Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալային փսեւդո կամ ոչ փսեւդո հրապարակումը կա. Փաշինյանը ՆԳ ավտոմեքենաները «ՍԻԼ ինշուրանսով» ապահովագրելու մասին

Փետրվար 16,2023 16:20

Սկանդալային փսեւդո կամ ոչ փսեւդո հրապարակումը կա, որ ՆԳ նախարարությունը իշխանության մարդու հետ փոխկապակցված մարդու է տվել ավտոմեքենաների ապահովագրությունը: Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին` խնդրելով պարզաբանել իրավիճակը:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը (լուսանկարում) նշեց, որ ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռքբերումն իրականացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով:

«ՆԳՆ-ից պաշտոնական հարցումներ են կատարվել ապահովագրական ընկերություններին, և ստացված պատասխանների համաձայն՝ ամենամատչելի առաջարկը ներկայացրել է «ՍԻԼ ինշուրանս» ընկերությունը: Մասնավորապես, ԿԱՍԿՈ ապահովագրության համար «Նաիրի ինշուրանսը» ներկայացրել է ավտոմեքենաների արժեքի 2,8 տոկոս, «Արմենիա ինշուրանսը»՝ 5,5 տոկոս, «ՍԻԼ ինշուրանսը»՝ 1,7 տոկոս, «Ինգո Արմենիան»՝ «Շկոդա» մեքենաների համար 7 տոկոս, «Տոյոտա» ավտոմեքենաների համար՝ 2,4 տոկոս, «ՌԵՍՈ» ընկերությունը՝ 3,2 տոկոս, «Ռոսգոսստրախը»՝ 2,5 տոկոս: ԱՊՊԱ տեսակի ապահովագրության համար «ՍԻԼ ինշուրանսը» 2,5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները, այդ պատճառով իրենց հետ ենք կնքել պայմանագիրը»,-ասաց ՆԳ նախարարը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանեց ՆԳ նախարարի պարզաբանածը. «Պարեկային ծառայության մեքենաները բավական հաճախ վթարվում են, և, ցավոք, լինում են դեպքեր, երբ մեղավորը պարեկային ոստիկանն է: Այդ պայմաններում տեսանք, որ կա անհրաժեշտություն ԿԱՍԿՈ ապահովագրություն իրականացնել: Դրա էությունն այն է, որ կապ չունի՝ ով է մեղավոր, մեքենան ապահովագրական ընկերության միջոցներով վերականգնվում է: Այս դեպքում որոշումն այն մասին է, որ մեկ անձից գնում կարելի է անել, բայց պարտադիր կերպով ընկերություններին ուղարկվում է հարցում, ասում ենք՝ մենք էսպիսի ծառայություն ենք ուզում, ով ինչ գին է առաջարկում»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ «ՍԻԼ ինշուրանս» ընկերության սեփականատերը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728