Լրահոս
Օրվա լրահոսը

14 տարի 66-ամյա կնոջը մուրացկանության դրդած տղամարդը Թուրքմենստանից էր ՀՀ եկել

Փետրվար 16,2023 17:40
murackan

Aravot.am-ի տեղեկություններով՝ 14 տարի մի կնոջ մուրացկանության դրդելու մեջ մեղադրվող տղամարդը Հայկ Ստեփանյանն է, նա Թուրքմենստանից է եկել Հայաստան ընտանիքով՝ կնոջ ու երեք երեխաների հետ:

Նա Բյուրեղավանում բնակություն է հաստատել 2013 թվականից: Այնտեղ գնել է բնակարան այն շենքից, որը նախկինում կառավարության որոշմամբ, հանձնվել էր Բաքվի փախստականներին:  Նշենք, որ տուժողն էլ, որն այս պահին անօթեւանների կացարանում է, ներկայանում է Բաքվի փախստական: Բյուրեղավանցի մեր զրուցակիցը պատմեց, որ, պտտվող լուրերի համաձայն, Բյուրեղավանի նշված բնակարանը հենց մուրացկաններից հավաքագրած գումարներով է գնվել: Այն նաեւ կապիտալ վերանորոգվել է: Հայկ Ստեփանյանի հարեւաններից մեկն էլ մեզ պատմեց, որ Ստեփանյանի կինը չի աշխատում, տնային տնտեսուհի է, իսկ ամուսինը ամեն օր Երեւան էր գալիս, թե ինչ էր աշխատում, մեր զրուցակիցը չգիտեր, միայն ասաց. «Ես գիտեմ, որ ինչ-որ բիզնես ուներ Երեւանում »:

Մեր զրուցակիցը նաեւ պատմեց, որ հաճախ է Ստեփանյանի տուն մտել ու դուրս եկել, բայց տուժող կնոջը երբեւէ չի տեսել:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության  վայրում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70.200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ տեսակավորված և առանձին պարկերում հավաքված 1.299.750 ՀՀ դրամ մետաղադրամներ: Նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները հադիսացել են մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարը: Տվյալ անձի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նաև տուժող կնոջ անձնագիրը, սոցիալական քարտը։

Վարույթ իրականացնող մարմնի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է, և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով  (առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով): Հայկ Ստեփանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպանն այս փուլում մեզ հետ զրույցում հրաժարվեց խոսել: Հայկ Ստեփանյանի կինը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728