Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկող ինքնախաբեության ճիրաններում. Ռուբեն Հակոբյան

Փետրվար 16,2023 15:57

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Թե՛ դպրոցական, և թե՛ ուսանողական տարիներին, երբ մեր պատմության խոհանոցին տիրապետողները փաստերով, գործող անձանց անուն առ անուն թվարկելով համոզում-ապացուցում էին, որ մեր պարտությունների հիմնական պատճառը մեր ներսի դավաճանը, ագահը, իշխանատենչը, կրոնավորն է եղել, որ մենք պարտվել ենք մեր ներսի դավաճանին՝ չէի ուզում, ավելի ստույգ՝ ինձ ստիպում էի չհավատալ։ Բայց նորանկախ Հայաստանի այս երեք տասնամյակները ցույց տվեցին, որ Խորենացին, Րաֆֆին, Թումանյանը, Չարենցը, մյուս մեծերը խորությամբ են զգացել Նժդեհի հայտնաբերած հայի տականք տեսակի անզուգական լինելու ողջ «հմայքը»… Տեսակ, որն իշխանատենչությամբ ու սրիկայությամբ պրկված, կարողացավ ծովերով շրջապատված մեր հայրենիքը դարերի ընթացքում մկրատել և, որպես շագրենի կաշի, վերածել թշնամիներով շրջապատված մի ափաչափ անկլավի, որն այսօր դեգերում է հերթական դավաճանի «ապագա կա»-ի կործանարար տիրույթում։

Ժամանակին Պարույր Սևակն իր «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» հոդվածում ճշգրտությամբ բացահայտել է, որ մենք, ընկելով «պոռոտախոսության, ինքնագովության ու սնապարծության» հետևից, հոտընկայսելով մեր ազգի «հերոսական» անցյալը՝ խեղդել ու թաքցրել ենք ինչպիսին լինելու մասին մեր իրական ձայնն ու պատկերը։ Եվ այսօր հայտնվել ենք ինքներս մեզ պարտադրած, դարերով անտեսած աղմկող ինքնախաբեության ճիրաններում։

Այո՛, վերջին երեսուն տարիները, որը սկսվեց արցախյան հզոր շարժումով, ասես որպես պատմական օրինաչափություն՝ ավարտվում է ոչ պակաս «հզոր» հակաարցախյան շարժմամբ։ Եվ այսօր էլ, պատմական ավանդույթի կրկնությամբ, պետությունը դեպի կործանում տանող դավաճանների պակաս չունենք։

Այո, մենք մե՛զ ենք պարտվել և թշնամին այն արձանագրել է որպես ի՛ր հաղթանակ։ Փորձել ենք ծածկադմփոց անել ու ինքնախաբեությամբ լռության մատնել մեր իսկ կողմից գործած բազմաթիվ սխալներ… Փորձել ենք դրսերում պեղել-գտնել մեղավորների և երբեք մեր սխալներից դասեր չենք քաղել։

Եկեք հետադարձ հայացքով համառոտ անդրադառնանք վերջին երեսուն տարիների մեր պատմությանը և փորձենք հասկանալ, թե ինչու հայտնվեցինք այսպիսի «ապագա կա»-ի վիճակում։

Արցախյան շարժումը համազգային համախմբման աննախադեպ հարթակ դարձավ՝

– Հայաստանում և Սփյուռքում՝ ամենակարող էներգետիկայով պրկված լեփ-լեցուն հարթակներ էին,

– տարածաշրջանում՝ ժողովրդավարական բաստիոնի կարգավիճակում էինք,

– ռազմի դաշտում՝ դեռևս չկազմավորված Հայոց բանակն աննկարագրելի հերոսություն ցուցաբերելով՝ ազատագրում էր Շուշին ու Օմարը, որոնցից յուրաքանչյուրը, նաև դրսի մասնագետների գնահատմամբ (ռուս գեներալներ Ա. Լեբեդ, Պ. Գրաչով), ռազմական արվեստի բացառիկ նմուշներ էին,

– ԳԽ պատգամավորները նիստերից ազատ օրերին հիմնականում մեկնում էին դիրքեր։ Դրանցից մեկի ժամանակ՝ 92-ի սեպտեմբերին, մի խումբ պատգամավորներով մեկնել էինք Մարտակերտի շրջանի, որտեղ թեժ մարտեր էին ընթանում և, ցավոք, այդ օրերին Վաղուհասի դիրքերում զոհվեց մեր գործընկեր Սամվել Շահմուրադյանը՝ հրաշալի մտավորական, զինվոր ու օրենսդիր։

Հետևում եմ այսօրվա ԱԺ-ի գործունեությանը և օրենսդիրների պահվածքին՝ չեմ ուզում հավատալ, որ անկախացած Հայաստանի առաջին Օրենսդիր մարմինը հետագայում կարող էր այսքան դեգրադացվել։

Շարժման սկզբում թվում էր, թե անցյալից դասեր ենք քաղել և, իսկապես, 21-րդ դարը մերն է լինելու։ Բայց՝ ո՛չ։ Հաղթանակներից ոգևորված և Պ. Սևակի բնորոշմամբ՝ «արխայինության, դինջության, սնապարծության» տուրք տալով, օրվա ղեկավարությունը չգիտակցեց, որ ստեղծված իրավիճակում, թերևս՝ նաև բոլոր ժամանակների կտրվածքով, անենառեալ պահն էր Արցախի անկախության ճանաչումը, ինչն արցախյան շարժման բուն նպատակն էր։ Բայց, դրա փոխարեն, 94-ի մայիսի 12-ին Բիշքեկում կնքվում է հրադադարի համաձայնագիր, ինչն ուղղակի թիկունքից հարված էր արցախյան ազատամարտին։ Այդ համաձայնագրի ստորագրումը նույնիսկ պատճառ դարձավ, որ ռազմաճակատում հաղթանակներ կռած գեներալներից Գ. Դալիբալթայանն ու Ն. Տեր-Գրիգորյանցը հեռացան Հայաստանից՝ ստորագրված փաստաթուղթը որակելով որպես հաղթողի կողմից նախադեպը չունեցող կապիտուլյացիոն համաձայնագիր ու դավաճանություն՝ Արցախի նկատմամբ։ Եվ, ինչպես հետագայում բացահայտվեց, փաստորեն այդ համաձայնագիրը նախաձեռնել էր բրիտանական Բրիթիշ Փեթրոլեում նավթային ընկերությունը, ինչը կյանքի էր կոչվել ՌԴ նախագահ Բ. Ելցինի միջամտությամբ։ Եվ պատահական չէ, որ կարճ ժամանակ անց Բաքվի և այդ ընկերության միջև կնքվեց նավթային պայմանագիր, ինչը դարձավ Բաքվի բյուջեն սնուցող հիմնական երակներից մեկը, իսկ Անգլիան ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում։

Եվ այսօր Ալիևը հաղթողի դիրքերից Արցախի և Հայաստանի նկատմամբ անում է այն, ինչը մենք պետք է անեինք պարտվողական այդ փաստաթուղթը ստորագրելու փոխարեն։

 Շարունակությունը՝ հաջորդիվ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728