«Նա իշխանության եկավ՝ թալանը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու թեզիսների վրա, և այսօր, եւ երևի դեռ տևական ժամանակ, պատմության մեջ մնալու է ուղեղ լվալու IT ոլորտի առաջատարներից մեկը: Եթե երբևէ Նոբելյան մրցանակաբաշխության մեջ «ուղեղի լվացման» նոմինացիա լինի, ես վստահեցնում եմ ձեզ, Նիկոլ Փաշինյանը լինելու է թիվ մեկ հավակնորդը եւ ստանալու է Նոբելյան մրցանակը»,- այսօր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած՝ «Թավշյա իշխանազավթման բիրտ կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ, ասաց կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթից, ըստ որի, Հանրապետության հրապարակը լինելու էր աթենական ագորան, որոշումները կայացվելու էին հրապարակում եւ ազգովի: Նա հայտարարել էր, որ 40 րոպեի ընթացքում վերացրել է մենաշնորհը եւ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանում կոռուպցիա չկա: Ավելի ուշ, Նաիրա Զոհրաբյանը թվարկեց մամուլի մի շարք հրապարակումներ, որոնք փաստում են պետական համակարգում առկա կոռուպցիայի մասին եւ ուրվագծում դրա չափերը:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ ուշադրություն է հրավիրում օրերս, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հրապարակած զեկույցին, ըստ որի՝ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 2022–ին՝ 2021–ի համեմատ, հետընթաց է արձանագրել՝ 180 երկրների ցանկում 58-ից տեղափոխվելով 63-րդ տեղ։
«Ավելին՝ եթե «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ն ասում էր, որ նախորդ 6 տարիներին Հայաստանն ուներ դրական դինամիկա, ինչը վերաբերում էր նաև նախորդ իշխանություններին, ապա այսօր ակնհայտորեն կոռուպցիայի ընկալման ինդեքսը նվազել է: Ամենակարևորը, ինչն արձանագրել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը, ՀՀ-ում մի քանի տարվա առաջընթացից հետո նկատվում են մտահոգիչ նշաններ կոռուպցիայի առումով, ինչն արտացոլվում է զսպող և հակակշռող մեխանիզմների, իրավապահ գործունեության թափանցիկության նվազման, անկախ դատական համակարգում և քաղաքական տարածքի պաշտպանության ապահովման խախտման միտումներով»,- շեշտեց նա՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ բոլորիս աչքի առաջ է եղել այն, որ տարբեր «պիվնոյներում սրա-նրա հաշվին գարեջուր խմող երիտասարդները ինչպես կարողացան գնել 280 հազար դոլարանոց դղյակներ»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Ն. Զոհրաբյանի ՖԲ էջից: