Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Էլբակյան. «Փաստացի, Մարգարայի կամուրջը սկսեց գործել»

Փետրվար 16,2023 16:55

«Պետք է արձանագրել, որ երեկ  հերթական հաստատուն հիմնաքարը դրվեց Հայաստանի թուրքացման ճանապարհին»,- ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Անկարայում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպմանը եւ շարունակեց. «Փորձում են մարդկանց մոլորեցնել՝ արհեստականորեն տարանջատելով, այսպես ասած, մարդասիրությունն ու քաղաքականությունը: Վստահ եմ՝ ովքեր հետեւում են թուրքական իշխանությունների, նրանց արբանյակ տարատեսակ կազմակերպությունների քարոզչությանը, ծանոթ են սրան: Ասում են` դե, գնացել ենք մարդ փրկելու, մի կողմ դրեք այդ քաղաքականությունը: Գիտական լավ հետազոտություններ կան, որտեղ շատ լավ դասակարգված են, այսպես ասած, արժեքավոր զոհերը եւ անարժեք զոհերը՝ ցույց տալով, թե ինչպես են տիրապետող մեդիաները ուղղորդում նույնիսկ մարդկանց ապրումակցումը»:

Այնուհետեւ քաղաքագետն անդրադարձավ ապրումակցման ուղղորդման մի քանի օրինակների:

« Արցախի հայությունը: Դե ֆակտո թուրքական իշխանությունների կողմից ոչ մի քարոզչություն չի տարվում Արցախի մեր իսկ հայրենակիցների հանդեպ՝ առաջացնելու նույն ապրումակցումը: Ուղղակի արվում է հակառակը: Եթե ֆեյսբուքյան անդաստանները շատ թերթենք, նունիսկ չարախնդացող մեկնաբանություններ կտեսնենք, ընդ որում, ռեալ մարդկանցից:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը: Այստեղ խոսքս այն մասին չէ, որ հայերը պետք է մոլեգին ինչ-որ մեկին ատեն, ինչ-որ մեկին սիրեն, ապրումակցեն: Եթե ելնենք բուն հայկական շահերից, խոսքն այն մասին է, որ այստեղ նույնպես տիրապետող, դոմինանտ մամուլը՝ արեւմտյան մամուլը, որից ստրկական կախվածության մեջ են այս իշխանությունները, միակողմանիորեն ապրումակցում է հարուցում ուկրաինացիների հանդեպ: Նույնիսկ կենդանի մարդկանց խոսքում կլիշեի է վերածվել «մեղքդ չե՞ն գալիս ուկրաինացիները» արտահայտությունը: Բայց ոչ ոք չի ասի՝ «մեղքդ չեն գալի՞ս Դոնեցկի, Լուգանսկի, Դոնբասի մարդիկ, որ 2014 թվականից դեհումանիզացվում ու թիրախավորվում են»: Եթե մեկը փորձի հակաճառել, որ Ուկրաինան պայքարում է իր տարածքային ամբողջականության համար, լավ: Այդ դեպքում սերբերի հանդե՞պ այդ մարդը ինչու  ապրումակցում չունի, եւ երեւի տեղեկություն էլ չունի, թե Սերբիա-Կոսովո՝ ինչ է կատարվում: Սա ընտրովի է:

Հիմա գանք ամենաողբերգականին: Այս երկրաշարժը, որ խոցեց թշնամուն, իսկ մենք հազար անգամ ասել ենք, որ Թուրքիան հավաքական Արեւմուտքի մասն է ու դաշնակիցը, այս դեպքում եւս մեկ անգամ լավ երեւաց, որ մենք ճիշտ ենք: Ամբողջ արեւմտյան քաղաքական վերնախավը եւ դրանից բխող մեդիա համակարգը սկսեց Թուրքիայի նկատմամբ ապրումակցում առաջացնել: Հետեւաբար, ֆիքսենք, որ այս հարցը մարդասիրության հետ կապ չունի, կապ ունի քաղաքականության հետ: Թուրքիան Արեւմուտքի դաշնակիցն է, Հայաստանում թուրքական իշխանություն է ղեկավարում: Եվ իրենք այս առիթը շատ լավ օգտագործեցին նախադեպ ստեղծելու համար: Մարգարայի կամրջով արդեն երկու փոխադրում եղավ, չէ՞: Փաստացի, այն սկսեց գործել: Գիտենք, որ այնտեղ սահմանապահ ծառայություն իրականացնում էր ռուսական զորախումբը: Եվ ստացվեց, որ նրանց ասացին՝ մի քիչ կողք քաշվեք: Հետեւաբար, արդեն նախադեպ կա: Ախուրյանի կամրջի թեման էլ մեջտեղ են բերել, որը հայկական պատմամշակութային արժեք միջնադարյան կամուրջ է: Ի դեպ, եթե դու ընդունում ես, որ միջնադարյան կամուրջը պետք է համատեղ վերականգնվի, ուրեմն առնվազն ընդունում ես, որ դա համատեղ սեփականություն է: Մինչդեռ, այնտեղ պետք է աշխատեին բացառապես հայ մասնագետները: Բայց հիմա կդնեն, կպղծեն, որովհետեւ իրենց նպատակը հայկական պատմական մշակույթը չէ, այլ եւս մի թակարդ լարելը: Ու այս ամենը, կրկնում եմ, ուղեկցվում է բացահայտ թուրքական քարոզով, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728