Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքի բազմապատիկ ավելացումը խիստ մտահոգիչ է

Փետրվար 16,2023 18:45

Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները գնալով անհանգստացնող են դառնում։ Վերջին տվյալներով՝ այն արդեն անցել է 10,6 մլրդ դոլարի շեմը, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին այս պահին մոտ 3500 դոլարի պարտք կա, ընդ որում՝ հայտնի է, որ պարտքի տոկոսավճարները գնալով ավելի ծանր բեռ են դառնում։ Օպերատիվ, ընթացիկ խնդիրներ լուծելու համար ամեն գնով նոր վարկեր ներգրավելն ընդունելի գործելակերպ չէ։

Փոխարենը կարելի է պետական բյուջեի ծախսային մասն օգտագործել խիստ տրամաբանված՝ ելնելով հետպատերազմյան երկրի կարիքներից։ Բնավ անհրաժեշտություն չկա, օրինակ, 2 մլն դոլար ծախսել կառավարական ամառանոցները նորոգելու, ևս կես միլիոն դոլար՝ սեփական ավտոպարկը թարմացնելու նպատակով։ Լրջորեն անհրաժեշտ է վերանայել տարեկան մոտ 100 մլն դոլար գումարային ծավալով պետական ապարատի պարգևավճարների ընդհանուր ֆոնդը, և խնայված միջոցներն ուղղել պատերազմի հետևանքների վերացմանը։

Հայաստանում դեռևս կան թշվառության և ծայրահեղ աղքատության շեմին գտնվող հազարավոր քաղաքացիներ, գյուղերում՝ պարտքի տետրակներ, տասնյակ հազարավոր թերսնված հայրենակիցներ, և ենթադրաբար՝ պետական ապարատի սպասարկման ծախսերը պետք է վերախմբավորվեն և ուղղվեն սոցիալական կարիքների բավարարմանը, գործազրկության հաղթահարմանն ու բոլոր քաղաքացիների համար նվազագույն կենսապահովման զամբյուղի ապահովմանը։

Պետք է ազնվություն ունենալ և ընդունել, որ 2022-ին Հայաստանում արձանագրված տնտեսական աճը գլխավորապես արտաքին բարենպաստ հանգամանքների, նախևառաջ՝ տասնյակ հազարավոր ռուս ներգաղթյալների և նրանց ստեղծած հավելյալ բարիքների արդյունքն է։ Հետևապես՝ չի կարելի հույս դնել ժամանակավոր, քեզնից անկախ հանգամանքների վրա։ Կայուն տնտեսական աճի հիմքում պետք է լինի ազգային տնտեսությունը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տրանսպորտը և մյուս ոլորտները։ Այս ոլորտների առաջնային խթանմանը պետք է ուղղված լինեն կառավարության ջանքերը։

 

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվեդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728