Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորտեժն ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստում լարված իրավիճակ ստեղծվեց։
Երբ որպես վկա հարցաքննվելու էր եկել ճանապարհային ոստիկանության աշխատակից Հովհաննես Մկրտչյանը, ում մեքենան «եզրափակում» էր շարասյան ուղեկցումը, մահացած Սոնա Մնացականյանի հայրը բորբոքվեց՝ նկատի ունենալով վկա-ոստիկանների պահվածքը։ Պարոն Մնացականյանը նախ հիշատակեց խաչմերուկը կարգավորած ոստիկան Բորսաբյանին, ապա դիմեց ներկա վկային, ով դեպքի ժամանակահատվածի մասին հարցին պատասխանելիս օգտագործել էր «մոտավորապես» բառը։
«Ես չեմ հասկանում՝ սա ի՞նչ ինքնավստահություն է։ Սա ի՞նչ կուռաժիտ է։ Այս մարդկանց մեջ բարոյականություն չկա՞։ Գալիս եք սենց ինքնավստահ ու գնում եք։ Երիտասարդ կին է մահացել՝ 31 շաբաթական հղիությամբ․․․»,-ասաց Սոնա Մնացականյանի հայրը։
Մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը պատասխանեց․ «Պատրաստված եկե՞լ եք, հա՞»։ Մթնոլորտը լարվեց։ «Բարոյականության նորմերը պահի, թե չէ կպահանջեմ, որ մինչեւ ստեղ մտնելը քո խմածությունը որոշեն»,- ձայնը բարձրացնելով՝ ասաց Մնացականյանը, ապա դիմեց Արամ Նավասարդյանի եղբորը, որն արդեն վկայություն էր տվել եւ տեղ զբաղեցրել նիստերի դահլիճում․ «Դուք չեք հասկանո՞ւմ՝ ինչ է կատարվել։ Սա ի՞նչ կուռաժիտ է։ Դուք տեղի արյան լճակը տեսե՞լ եք»։
Կարդացեք նաև
«Ի՞նչ է նշանակում կուռաժիտ»,-հարցրեց Ռուբեն Բալոյանը։
Իրավիճակը հանդարտեցնելու համար դատավոր Կարեն Ֆարխոյանն ընդմիջում հայտարարեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ