-Վարորդական իրավունք ունե՞ք։ Դուք կարո՞ղ էիք։

Դատավոր Ֆարխոյան-Դուք որպես վկա հարց տալու իրավունք չունեք։

Րաֆֆի Ասլանյան-Ըստ դեպքի վայրի փորձաքննության՝ վեց մետր տեղ կար, եւ երկու մեքենաներ կարող էին կանգնել ու կայանել։ Դուք ինչո՞ւ չկանգնեցիք։

Հովհաննես Մկրտչյան-Տեղ չկար, ես տեղ չեմ տեսել։

Րաֆֆի Ասլանյան-Որ լիներ, կկանգնեի՞ք։

Հովհաննես Մկրտչյան-Ոչ, տեղ չեմ տեսել։ Լիներ էլ՝ իրավունք չունեի կանգնելու։

Րաֆֆի Ասլանյան-Այսինքն, առաջնայինն անվտանգությո՞ւնն է։

-Այո։

Րաֆֆի Ասլանյանն այնուհետեւ հայտարարեց, որ վկաները հրահանգավորված են գալիս ցուցմունք տալու եւ քողարկում են իրականությունը․ «Ձայնագրությունը լույս կսփռեր իրականության վրա, բայց մենք ենթադրում ենք, որ այն ոչնչացվել է։ Ծառայողական գաղտնիքի տակ են քողարկում։ Պատճառը դեպքի բնույթն է»։

Հետո հարցեր հղեց մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը․

-Հնարավո՞ր է  խաչմերուկ մտնեիք՝ երթեւեկելով 100 կմ/ժամով։

Հովհաննես Մկրտչյան-Ոչ, բացառվում է։

Ռուբեն ԲալոյանԱրագությունն ըստ տեղանքի՞ եք ընտրում, խաչմերուկի թողունակությունը կապ ունի՞։

Հովհաննես Մկրտչյան-Իհարկե ունի։ Եթե ճանապարհը նեղ է, դանդաղեցվում է։

Ռուբեն ԲալոյանԳործով տվյալներ կան, որ Արամ Նավասարդյանն ընթացել է 108 կմ/ժամ արագությամբ։ Դուք անընդհատ ուղեկցման մեջ եք, նման արագությամբ հնարավո՞ր էր մտնել խաչմերուկ եւ դուրս գալ։

Հովհաննես Մկրտչյան-Չենք կարող այդ խաչմերուկ մտնել այդ արագությամբ։ Իմ կարծիքով՝ բացառվում է։

Ռուբեն Բալոյան-Արամ Նավասարդյանն առաջից է ուղեկցել։ Իր վրա պարտականություն կա՞, որ շարասյունից չի կարող կտրվել։

Հովհաննես Մկրտչյան-Ելնելով երթեւեկության խտությունից է դա արվում։ Բնականաբար, շարասյունից չպիտի կտրվի։ Եթե կտրվեր, բակերից մեքենաներ կարող էին դուրս գալ եւ հայտնվել շարասյան դիմաց։

Ապա իրավիճակը լարվեց, երբ վկա Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ Սոնա Մնացականյանն իրավունք չուներ փողոցը հատելու, որովհետեւ կարգավորող ոստիկանը չէր թույլատրել։ Րաֆֆի Ասլանյանը պահանջեց հիմնավորել, թե ինչու է նման պնդում անում։ Վկան պատասխանեց, որ «երթեւեկության կանոնագրքով»։ Ասլանյանը զարմացավ, թե դա ինչ է։ «Կրպակներում վաճառում են, վերցրեք ծանոթացեք»,-խորհուրդ տվեց վկան։ Ապա հարցին, թե կառավարության ո՞ր որոշմամբ է ուղեկցող վաշտի աշխատանքը կարգավորվում այդ «կանոնագրքով», վկան չկարողացավ պատասխանել։

Դեպքի ժամանակ խաչմերուկը կարգավորած ոստիկանի ցուցմունքը՝ այստեղ։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Նավասարդյանը շարասյան առջեւից ընթացող իր մեքենան վարել է լուսաձայնային ազդանշանները միացված, սահմանված 100 կմ/ժամը գերազանցող՝ նվազագույնը 108,7 կմ/ժամ արագությամբ։ Ըստ մեղադրանքի՝ երթեւեկության վտանգավոր պահից սկսած(որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել) Արամ Նավասարդյանը քայլեր չի ձեռնարկել՝ արագությունն իջեցնելու համար, ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցը կանգնեցնելը, եւ ժամանակին չի դիմել արգելակման, ստեղծել է վթարային իրադրություն եւ մեքենայի առջեւի աջ մասով վրաերթի է ենթարկվել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հանգիստ քայլելով հետիոտնային գծանշումների վրայով Պարոնյան փողոցը հատող, 31 շաբաթական հղիություն ունեցող Սոնա Մնացականյանին։ Արդյունքում Արամ Մնացականյանը հետիոտնին անզգուշությամբ պատճառել է մահ։ Բացի այդ, Արամ Նավասարդյանը թողել է ՃՏՊ-ի վայրը եւ հեռացել»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728