Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորտեժն ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստում որպես վկա հարցաքննվեց ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Նավասարդյանը։ Նա մեղադրյալ Արամ Նավասարդյանի եղբայրն է։
Դատարանին առաջարկեց իր նախաքննական ցուցմունքը հիմք ընդունել, բայց եւ դեմ չարտահայտվեց, որպեսզի կողմերն իրեն հարցեր ուղղեն։
Հանրային մեղադրող Ալավերդյանը հարցրեց, թե վկան ինչպես է տեղեկացել դեպքի մասին։
Արմեն Նավասարդյան-Ծառայության մեջ էի Արարատի մարզում։ Տիգրանաշեն գյուղից ընդդիմադիրները, այդ թվում՝ պատգամավորներ, ոտքով իջնում էին Արմաշ, ես անձնակազմով ծառայություն էի իրականացնում։ Տեղեկություն կար, որ քաղաքացիները կարող էին ընդդիմանալ, խանգարել։ Պետք է կազմակերպեինք, որ խանգարելը չլիներ։ Եղբայրս զանգեց ու ասաց, որ դեպք է եղել, եւ որ ինքը ծառայության մեջ է եղել։ Ասեց, որ երեխա է ընկել մեքենայի տակ։ Փոխարինող թողեցի, զեկուցեցի պետիս եւ եկա Երեւան՝ դեպքի վայր։ Ասաց՝ վրաերթ է եղել, աղջիկ-երեխա է ընկել մեքենայի տակ։ Ասաց, որ «Նաիրի» ԲԿ է գնում, որովհետեւ աղջկան բերում են այդտեղ։
Կարդացեք նաև
Մեղադրող-Տուժողին օգնություն ցուցաբերելու հետ կապված ձեզ ի՞նչ է հայտնի։
Արմեն Նավասարդյան -Գիտեմ, որ ամեն ինչ անմիջապես կազմակերպել է։ Ոչ միայն եղբայրս է այդ մասին ասել, այլեւ ոստիկանության ծառայողները։ Համ իրենք են կանչել շտապօգնություն, համ էլ անցնող մեքենա է եղել շտապօգնության, միանգամից տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։
Տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հարցրեց՝ ումի՞ց եք տեղեկացել այդ մասին․ դա քրեական գործի տվյալ է։
Արմեն Նավասարդյան-Կոնկրետ անձի չեմ հիշում, բայց գիտեմ, որ ոստիկանությունն ամեն ինչ արել է, որ շուտ կազմակերպվի։ Եղբայրս դեպքի վայրից մի քիչ վերեւ կանգնել է, տեսել է, որ շտապօգնությունն արդեն կանգնել է, ու գնացել է «Նաիրի»։ Իմ իմանալով՝ երկու-երեք րոպե է դա տեւել։
Րաֆֆի Ասլանյան-Ձեր եղբոր հետագա գործողությունների մասին ի՞նչ գիտեք։
Արմեն Նավասարդյան– Բարձրացել է վերեւ եւ կանգնել որտեղ որ հնարավոր է։ Փողոցի մեջտեղում չէր կարող կանգնել։ Շարժվել է շտապօգնության մեքենայի հետեւից դեպի հիվանդանոց։ Տեղում լարված իրավիճակ էր։ Հետո որոշել է համազգեստը փոխել եւ գնալ դեպքի վայր։
Րաֆֆի Ասլանյան-Ըստ քրեական գործի տվյալների եւ տեսագրության՝ նա հեռացել է մինչեւ շտապօգնության գնալը։ Ձեզ որտեղի՞ց նման տվյալներ։ Նա շարժվել է, եւ շտապօգնությունը դեռ անցած չի եղել։
Արմեն Նավասարդյան-Ես գործի երեսը չեմ տեսել, ասում եմ այն, ինչ լսել եմ։ Գուցե տեղերը շփոթում եմ։
Րաֆֆի Ասլանյան-Էլ ի՞նչ եք հիշում։
Արմեն Նավասարդյան-Ամեն մեկը մի բան պատմել է, ո՞նց ասեմ ամբողջը։
Դատավոր Կարեն Ֆարխոյան-Տուժող կողմի վնասի հատուցում կատարվե՞լ է։
Արմեն Նավասարդյան-Մոտեցում ենք ցուցաբերել, հրաժարվել են մեր հետ առհասարակ զրուցել։
Դատավոր-Հուղարկավորության ծախսեր․․․
Արմեն Նավասարդյան-Ես ներկա եմ եղել հոգեհանգստին, մոտեցել եմ, խնդրել եմ, բայց պարոն Մնացականյանը չի ցանկացել զրուցել։ Եղբայրս չի գնացել ինձ հետ։
Դեպքի ժամանակ խաչմերուկը կարգավորած ոստիկանի ցուցմունքը՝ այստեղ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ