«Անտեղյակ հասարակությանը գեղեցիկ փաթեթավորված կերակրում են՝ առաջ մեկ նախարար էր ձերբակալված, հիմա երկու նախարար կա, երրորդի վերաբերյալ քրեական գործ կա: Ասենք՝ կա, հասարակությունը ինքն իրեն հարց չի տալի՞ս՝ բա վերջն ի՞նչ եղավ», – Aravot.am-ի հարցին՝ մեր՝ գրեթե բոլոր ՊՆ նախարարների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, արդյոք նպատակային չի՞ արվում նաև համակարգը փչացնելու համար, այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցը:
Այս առիթով նա ասաց. «Իրականում պաշտպանության ոլորտն արժեզրկել են նրանք, որոնք տոտալ կոռուպցիա են տարածել այդ համակարգում, որոնք պատշաճ չեն արձագանքել, երբ խնդիրներ են եղել ներսում, ոլորտն արատավորել ու քայքայել են նրանք, որոնք իմացել են կամ պարտավոր էին իմանալ այս բոլոր իրողությունների մասին, որոնց մենք բախվեցինք հատկապես 2020-ի պատերազմի ընթացքում, բայց կամ չեն իմացել կամ լիարժեք չեն արձագանքել»:
Նինա Կարապետյանցն ասաց, որ այլ անհանգստություն էլ ունի ու շարունակեց. «Կարծում եմ՝ ոչ միայն երկու նախարարների, այլ բազմաթիվ այլ մարդկանց վերաբերյալ բոլոր հիմքերը կան քրեական գործեր հարուցելու, բայց նաև քրեական գործեր պետք է հարուցվեն այս գործընթացը վերահսկելու պարտականություն ունեցող կառույցների նկատմամբ, որոնք չեն արձագանքել՝ այդ թվում ԱԱԾ-ի, դատախազության համապատասխան պաշտոնյաների ու էլի շատ պաշտոնյաների: Խնդիրն այն է, որ բոլոր այս գործերը հարուցվում են և մեծ շքեղությամբ են հարուցվում, բայց արդյունքում մենք չենք ունենում և ոչ մի պատասխանատվության ենթարկված, իսկ դա շատ ավելի վատ է, քան առհասարակ պատասխանատվության չենթարկելը: Եթե գործն ի վիճակի չեն հասցնել մինչև վերջ, եթե չունեն բավարար հիմքեր կամ կարողություններ կամ նպատակ չունեն գործն իսկապես տրամաբանական ավարտին հասցնել, այլ ինչ -որ մեկին անազատության մեջ տեսնելն է նպատակը ինչ-որ կարճ ժամանակով, այլ ոչ թե իսկապես խնդիրները բարձրաձայնելը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելն ու իրավիճակը շտկել, դա շատ վատ է: Եթե այդ գործընթացը կիսատ է մնում, դա շատ ավելի վատ է, քան եթե առհասարակ ոչինչ չարվեր»:
Հետաքրքրվեցինք՝ այս գործերը կարելի՞ է նաև որպես քաղաքական գործիք համարել, իրավապաշտպանն այսպես արձագանքեց. «Այո, շատ դեպքերում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ինչ-որ գործ ինչ-որ պահի կարող է չհարուցվել կամ ինչ-որ իրավիճակում հարուցվել տպավորություն, ռեզոնանս, պատրանք ստեղծելու համար: 2018-ից հետո այս ամբողջ ընթացքում ես չեմ համարում հարուցված քրեական գործերը անհիմն կամ բավարար հիմքեր չունեցող են եղել: Բոլորը, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, համարյա բոլորը հատուկենտ մարդկանց նկատմամբ հարուցվածները, նրանցից մեծ մասն ունեցել են հանցավոր անցյալ, և իրենց գործողությունների մեջ իսկապես հանցակազմ է եղել: Հարցն այն է, թե քանի տարի է էդ գործի մասին տեղեկությունը եղել, ինչքան ժամանակ այդ քրեական գործերը չեն հարուցվել, հարուցվել են կամ չեն հարուցվել, կամ հարուցվելուց հետո կասեցվել են, կարճվել են, մերժվել են ու տարբեր աճպարարությամբ տարբեր հնարքներ կիրառվել: Ցավալիորեն, մենք նման գործերի շատ մեծ թիվ ունենք: Մինչև այդ էլ բազմաթիվ պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործեր կային, և ի՞նչ եղան դրանք: Իրականում այդ գործերի մի զգալի մասն ուղղակի հրավառության, աժիոտաժ ստեղծելու համար է արվում, արդյունքում մենք չունենք իրական արդյունք պատասխանատվության ենթարկվածների: Ինքնանպատակ չէ մարդկանց բանտերում տեսնելը կամ քրեական գործերի շրջանակներում մեղադրյալ տեսնելը, այլ կարևոր է պատասխանատվության ինստիտուտ հիմնադրելու առումով, որ ցանկացած պաշտոնյա, այդ թվում գործող պաշտոնյաները, շատ լավ իմանան, որ պատիժն անխուսափելի է: Ձեր արած ապօրինի, հանցավոր, անմեղսունակ գործողությունների համար դուք պատասխան եք տալու, այդ թվում նաև գործողներին է դա վերաբերում: Կարծում եմ՝ շատ դեպքերում պատասխանատվությունը մինչև վերջ չեն հասցնում, քանի որ հասկանում են, որ եթե այդ պրակտիկան սկսեց աշխատել, եթե այսօր չէ, ապա վաղը հենց գործող բազմաթիվ պաշտոնյաներ են ենթարկվելու պատասխանատվության»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ