Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգը գերազանց գնահատեց ՀՀ-ի և ԵԽ-ի համագործակցությունը

Փետրվար 16,2023 16:12

«Վերահաստատում եմ ՀՀ իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի արժեքներին, որոնք ամրագրված են նաև ՀՀ կառավարության գործողությունների ծրագրում»,- ԵԽ-ի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թվականների ծրագրի մեկնարկի արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Արարողությանը ներկա էր նաև ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգը:

Արարատ Միրզոյանը հավաստիացրեց. «Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակագում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացման, անկախ դատական համակարգի կայացման և հակակոռուպցիոն ինստիտուտի հզորացմանը: Նախորդ ծրագրի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը խոստումնալից ու պարտավորեցնող է այս գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու համար»:

A ceremony dedicated to the official launch of the action plan of the of RA Ministry of Foreign Affairs and Council of Europe/Armenia 2023-
in 2026 took place at the RA Foreign Ministry

ՀՀ ԱԳ նախարարը փաստեց՝ ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագրերի հիմնական շահառուները ՀՀ քաղաքացիներն են: Այն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, դատական բարեփոխումներին, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, տեղական ինքնակառավարման խթանմանը:

Արարատ Միրզոյանը նաև փաստեց՝ շուրջ երկու ամիս Լաչինի միջանցքը փակ է, որն առաջացրել է լուրջ հումանիտար ճգնաժամ. «Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացման ճանապարհով անհետացած անձանց: Այս հարցերը մնում են չպարզաբանված: Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիաների պատճառով ՀՀ ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալյացիայի հրահրման վտանգը բարձր է մնում: Չնայած ՀՀ-ի և ժողովրդավարության դեմ ուղղված քայլերին՝ մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և ԵԽ-ի հետ համագործակցաբար շարունակում ենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Ժողովրդավարությունը ՀՀ-ում այլևս անշրջելի է»:

Բյորն Բերգն էլ հավաստիացրեց՝ սա հերթական քայլն է այն դրական ճանապարհի, որին ձեռնամուխ են եղել ՀՀ-ն ու ԵԽ-ն: Նաև հավելեց. «Այսօր Եվրոպան խորը ճգնաժամի մեջ է՝ ՌԴ կողմից շարունակվող անօրինական պատերազմն Ուկրաինայի դեմ ահավոր տառապանք է պատճառում: Ագրեսիվ ազգայնականությունը բարձր սպառնալիք է այն արժեքներին, որոնց պաշտպանության համար գոյություն ունի ԵԽ-ն: Պիտի անենք ավելին, որ ամրապնդենք ժողովրդավարությունը Եվրոպայում, ուստի մեր արձագանքը պետք է կենտրոնացնենք ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչների վրա:  Այս ծրագիրը, որը մեկնարկում ենք, վառ օրինակ է նրա, թե ինչ պետք է արվի գործնականում և ամբողջ Եվրոպայում»:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը գերազանց գնահատեց ՀՀ-ի և ԵԽ-ի համագործակցությունն ու վստահեցրեց՝ այսօր մեկնարկող գործողությունների ծրագիրը միտված է օգնելու ՀՀ-ին՝ հաղթահարել գոյություն ունեցող խնդիրները: Նաև նշեց, որ նախորդ ծրագրի հետ որոշակի թեմատիկ համընկնումներ կան: Այս առիթով պարզաբանեց. «Սա վկայում է այն մասին, որ կա հետևողական և շարունակելի մոտեցում մեր համատեղ աշխատանքի նկատմամբ: Կան նաև նոր ոլորտներ՝ այդ թվում խոսքի ազատությունը, անձնական տվյալների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, սոցիալական իրավունքը, լավ կառավարումը, ՏԻՄ բարեփոխումները, կիբերհանցագործության դեմ պայքարը և այլն: Ընդհանուր առմամբ՝ գործողությունների ծրագրի նպատակն է կյանքը բարելավել այս հրաշալի երկրի բնակիչների համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728