Անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե զուգահեռ իրականություններ են՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով: Կառավարության այսօրվա նիստի ավարտին դառնությամբ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Ջերմուկում կայացած հակակոռուպցիոն քաղաքականության նիստին:
«Ուզում եմ այսօր մի հանգամանք քննարկել, որի հետ կապված՝ նախկինում նաև աշխատանքային ռեժիմներով եմ մի քանի անգամ քննարկել: Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ կան: Ես հիշում եմ, որ մենք ժամանակին խոսել ենք այդ մասին, որ ամեն ինչ իրականացնենք մրցութային կարգով: Ի՞նչն է պատճառը, որ մենք մինչև հիմա այդ ավտոպատահարներից պարտադիր ապահովագրության համակարգը մրցութային կարգով չենք իրականացնում»,- հարցրեց Փաշինյանը:
Հարցին արձագանքեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը. «Այս պահի դրությամբ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում: Մրցութային կարգով անելու հետ կապված կան որոշակի սահմանափակումներ պարզ պատճառով, որ գինը ֆիքսված է: 2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և պետական մարմինները ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին և որակ հարաբերակցությունը»:
Կարդացեք նաև
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի համոզմամբ էլ՝ իրականում ֆիքսված գնի պայմաններում հնարավոր չէ մրցույթ հայտարարել, որովհետև գինը նույնն է: «Մենք որոշեցինք այբբենական կարգով դասակարգել ընկերությունները և ամեն տարի հերթական ընկերության հետ պայմանագիր կնքել»,- նշեց նա:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ