Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տարեկան 100 միլիոն դոլար պարգեւավճար են բաժանում պետական համակարգում. Դավիթ Սարգսյանը՝ Հայաստանում քաղաքական կոռուպցիայի մասին

Փետրվար 16,2023 18:15
goxutyun

«Գլխավոր դատախազը կառավարության նիստում վարչապետին զեկուցում է, որպես իր վերադասի, ՍԴ անդամ է նշանակվում մեկը, որն առավոտից իրիկուն քաղաքական հայտարարություններ է անում, ՍԴ անդամ լինելով՝ փաստաբանությամբ է զբաղվում, իր ամուսնուն էլ ՍԴ-ում աշխատանքի է տեղավորում»,- այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած՝ «Թավշյա իշխանազավթման բիրտ կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանը՝ պնդելով, որ իրավապահ համակարգն ամբողջությամբ գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո:

Շարունակելով Նաիրա Զոհրաբյանի հիշեցումն այն մասին, որ իշխանության գալուց 100 օր հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանում հաղթահարված համակարգային կոռուպցիայի մասին, Դավիթ Սարգսյանը նկատեց, որ ընդամենը ութ օր առաջ, կառավարության նիստում նա արձանագրել է Հայաստանի պետական կառավարման համակարգում տոտալ կոռուպցիայի առկայության փաստը. «Ընդ որում՝ թվարկեց այն գերատեսչությունները, որտեղ դրանք կան՝ ՍԱՊԾ, Երևանի քաղաքապետարան, մի քանի գերատեսչություններ, տեսչական մարմիններ և այլն: Բայց նույնիսկ առանց այդ արձանագրման՝ մենք կարող ենք դատողություններ անել քաղաքական և տնտեսական կոռուպցիայի մասին՝ մամուլում արված և, ցավոք, այդպես էլ որևէ քաղաքական և իրավական հետևանք չունեցած հրապարակումների փաստերով»:

Իբրեւ օրինակ, բանախոսը բերում է այն, որ 2018 և 2021 թթ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության կողմից քանիցս խոստում էր հնչեցվել՝ բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին, մինչդեռ, ամենախոշոր օլիգարխները հայտնվեցին իշխանական կուսակցության համամասնական ցուցակում և «փայլում են իրենց թրքասիրության քարոզներով, գնում են ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած խորհրդարանական լսումներին՝ այնտեղ սադրանքներ հրահրում»:

«Ո՞րն էր նրանց ԱԺ պատգամավոր դառնալու իմաստը, ի՞նչ նպատակ էին հետապնդում. իրենց բիզնես շահերը խորհրդարանում սպասարկե՞լը… Չէ՞ որ տրամագծորեն հակառակի մասին էր խոսք տրվում 2018-ին, 2021-ին»,- հարցնում է հեռուստալրագրողը:

Դավիթ Սարգսյանը խոսեց նաեւ պետական համակարգում տրվող ամենամսյա պարգևավճարների մասին: Դրանք, ի դեպ, տարեկան բյուջեի կտրվածքով, 100 միլիոն դոլար են կազմում: Խոսեց էկզոտիկ երկրներ իշխանական պատգամավորների երկարատեւ գործուղումների մասին, որոնց արդյունքը վերջիններիս ինստագրամյան նկարներն են լինում, վարչապետի ու նրա տիկնոջ ազգականների՝ պատգամավոր դառնալու մասին, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հերթական դղյակի կառուցման եւ այլն ու հիշեց հայտնի ասացվածքը, փաստորեն, «Այն, ինչը չի ներվում եզին, ներվում է Զեւսին»: Արդյունքում, ըստ Դավիթ Սարգսյանի, ՔՊ-ականների նպատակը, ստացվում է ոչ թե իշխանափոխության արդյունքում սոցիալական արդարության հաստատումն էր եւ այլ համակարգերի բարելավումը, այլ ճիշտ հակառակը: Նա ցավում է, որ հասարակությունը, անգամ տարբեր պաշտոնյաներ, ովքեր նախկինում աղաղակում էին ամեն մի առիթով, այսօր անտարբեր են կոռուպցիոն առավել մեծ չափերի դրսեւորումների նկատմամբ կամ էլ իշխանության հետ «փայ են»: Բանախոսը հիշեցրեց 2018-ի հեղափոխության, հանրության շրջանում ամենատարածված թեզը՝ «եթե սրանք էլ իրենց ավելորդություններ թույլ տան, նրանց էլ կճանապարհենք՝ նախորդների նման» ու հարց է տալիս՝ «բա չե՞ք տեսնում, որ հիմա այդ ամենն արվում է արդեն նաեւ մեր անվտանգության հաշվին»: Հեռուստալրագրողի խոսքով, հանրության ուշադրության կենտրոնում պետք է պահել քաղաքական կոռուպցիոն երեւույթները, քանի որ դրա արդյունքում ՀՀ պետական սահմաններն են փոխվում:

«Անտիֆեյք» կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանն էլ կարծում է, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի զեկույցը մեղմ է եւ ուշացած. «Սա շատ մեղմ գնահատական է, շատ ուշացած գնահատական է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որովհետև Փաշինյանի վարչակարգի կոռուպցիոն դրսևորումները սկսվել են դեռևս 2018 թվականից, ինչի մասին խոսել են փորձագետները, մասնագետները, աղաղակել են ԶԼՄ-ները»: Նա հիշեցնում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին նշանակվեց վարչապետի արարողակարգում պաշտոնի, որովհետև պետք է Աննա Հակոբյանի հետ չարթերային թռիչքներով գնար տարբեր երկրներ և սպասարկեր նրան. «Առաջին երկու տարիների պետական բյուջեից Հակոբյանի վարսահարդար ընկերուհուն հատկացվել է 39 հազար դոլար»: Բանախոսը հիշեցրեց նաեւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի՝ կառավարական ինքնաթիռով աշխատանքային այցերի մեկնելու, ուղղաթիռով զինծառայող որդուն այցելելու, զինծառայող որդուն տրված բազմաթիվ լրացուցիչ և խրախուսական արձակուրդների մասին:

«Աննա Հակոբյանի հիմնադրամներին անանուն փոխանցվում են միլիոնավոր դրամներ, դոլարներ, իսկ դրան հետևում են տարօրինակ իրավական գործընթացներ. հարուցված քրեական գործեր կարճվում են, կամ հաջորդող օրերին կառավարության նիստում որոշ ընկերությունների տրվում են արտոնություններ: Նիկոլ Փաշինյանն իր կառավարման սկզբի ժամանակահատվածում ձեռք բերեց երկու զրահապատ մեքենա՝ յուրաքանչյուրը՝ 550 հազար դոլար արժողությամբ, և ըստ օդում կախված և չհերքված լուրերի, մեքենաներից մեկը սպասարկում էր անձամբ Աննա Հայոբյանին»,- ասաց Աստղիկ Մաթեւոսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728