Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողների վերականգնած ուղեծրերի շնորհիվ արհեստական արբանյակները կարող են խուսանավել տիեզերական աղբի հետ բախումից

Փետրվար 16,2023 16:10
astgatap

Մարդու կողմից իրականացված տիեզերական թռիչքների արդյունքում տիեզերքն աղտոտվել է մետաղական աղբով՝ բեկորներով, որոնց բախումը գործող արբանյակների հետ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Այդ բախումը կանխելու համար ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի գիտաշխատողները ռուսական «Աստղագիտական կենտրոն» ընկերության հետ միասին իրականացնում են մերձերկրյա տիեզերական տարածության մշտադիտում:

Աշխատանքը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը: Ըստ նրա՝ 2021թ. դրությամբ Երկրի շուրջը պտտվել է 0.1-1.0 սմ չափերով մոտ 130 միլիոն հատ օբյեկտ, որոնցից մոտ 20 միլիոնը գտնվել է մինչև 2000 կմ բարձրության վրա։ Դրանք շարժվում են շուրջերկրյա ցածր ուղեծրերով (ՇԵՑՈւ)։ 1.0-10 սմ չափերի բեկորների ընդհանուր թիվը մոտ 900 հազար է, որոնցից 500 հազարը պտտվում են ցածր ուղեծրերում։ 10սմ ավելի մեծ չափերով օբյեկտների թիվը հասնում է 34 հազարի, որոնցից 23 հազարը Երկրին առավել մոտ գտնվողներն են։ «Տարբեր չափերի մետաղական բեկորների արագությունը հասնում է վայրկյանում 8 կմ-ի։ Դա ավելի քան տասն անգամ մեծ է Կալաշնիկովի ավտոմատի գնդակի արագությունից (մոտ 700 մ/վրկ)։ Նշանակում է՝ դրանց էներգիան նույն զանգվածի դեպքում մեծ է ավելի քան 100 անգամ։ Այդ բեկորների բախումը գործող և առավել ևս կառավարվող արբանյակների հետ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Որպեսզի հնարավոր լինի խուսափել այդպիսի բախումներից, անհրաժեշտ է գիտենալ հնարավորինս մեծ թվով բեկորների շարժման ուղեծրերը։ Այդ դեպքում հնարավորություն է առաջանում չբախվելու նպատակով հասցնել խուսանավել»,- ասում է Հայկ Հարությունյանը:

Միայն 2021թ-ին հայ-ռուսական համատեղ կայանում 260 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 650000 չափում և վերականգնվել 700 ուղեծիր արհեստական արբանյակների համար: Այս աշխատանքներն իրականացվել են «Մերձերկրյա տիեզերական տարածությունում վտանգավոր իրավիճակների նախազգուշացման ինքնաշխատ համակարգի տեղեկատվական ապահովում» ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի և ռուսական «Աստղագիտական կենտրոն» ընկերության համատեղ ջանքերով:

«Ֆինանսավորումն ապահովում է ռուսական կողմը «Աստղագիտական կենտրոն» ընկերության միջոցով, որն իր հերթին «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության կապալառու կատարողն է։ Ըստ էության, այս ծրագիրը հենց սկզբից հանդիսացել է միջազգային ծրագիր, որտեղ դիտումները հիմնականում իրականացնում են հայ մասնագետները, իսկ տեխնիկական սպասարկումն ամբողջապես ապահովում են մեր ռուս գործընկերները»,- ասում է Հայկ Հարությունյանը:

 

Ծրագրում հիմնականում ներգրավված են երիտասարդ գիտնականներ։

 

«Նման կայանի գոյությունը թույլ է տալիս, որպեսզի մենք ինտեգրվենք մեծ կարևորություն ներկայացնող միջազգային ծառայության մեջ, որը ժամանակակից տեխնիկա և որոշակի փորձառություն է բերում Հայաստան։ Գուցե ինչ-որ ժամանակ անց, երբ մեր երկիրը կունենա արհեստական արբանյակներ, մեր կենտրոնի փորձը պետք կլինի երկրի համար նոր խնդիրներ լուծելու համար»,- ասում է Հայկ Հարությունյանը՝ նշելով, որ թեպետ ստացված տվյալները ֆինանսավորող կողմի սեփականությունն են, այնուամենայնիվ, ծրագրի մասին տեղեկատվական հոդված է տպագրվել Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներում՝ Harutyunian, H. A.; Nikoghosyan, E. H.; Melikian, N. D.; Azatyan, N. M.; Abrahamyan, H. V.; Paronyan, G. M.; Andreasyan, H. R.; Ohanian, G. A.; Gevorgyan, M. H.; Mikayelyan, G. A. 2017, New observational project for revealing natural and anthropogenic threats at the near-Earth space, Communications of BAO, Vol. 64, Issue 1, pp. 116-124:

 

Ներկայում բանակցություններ են ընթանում նաև Ավստրիայի «Աստղահամակարգեր» ընկերության հետ, որը ցանկություն է հայտնել Հայաստանում նման ինքնաշխատ դիտակայան ունենալ։ Ամենայն հավանականությամբ, առաջին աստղադիտակը կամ դիտակային մոդուլը կդրվի Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի դիտողական տարածքում, իսկ հետագայում կկատարեն նաև նոր դիտողական կայանի տարածքի որոնման աշխատանքներ:

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728